Կոնկրետ նախարարության համար հանձնաժողովը որևէ բացահայտում չի անելու. Դավիթ Տոնոյան
Գլխավոր » Երիտասարդական » Կոնկրետ նախարարության համար հանձնաժողովը որևէ բացահայտում չի անելու. Դավիթ Տոնոյան

Կոնկրետ նախարարության համար հանձնաժողովը որևէ բացահայտում չի անելու. Դավիթ Տոնոյան

Պատրաստ եմ  գնալ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողով. ըստ Yerkir.am-ի՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող հարցին՝ ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ապրիլյան պատերազմի ընթացքում ես պաշտպանության նախարարի առաջին տեղակալն եմ եղել, և եթե իմ գործունեության մեջ որևէ խնդիր է առաջանալու, որը հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պետք է լինի, ապա ես խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա:

Դավիթ Տոնոյանը նաև հավելեց՝ պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո համապատասխան վերլուծություններ արվել են, ընդ որում՝ նաև գերատեսչության թերացումների վերաբերյալ, իսկ հանձնաժողովի եզրակացությունն օգտակար կլինի ապրիլյան պատերազմն ավելի լավ հասկանալու համար:

Հարցին՝ հանձնաժողովը կարո՞ղ է  անսպասելի բացահայտումներ անել, պաշտպանության նախարարը պատասխանեց. «Չէի ցանկանա այս պահին գնահատականներ տալ: Պաշտպանության նախարարության համակարգում պարզ է, թե ինչն ինչպես է կատարվել: Ես ակնկալում եմ, որ այդպիսի մի հանձնաժողով էլ մյուս կողմում կստեղծվի, և բոլոր այն ասեկոսեներն ու բանսարկությունները, որոնք գոյություն ունեն հասարակության մեջ՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, կփարատվեն: Կոնկրետ նախարարության համար հանձնաժողովը որևէ բացահայտում չի անելու: Հայկական կողմից, իհարկե, թերացումներ եղել են, որոնք վերլուծվել են, և մենք դրանց մասին վաղուց տեղյակ ենք: Ինձ համար էլ ամեն ինչ պարզ է, մնում է հանրության համար պարզ լինի»,- եզրափակել է պաշտպանության նախարարը:

yerkir.am

1