Խտրականությո՞ւն, թե՞ անտեսում
Սեպտեմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո բնակչության շրջանում և սոցիալական ցանցերում սկսել է քննարկվել կառավարման համակարգում կանանց ընդգրկվածության մասին հարցը: Կայացած ընտրությունների արդյունքում համայնքի ղեկավարի համար առաջադրված 16 կին թեկնածուներից ընտրվել են միայն 6-ը՝ հիմնականում քիչ բնակչություն ունեցող գյուղերում, իսկ 222 համայնքների ղեկավարի պաշտոնում ընտրվել են արական սեռի ներկայացուցիչներ: Բացի դրանից, Արցախի մայրաքաղաքում համայնքի ավագանու 42 թեկնածուներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչ էին, և ընտրությունների արդյունքներով նրանցից ոչ մեկը չի ընդգրկվել ավագանու կազմում:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը սեպտեմբերի 11-ին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում կայացած ՏԻՄ ընտրություններին և հատկապես գործադիր իշխանության մեջ կանանց ներգրավվածության հարցին՝ տեղեկացնելով, որ շուտով հանդես է գալու համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:
«Ավարտվեցին ՏԻՄ ընտրությունները։ Նպատակ չունեմ որևէ վերլուծություն կատարելու։ Սակայն մի հարց շատ է հուզում ինձ. ինչո՞ւ Ստեփանակերտի ավագանու կազմում կին չկա: Պատկերը ըստ էության նույնն է ամբողջ հանրապետությունում…
Նույն պահին հասկացա. հարցը պետք չէ ուղղել որևէ մեկին, այլ ինձ, քանզի հարցի լուծումը խնդրի օրենսդրական կարգավորումն է։ Եվ առաջին հերթին մենք՝ կին պատգամավորներս պետք է ձեռնամուխ լինենք գործադիրում կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը։ Դաշնակցության վերջին Ընդհանուր ժողովում կարևորվել էր կանանց դերի բարձրացումը իշխանության բոլոր մարմիններում։ Ուրեմն, սպասեք մեր օրենսդրական նախաձեռնությանը»,- գրել է պատգամավորը:
Հարցի մասին նույն սոցիալական հարթակում գրառում է կատարել նաև ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամ Գագիկ Պետրոսյանը:
«Ժողովրդավարական զարգացման ճանապարհին շատ կարևոր է քաղաքական և ընտրական գործընթացներում կանանց ներգրավումը: Անկեղծ ասած, արդար չեմ համարում, որ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում Ստեփանակերտի ավագանու բոլոր 15 անդամներն արական սեռի ներկայացուցիչներ են: Կարող եք ինձ հետ չհամաձայնվել՝ նշելով, որ ի վերջո ամեն ինչ տեղի է ունեցել ընտրության միջոցով, բայց այդ դեպքում ինչպե՞ս պետք է մեծացնենք կանանց դերակատարությունը»,- գրել է Գագիկ Պետրոսյանը:
«ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կանանց իմաստնությունը անհրաժեշտ է ավագանու կազմում:
Օրենսդիր մարմնում հարցը կարգավորվում է հետևյալ կերպ. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2- 16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:
ԱՀ կառավարության կազմի միակ կին նախարար Նարինե Աղաբալյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է, որ ցանկալի է, որպեսզի կանայք ներգրավված լինեն կառավարման համակարգում, բայց հարցը օրախնդիր չէ, պարզապես պետք է այդ ուղղությամբ աշխատել: «Պետք է կանանց համար տարբեր ծրագրեր իրականացնել, դասընթացներ կազմակերպել: Իսկ արհեստականորեն քվոտա սահմանելը և ներգրավելը՝ չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է: Հատկապես երիտասարդության շրջանում ունենք բավականին ակտիվ աղջիկներ, կանայք, որոնք ժամանակի ընթացքում համալրելու են կառավարման մարմինները: Կանայք պետք է ներգրավված լինեն կառավարման համակարգում, որովհետև կնոջ և տղամարդու միջև կա նաև մտածելակերպի տարբերություն, կառավարումն էլ պահանջում է խնդիրներին տարբեր տեսանկյուններից մոտեցումներ: Կինը նաև հավասարակշռող, զսպող դերակատարություն ունի, իսկ դա շատ կարևոր է ներկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում»,- ասել կրթության, գիտության և սպորտի նախարարը:
Կառավարման համակարգում կանանց ներգրավվածության մասին «Ապառաժ»-ը զրուցել է նաև Ստեփանակերտի ավագանու անդամի թեկնածուներ Սիրանուշ Սարգսյանի, Սարինե Հայրյանի, Սոնա Համբարձումյանի և Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի ավագանու նորընտիր անդամ Ինգա Բալայանի հետ:
Սիրանուշ Սարգսյանի կարծիքով` հասարակության կեսից ավելին կազմող կանայք պետք է ներկայացված լինեն հանրային տարբեր ոլորտներում ու մասնակցեն որոշումների կայացմանը (հասարակական, տնտեսական, քաղաքական և այլն): «Եթե մենք խոսում ենք օրենսդրական կարգով գործադիր իշխանության մեջ պոզիտիվ դիսկրիմինացիա մտցնելու մասին, ապա պետք է շատ զգույշ լինենք։ Կառավարության կազմում կանանց համար քվոտա սահմանելը պետք է համապատասխանեցնել նախ հասարակական ընկալումներին և, իհարկե, Սահմանադրությանը: Մեր կառավարման համակարգն այնպիսին է, որ անգամ խորհրդարանական ընտրություններում հասարակության գրեթե կեսի վստահությունը ստացած քաղաքական ուժը նախարարական պորտֆել չունի կառավարության կազմում, էլ ուր մնաց կին նախարարներին քվոտայով նշանակելու մասին խոսել»,-նշել է Սիրանուշ Սարգսյանը՝ ավելացնելով, որ կանանց ներկայացվածությունը հատկապես ՏԻՄ-ի մեջ բարձրացնում է այդ աշխատանքների արդյունավետությունը: Սիրանուշ Սարգսյանի կարծիքով՝ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ գերիշխում է տղայական, բակային ու թաղային մտածելակեպը, երբ տղամարդիկ տղաների համար իրոք աշխատում են, իսկ այսպես կոչված՝ «sisters support» մշակույթը մեր մեջ բացակայում է: Հենց կանայք են, որ չեն ընտրում կանանց, չեն կարևորում իրենց քաղաքական, հասարակական, տնտեսական մասնակցության դերի բարձրացումը:
Խնդրի լուծման մեխանիզմները Սարինե Հայրյանի համար դեռևս հստակ չեն՝ «Քվոտավորում մտցնելով՝ մենք չենք կարող լիովին համոզված լինել, որ ընտրվելու են արժանի թեկնածուներ, իսկ կարևոր է, որ ընտրվեն ոչ թե կոնկրետ թվով կանայք, այլ արժանիները»: «Ես հասկանում եմ, որ ժողովրդավարության կարևոր սկզբունքներից մեկը կանանց ներգրավվածության բալանսը պահելն է, բայց չեմ կարծում, որ քվոտավորումը կլինի հարցի լուծումը: Այն ֆիկտիվ բալանս կտա, բայց դա մեծ հաշվով ոչինչ չի փոխի, որովհետև ընտրություն կատարող հասարակությունը չունի քաղաքական և քաղաքացիական գիտակցության այն մակարդակը, որ կարողանա ճիշտ ընտրություն կատարել: Ես քվոտավորումը կարող եմ դիտարկել որպես հարցի ժամանակավոր լուծման միջոց, ոչ ավելի»,- ասել է Սարինե Հայրյանը:
Իսկ Ստեփանակերտի ավագանու անդամի մեկ այլ թեկնածուն՝ Սոնյա Համբարձումյանը, գտնում է, որ յուրաքանչյուր քաղաքական մարմնում պետք է ապահովվի երկու սեռերի հարաբերական մասնակցությունը, իսկ կանանց համար որևէ շեմ սահմանելը կարող է լինել անցումային խողովակ: «Դրանով կարելի կլինի հասարակությանը նախապատրաստել, կարևորել և ընդլայնել կին քաղաքական գործիչների մասնակցությունը: Տարիներ շարունակ ձգտել ենք տղամարդականց հետ իրավահավսարության, հիմա էլ չենք կարող ձգտել մեկ քայլ առաջ լինել, որպեսզի մեզ իրավական նորմով աջակցեն, արտոնություն տան: Բայց որպես սկիզբ, որպես հասարակության մեջ կարծիք փոխելու միջոց, գուցե այդ իրավական նորմն օգնի»,- կարծում է Սոնյա Համբարձումյանը՝ հավելելով, որ կանանց ընդգրկվածության տոկոսային շեմ սահմանելը ինչ-որ տեղ սահմանափակում է կանանց թիվը տվյալ մարմնում:
Հադրութի շրջանի Հարթաշեն համայնքի ավագանու նորընտիր անդամ Ինգա Բալայանի կարծիքով՝ մանավանդ գյուղական համայնքներում տեղական ինքնակառարման համակարգում կնոջ դերը չի կարևորվում, որովհետև տղամարդ գյուղապետերի համար ավելի հեշտ է աշխատել իրենց սեռի հասակակից ավագանու անդամների հետ: «Կարևոր է, որպեսզի կանայք էլ ընդգրկված լինեն համայնքի ավագանու կազմում, որովհետև նույն հարցի նկատմամբ կանայք ու տղամարդիկ տարբեր դիրքորոշում ունեն: Իսկ հարցի լավագույն լուծումը կարելի է գտնել տարբեր կարծիքների բախման արդյունքում»,- կարծում է Ինգա Բալայանը:
Այսպիսով, փաստ է, որ Արցախի կառավարման համակարգում կնոջ դերի բարձրացման խնդիր կա, հարցն այն լուծելու արդյունավետ ուղիներն ու միջոցներն են, որոնց փնտրտուքով պատասխանատու մարմիններից զատ պետք է զբաղվի հասարակության յուրաքանչյուր անդամ:
Տաթևիկ Աղաջանյան