Շարունակվում են ԱՀ 2020թ. պետական բյուջեի քննարկումները
Գլխավոր » Լրահոս » Շարունակվում են ԱՀ 2020թ. պետական բյուջեի քննարկումները

Շարունակվում են ԱՀ 2020թ. պետական բյուջեի քննարկումները

2020թ. ԱՀ պետական բյուջեի քննարկումների շրջանակներում նոյեմբերի 27-ին ԱՀ Ազգային Ժողովում կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արմեն Սարգսյանն ու Արամ Գրիգորյանը:

Ներկայացնելով «2020թ. պետական բյուջեի մասին» օրենքով Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ծախսերը՝ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ այն կկազմի 2մլրդ 240մլն դրամ, 2019թ-ի 2մլրդ 122մլն դրամի փոխարեն: Նախարարի խոսքով՝ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համատեղ կմշակվի և կներդրվի աբոնեմենտային ծրագիր, որի նպատակը հանրակրթական դպրոցների աշակերտների համակարգված հաճախումների և այցելությունների կազմակերպումն է թատերահամերգային միջոցառումներ և թանգարաններ: Նախարարը պատասխանել է հանրապետական գրադարանը ժամանակակից գրականությամբ համալրելու, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի վերակառուցման, գյուղերում համույթների և թատերական խմբերի ակտիվացման, Թարգմանչաց եկեղեցու և Հոռեկավանքի վերանորոգման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է հատկացնել 16մլրդ 34մլն դրամ, որը անցյալ տարվա համեմատ շուրջ 1,5մլրդ-ով ավել է: Փոխնախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների առաջադրած՝ դպրոցներում սննդի տրամադրման փորձնական ծրագրին, ենթասպաների ուսանող երեխաների վարձավճարների փոխհատուցմանը, ուսուցիչների դրույքաչափերին ու աշխատավարձերին, դպրոցական ծրագրերի ծանրաբեռվածությանը և այլ թեմաներին վերաբերող հարցերին:

1