800 հազարով ավելացել է Google-ում «Արցախ» բառի որոնումը
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱՀ Ազգային ժողովում կայացած 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացնելով Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրիրը, տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ 800 հազարով ավելացել է Google-ում «Արցախ» բառի որոնումը:
Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին զբոսաշրջության խթանման եւ առաջխաղացման ուղղությունը ենթարկվել է լուրջ տրանսֆորմացիայի՝ էլեկտրոնային տիրույթում զանազան առաջարկների, հարթակների եւ պրոդուկտների ձեւավորման հետեւանքով:
«Օգտատերերի կյանքում սոցիալական ցանցերի անփոխարինելի դերը եւ զբոսաշրջային ամրագրման մեթոդների տարածումը վերափոխել է միջազգային զբոսաշրջային շուկան՝ մեծապես թուլացնելով զբոսաշրջային միջնորդ ընկերությունների դերը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արցախի զբոսաշրջության զարգացման ծրագրում եւս փոփոխություններ են արվել»,- ասել է Լ.Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2020 թվականին թվային տիրույթում մարքեթինգային աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում, «Յութուբ» հարթակում Արցախի բրենդի առաջխաղացմանը։
Թվային մարքեթինգի կարեւորագույն գործիք համարվող՝ SEO-ի եւ Google Adwords-ի եւ այլ միջոցների առաջխաղացման համար եւս ֆինանսական միջոցներ են հատկացվելու, ինչը եւս խթան է հանդիսանալու Արցախին առնչվող ինֆորմացիայի որոնման մակարդակը բարձրացնելու համար: