Թուրքիան քննադատել է Կիպրոսում թուրքական դրոշի այրումը
Գլխավոր » Լրահոս » Թուրքիան քննադատել է Կիպրոսում թուրքական դրոշի այրումը

Թուրքիան քննադատել է Կիպրոսում թուրքական դրոշի այրումը

Այսպես կոչված՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հիմնադրման 36-րդ տարեդարձի օրը հույներն այրել են ինքնահռաչակ հանրապետության պետական դրոշը: Հիշեցնենք, որ Թուրքիան 1974 թ. բռնազավթել էր Կիպրոսի 38 տոկոսը (Կիպրոսի Հանրապետություն՝ 60 %, բրիտանական ռազմաբազաներ՝ 2 %), իսկ 1983 թ. այն ինքնահռչակվել էր որպես անկախ պետություն, սակայն, բացի Թուրքիայից, չի ճանաչվել ոչ մի այլ պետության կողմից:

Մայրաքաղաք Նիկոսիայի, որը բաժանված է հույների և թուրքերի միջև, Լեդրա պողոտայում հավաքված հույն երիտասարդները հակաթուրքական արտահայտություններ են վանկարկել: Հունական դրոշներով երիտասարդները, որոնց աջակցում էր նաև ԷԼԱՄ-ը («Ազգային ժողովրդական ճակատ») հրապարակավ այրել են ինքնահռչակ պետության դրոշը և պահանջել, առանց արտաքին միջամտությունների և բանակների, ձեռք բերել խաղաղություն:

Հյուսիային Կիպրոսի փոխվարչապետ և ԱԳ նախարար Քուդրեթ Օզերսայը  և էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Հասան Թաչոյը քննադատել են այդ արարքը:

Թուրքիայի ԱԳՆ-ն ևս արձագանքել է թուրքական դրոշի այրման դեպքին: «Քննադատում ենք Հյուսիսային Կիպրոսի 36-ամյակին Կիպրոսի հույների կողմից Հյուսիսային Կիպրոսի դրոշի այրումը և մեր աջակցությունը հայտնում այնտեղի մեր պաշտոնյաների արած հայտարարություններին: Հունական Կիպրոսի պաշտոնյաները ոչ մի հայտարարություն չեն արել այդ կապակցությամբ և հետաքննություն չեն սկսել հանցագործների նկատմամբ, ինչը վկայում է, որ այն պաշտոնապես աջակցություն է ստացել»,- նշված է հայտարարության մեջ:

yerkir.am

1