Արցախում ցուցադրվել է Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում ցուցադրվել է Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան

Արցախում ցուցադրվել է Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 21-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում ցուցադրվել է Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան կայացել է Մարտունի քաղաքում:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պետական եւ բարձրաստիճան այրեր: Վահե Յանի «Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմը ստեղծվել է ՀՀ զբոսաշրջության վարչության եւ Academy Films, Associated Television International (ԱՄՆ), Blitz Films (Ռուսաստան) ընկերությունների համատեղ աջակցությամբ։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Հայկ Կարապետյանն է:

‹‹Ապառաժ››-ի հետ զրույցում ռեժիսոր Վահե Յանը նշել է, որ Արցախի մասին ֆիլմը նկարահանել է Academy Films ընկերության առաջարկությամբ: Նրա խոսքով՝ Արցախի պատմամշակութային կոթողների, գողտրիկ անկյունների, քարանձավների, բարձրադիր ժայռերի, ամրոցների ու վանքերի մասին պատմող ֆիլմը մի յուրօրինակ աղոթք է առ Աստված: Ըստ նրա՝ աշխարհաստեղծման չորս տարրերը խորհրդանշող հողը, ջուրը, օդը, կրակը ներկայացնում են ֆիլմի ենթագլուխները:

Անդրադառնալով ֆիլմի՝ «Արցախ․ հավերժի սահմանին» խորագրին, ռեժիսորն ասել է, որ մեր կողքին ապրող հավերժության եզրին նստած է Արցախը: ‹‹Ֆիլմում խոսքերն ավելորդ են, քանի որ արցախցիների աչքերն արդեն պատմում են ամեն ինչ›› , — հավելել է նա:

ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի խոսքով՝ Երեւանում ֆիլմը դիտելուց հետո անչափ ոգեւորվել է եւ գտել, որ Արցախում եւս պետք է այն տեսնեն:

‹‹Մարդիկ ապրում են հրաշքի մեջ՝ առանց գիտակցելու, որ այդ հրաշքը աստվածային շնորհ է, եւ ամեն երկիր չի կարող հպարտանալ այն հարստությամբ, որն ունի Արցախը: Սա իսակական Արցախն է: Ես ցանկացել եմ, որ արցախցիները դիտեն այս ֆիլմը եւ վերասիրահարվեն իրենց ծննդավայրին››,- հավելել է նա:

Հասմիկ Հակոբյան

1