Այս կամ այն կողմում դավադիր ուժեր տեսնելով՝ հաջողություններ չենք արձանագրի
Գլխավոր » Լրահոս » Այս կամ այն կողմում դավադիր ուժեր տեսնելով՝ հաջողություններ չենք արձանագրի

Այս կամ այն կողմում դավադիր ուժեր տեսնելով՝ հաջողություններ չենք արձանագրի

«Թե անցյալում, թե ներկայում լուրջ, էական փոփոխություններ չկան նախաձեռնողական, «ագրեսիվ», համադրված քաղաքականության մասով». «Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

– Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություն արեց` ասելով, որ իրեն չի բավարարում այն ժառանգությունը, որն ինքը ստացել է Արցախի հարցի կարգավորման փաթեթի տեսքով: Ավելին, վարչապետն ասաց, որ մտահոգված է այդ ժառանգությունից, քանի որ խեղաթյուրված դրվագներ կան: Դուք այդ իրադարձությունների սկզբից քաղաքական դաշտում եք, հավանաբար որոշ տեղեկությունների տիրապետում եք, կա՞ն այդ փաթեթում դրվագներ, որոնք խեղաթյուրված են եւ կարող են մտահոգել ՀՀ վարչապետին, ով, ըստ էության, հարցի բանակցողն է:

– Ժառանգություն ասվածը, հավանաբար, ինչպես իրավական, նաեւ քաղաքական կատեգորիա է, հետեւաբար, այդ առումով նաեւ չեմ կարող ամբողջական մեկնաբանել վարչապետ Փաշինյանի արտահայտած կարծիքը եւ միանշանակ գնահատական տալ, թե ի՞նչ ժառանգության մասին է խոսում: Եթե մենք անդրադառնանք ժառանգություններին, ապա պետք է ասենք, որ 1990-ականներին եւս մեր ծնողներից վատ ժառանգություն ենք ստացել: Ամեն վատ ժառանգություն շտկելու հնարավորություն կա: Այդ պարագային մեղադրանքներով կամ փակագծերով ամեն ինչ ներկայացնելու իմաստը միշտ չէ, որ արդարացված է: Ես չեմ կասկածում, որ մենք տասնամյակների ընթացքում, հատկապես 1994 թվականից ի վեր, աստիճանաբար, մեր դիվանագիտական առաքելության մեջ որոշակի կորուստներ ենք ունեցել, ինչի մասին տարբեր առիթներով ներկայացրել ենք մեր տեսակետները, մտահոգությունները, բարձրաձայնել ենք դրանք, փորձել ենք տալ նաեւ առաջարկներ: Բայց ամբողջական պատկերացում կազմել, թե ի՞նչ ծալքերի մասին է խոսում վարչապետը եւ ի՞նչը նկատի ունի՝ կդժվարանամ ասել: Մենք ավելի շատ պետք է խոսենք առաջարկների եւ ապագայի տեսլականների մասին, չփորձենք քրքրել եւ փորփրել այդ բացթողումները, որոնց ժամանակ բոլորս էլ ունեինք հնարավորություններ՝ այս կամ այն առումով, ազդելու, ներազդելու: Որքանո՞վ ենք մենք կարողացել, որքանո՞վ է մեզ հաջողվել այդ ամենը. մի բան կարող եմ ասել, որ բացի 2016 թվականի ապրիլյան գործողությունների հետեւանքով ունեցած որոշ տարածքային կորուստներից, համենայնդեպս, մենք կարողացել ենք ամբողջապես՝ համադրված-չհամադրված, դերաբաշխմամբ, թե ինքնահոսով, մեր առաքելության մեջ որոշակի դերակատարություն ունենալ՝ թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ ժողովրդի անվտանգության ապահովման, թե տնտեսական առաջընթացի եւ ընդհանուր կայունության առումներով: Մենք, իհարկե, ակնկալում ենք ավելի բացարձակ արդյունքներ, բայց աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանում մեր դիրքն ու տեղը, նաեւ մեր հնարավորությունները մեզ այդ բացարձակ արդյունքներն ունենալու քիչ տեղ են թողնում:

– Նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ դավադրություններ տեսան Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության մեջ: Կա՞ այս ամենում դավադրություն, Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում արցախյան հարցի կարգավորման զարգացումներում «մութ» գործարքներ հայտնի՞ են ձեզ:

– Ձեր հարցադրման համատեքստում ես հիշեցի պարոն Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ Արցախում դավադիր ուժեր կան եւ դավադրություններ են պատրաստում… Այսինքն՝ ո՞ր կողմն է դավադիր: Ես կարծում եմ՝ մենք դավադիր կողմ չունենք, եւ դավադրություններ փորձել փնտրել այս կամ այն կողմում՝ ճիշտ չէ: Մեզ պետք են համադրված քայլեր: Մեր արտաքին քաղաքականության մեջ մեզ անհրաժեշտ է օգտագործել այն հնարավորությունները, որոնք մեզ ընձեռված են, որպես երկու հայկական անկախ պետություններ՝ մեկն, իհարկե, իր չճանաչված լինելու հանգամանքով, մյուսն՝ իր հնարավորություններով: Թերեւս, պարոն Փաշինյանի վարած քաղաքականության մեջ, իր հայտարարությունների մեջ, այո, ես տեսնում եմ մտահոգություններ: Բայց խոսել դավադրությունների եւ դավադրությունների տեսության մասին մի քիչ ճիշտ չէ, մանավանդ, երբ խոսում ենք Արցախի հարցի մասին: Այդ առումով, մենք պետք է լինենք մի քիչ կոռեկտ, մի քիչ զուսպ, նաեւ՝ պատասխանատու, եւ փորձենք մեր արտահայտած տեսակետներում, մեր հայտարարություններում տեսնել դրա հետեւանքները: Այդ համատեքստում, եթե ունենք մտահոգություններ, պետք է դրանց մասին բարձրաձայնենք, առաջարկներ ներկայացնենք: Այս կամ այն կողմում դավադիր ուժեր տեսնելով՝ մենք հաջողություններ չենք կարող արձանագրել, կորուստները կլինեն մեր ուղեկիցը:

– Օգոստոսի 5-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը` «Արցախը Հայաստանն է եւ վերջ», Ադրբեջանում կոշտ հակազդեցություն ստացավ, համանախագահները դեռ չեն արտահայտվել այդ առիթով: Եթե նման հայտարարություն է անում ՀՀ վարչապետը` այս պահին դեռ հարցի հիմնական բանակցողը, ի՞նչ ազդեցություն կթողնի դա հարցի կարգավորման հետագա ընթացքի վրա, մանավանդ, առաջիկայում ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսված:

– Առաջիկայում որեւէ առաջընթաց ակնկալել ԱԳ նախարարների, համանախագահների հետ հանդիպումներից՝ իրատեսական չէ: Ընդհանրապես, որեւէ քայլեր առաջընթացի առումով, համենայնդեպս ինձ համար տեսանելի չեն: Իրանի իսլամական հանրապետություն կատարած այցի ժամանակ՝ Թեհրանում նույնպես պարոն Փաշինյանը հայտարարություն արեց Արցախը՝ Հայաստանի մաս լինելու վերաբերյալ: Ոչ քննարկման նյութ է, ոչ էլ որեւէ հետադարձ ունի Արցախի՝ Հայաստանի մաս լինելու պարագան, սակայն, կարծում եմ, մենք պետք է հաշվի առնենք բոլոր հետեւանքները եւ նրբությունները, որ կարող ենք ունենալ մեր արտաքին քաղաքականությունում եւ բանակցային գործընթացում: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պարոն Փաշինյանի արած այս հայտարարության հետեւանքները միանշանակ չեն եղել՝ որպես առաջին դեմքի արտահայտած մտքեր: Կարծում եմ, այդ նրբությունները մենք պարտավոր էինք եւ պարտավոր ենք հաշվի առնել: Այնուհանդերձ, հայտարարությունն արված է, եւ այս հայտարարությունը որեւէ մեկի համար կարծեմ նորություն չէ: Գուցե դա անակնկալ կամ անսպասելի էր Ադրբեջանի համար կամ Ադրբեջանին սատարող ուժերի, բայց հայ հանրության, Արցախի հիմնահարցում շահագրգիռ կողմերի, հարցին քաջատեղյակ ուժերի համար սա ակնհայտ էր, պարզ էր եւ որեւէ մեկնաբանության կարիք չունի:

– Տեսեք, մյուս կողմից էլ, մենք անընդհատ հաշվի ենք առել շատ նրբություններ, հաշվարկներ ենք արել, բայց արդյունքում, ինքներդ էլ փաստեցիք, որ դիվանագիտական կորուստներ ենք ունեցել: Գուցե իսկապես արժե՞ կոշտացնել դիրքորոշումները:

– Դիրքորոշումները, նաեւ գործողությունները կոշտացնելու մասին այլ կարծիք չեմ կարող ունենալ: Տարբեր առիթներով լինելով արտրերկրում, Սփյուռքի հայկական գաղթօջախներում, հարաբերություններ ունենալով նաեւ ՀՀ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ տարբեր աշխարհամասերում, ցավով պետք է ասեմ, որ թե՛ անցյալում, թե՛ ներկայում լուրջ, էական փոփոխություններ չկան նախաձեռնողական, «ագրեսիվ», համադրված քաղաքականության մասով: Դա տեսանելի չէ: Մենք քանիցս իբրեւ Արցախի պատվիրակություն, պետական կամ այլ հանգամանքներում, միջազգային ցուցահանդեսներում եւ այլն, տեսնում ենք, թե ինչպիսի համադրված աշխատանք է կատարում Ադրբեջանի ԱԳՆ-ն: Մենք ոչ միայն պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումները, այլ պետք է ունենանք մեր գործողությունների պլանը, որը համադրված կլինի: Երբ ԵԽԽՎ-ում ներկայացված էին Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հայտնի երկու բանաձեւերը, ես շատ լավ հիշում եմ, որ Ռոբերտ Ուոլթերի նախաձեռնության տապալումը հաջողվեց մեր դիվանագիտական կառույցների եւ լոբբինգային կառույցների կողմից միասնական աշխատանքի արդյունքում: Մարկովիչի զեկույցն էլ կարող էր թերեւս այդ ճակատագիրն ունենալ, բայց, ցավոք, մենք շատ ուշ սկսեցինք աշխատել եւ մեր ուժերը համադրել: Այնպես, որ այստեղ մեղադրանքների լեզվով չէ, որ ցանկանում եմ խոսել, բայց մշտապես պետք է կարողանանք կարեւորը երկրորդականից տարբերակել եւ կարողանալ ավելի առաջնային տեղում տեսնել ազգային ու պետական շահերը, առաջնորդվել դրանցով: Մնացած բոլորը երկրորդական ու ածանցյալ են:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ 05.09.2019

1