ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ԱՀ նախագահի համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցություններ է սկսելու
Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 29-ին՝ ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ընդլայնված նիստ, որի արդյունքում հրապարակվել է հետեւյալ հայտարարությունը.
Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի
հայտարարությունը
ՀՅ Դաշնակցությունը` նկատի ունենալով արտաքին և ներքին մարտահրավերները, համոզված է, որ Արցախի առաջընթացի երաշխիքը՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում ազգային օրակարգով առաջնորդվող իշխանության ձեւավորումն է:
Ի կատարումն ՀՅ Դաշնակցության Արցախի Շրջանային ժողովի որոշման՝ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 10-ից խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հետ նախաձեռնելու է բանակցություններ՝ ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ, որի արդյունքները կհրապարակվեն:
Բանակցությունների նպատակն է՝
— Ուսումնասիրել ազգային միասնական օրակարգ ձեւավորելու միջոցով նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու հնարավորությունը,
— Համաձայնեցնել և ամբողջացնել ազգային միասնական օրակարգի հիմնադրույթներն ու առաջնահերթությունները, երկրի զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունները,
— Հստակեցնել նախագահի համաձայնեցված թեկնածուով քաղաքական համախոհության ձևավորման սկզբունքներն ու դաշտը,
— Բանակցությունների արդյունքներն ամրագրել համապատասխան հուշագրով:
Բանակցություններում ՀՅ Դաշնակցության կողմից առաջարկվող օրակարգն ընդգրկում է հետեւյալ առաջնահերթությունները.
— Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել Արցախի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը,
— Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը,
— Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
— Կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը,
— Զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
— Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը,
— «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանական համակարգի կատարելագործումը:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
30.08.2019 թ.