Կայացել է օդային երրորդ փառատոնը
Գլխավոր » Երիտասարդական » Կայացել է օդային երրորդ փառատոնը

Կայացել է օդային երրորդ փառատոնը

Այսօր՝ օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում տեղի է ունեցել օդային երրորդ փառատոնը: Փառատոնը կազմակերպվել է ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունների, «Յելլ Էքստրիմ Պարկ» («Yell Extreme Park») ընկերության եւ «Սքայբոլ»-ի («Skyball») համատեղ ջանքերով:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, մասնակիցներ Արցախից, Հայաստանից եւ արտերկրներից:

Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով եւ օդապարիկով:

«Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթեւ ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի եւ առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:

 

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն իր հերթին է ասել, որ օդային փառատոնը դրական արձագանք է ստացել հանրության եւ զբոսաշրջիկների  կողմից:

Իսկ օդային փառատոնի մշակութային մասն ապահովել են «Արրատա բենդ» եւ «Շուշվա  բենդ» խմբերը:

Լուսինե Թեւոսյան

 

 

 

 

 

 

1