Համահայկական խաղերը՝ մասնակիցների աչքերով
Գլխավոր » Երիտասարդական » Համահայկական խաղերը՝ մասնակիցների աչքերով

Համահայկական խաղերը՝ մասնակիցների աչքերով

«Ապառաժ»-ը զրուցել է Համահայկական 7-րդ խաղերի մասնակիցների հետ՝ Արցախում իրենց տպավորությունների եւ խաղերին մասնակցության մասին:

 

Իսրայել Միլիտոսյան, ՀՀ

Հայ ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն,  օլիմպիական չեմպիոն:

«Համահայկական խաղերի ջահը վառելու եւ դրոշն ուղեկցելու պատիվն ինձ տրվել է բոլոր ժամանակներում: Այս անգամ Արցախում ուղեկցել եմ խաղերի դրոշը: Հաճելի է, երբ ամբողջ աշխարհի հայությունը միավորվել եւ աշխարհին ներկայանում է իր հզոր մարզիկներով: Մեր մարզիկներն ավելի զգացմունքային են դարձել եւ խաղերին պատրաստվել են ամենայն լրջությամբ:

Համայն հայության ընկերության, համերաշխության եւ եռամիասնության գավաթը նվաճելու արդար մրցապայքար է սպասվում: Հուսով եմ, որ մի օր կիրականանա աշխարհասփյուռ հայության դարավոր երազանքը՝  միասնական ապրել  հայոց աշխարհում:

 

Մավրիկ Նասիբյան, Արցախ

Սամբոյի աշխարհի չեմպիոն

Ես մասնակցել եմ Համահայկական 6-րդ խաղերին եւ եղել եմ ջահակիրներից մեկը: Ինձ համար երկակի պատիվ է Համահայկական 7-րդ խաղերի դրոշն ուղեկցել հարազատ Արցախում:

Սպորտում  մեծ բարձրունքների հասնելու ճանապարհը պետք է անցնել մեկ նպատակի գիտակցական ձգտումով եւ հետո քրտնաջան աշխատանքի շնորհիվ հատել հաղթանակը նվաճելու բոլոր աստիճանները:

 

 

 

Վադիմ Հայրիյան, Ստեփանակերտ

Արցախի ֆուտբոլի հավաքականի մարզիկ, Համահայկական 6-րդ խաղերի չեմպիոն, Հայաստանի 1-ին լիգայի փոխչեմպիոն

Համահայկական 7-րդ խաղերը յուրահատուկ են նրանով, որ կարևոր իրադարձության մեկնարկը տրվել է հենց Արցախում:

Այս խաղերն ինձ տվել են երկրպագուների մեծ բանակ, քառապատկել  ֆուտբոլի հանդեպ սերս:

Ինձ համար սպորտում հաջողության հասնելու կարեւոր նախապայմանը ֆուտբոլի հանդեպ սերն  ու հարազատներիս հավատն ու վստահությունն է։

Երախտապարտ եմ ծնողներիս, մարզչական անձնակազմին եւ բոլոր նրանց, ովքեր միշտ ինձ ոգեւորում են։

 

Սարգիս Մարտիրոսեան, Քուվեյթ,

Բասկետբոլի մարզիկ

Մեզ համար մեծ հպարտություն է Քուվեյթը ներկայացնել մեր հայրենիքում՝ Արցախում:  Անչափ տպավորվել եմ ՀՅԴ դրոշը տեսնելով Արցախի գրասենյակում:

 

 

 

Թալին Աքտեդյան

Վիեննայի «Արարատ» վարչության անդամ

Վիենան Համահայկական 7-րդ խաղերին ներկայացնելու է բասկետբոլի, վոլեյբոլի, բադմինտոնի, սեղանի թենիսի մարզաձեւերում 50 մարզիկների:

Արցախում բացման հանդիսավոր արարողությունը փայլել է յուրատիպ շքեղությամբ, որը երբեւէ չէր եղել Համահայկական խաղերի պատմության մեջ:

Մենք՝ հայերս, ունենք մեկ ընդհանուր գիծ՝ մենք ուժեղ ենք, որովհետեւ գիտենք կորստյան գինը: Այս խաղերը հնարավորություն են ստեղծել միավորվելու եւ մեկ բռունցք դարձած աշխարհին ճանաչելի դառնալու:

Իրիս Չափքան (Հաթեմյան)

Բասկետբոլի մարզիկ, Փարիզ

Իմ  ընտանիքը Կ. Պոլսից գաղթել է Փարիզ:

Արդեն 3-րդ անգամն է, ինչ  Արցախում եմ: Տարբեր առիթներով այցելելով Արցախ՝  տարբեր զգացումներ եմ ունեցել: Արցախը մեզ համար Հայաստան է: Այստեղ բոլորը մեզ դիմավորում են ուրախ ու ջերմ:

Անի Եգանյան

Բասկետբոլի մարզիկ, Փարիզ

Մեծ ուրախություն է լինել Արցախում եւ մեր հայրենակիցների հետ միասին քննարկել նոր թեմաներ եւ կիսվում մտքերով, որը կարող ենք շարունակել սպորտից հետո: Հեռավորությունն ու մտածելակերպը շատ հաճախ  մեզ բաժանում է , բայց սպորտը միավորում է մեզ: Մեծ հաճույք է գտնել մեր հայրենակիցներին եւ չկորցնել նրանց:

 

Մարտին Մարտիրոսյան, Էջմիածին

Մարզիչ

Մենք մասնակցել ենք Համահայկական 4-րդ եւ 6-րդ խաղերին:

Շատ կարեւոր մրցաշար է Համահայակական 7-րդ խաղերը՝  ողջ հայությանը համախմբելու նպատակով: Ուժային եռամարտում մեր 2 մարզիկնեը՝ Սերոբ Ժամկոչյանն եւ Ֆրղոյան Ռուբենը,  հանրապետության երիտասարդների առաջնությունում առաջնակարգ տեղեր զբաղեցրած մարզիկներ են, եւ այս խաղերին  բարձր արդյունքներ ենք ակնկալում::

 Բոլորիս մաղթում եմ անփորձանք մասնակցություն: Արդար պայքարում թող հաղթեն նրանք, ովքեր ուժեղ են:

 

Շանթ Լնդյան, Քեսաբ

Պատվիրակության  ղեկավար

Մեր պատվիրակության 17 մարզիկները մասնակցելու են ֆուտզալի, շախմատի, սեղանի թենիսի, լողի և հրաձգությանն մարզաձևերում: Մեզ համար առաջնայինը ոչ թե մեդալներ նվաճելն, այլ հայրենիքը տեսնելն է:

Այս տարի Համահայկական խաղերն առանձնահատուկ են նրանով, որովհետև բացումը կատարվել է Արցախում:

Մեր խմբի երիտասարդներից շատերը մինչ այս Արցախում չեն եղել: Սա մեծ քարոզչական նշանակություն ուներ: Մեր թիմում ընդգրկել ենք հիմնականում նրանց, ովքեր առաջին անգամ են Հայաստան և Արցախ այցելելու: Ես արդեն երրորդ անգամն եմ Արցախում, բայց առաջին անգամ այստեղ այցելածների համար ուրախություն էր Արցախը: տեսնելը՝ չնայած ճանապարհի երկար տևողությանը և հոգնածությանը: Կարծում եմ, որ ամեն հայ պետք է անպայման այցելի Ղարաբաղ, որպեսզի ավելի լավ իմանա: Իսկ Քեսաբի և Արցախի մեջ որոշ նմանություններ եմ նկատել, հատկապես օդը, բնությունը շատ նման են: Քեսաբը տարածքով ու բնակչությամբ փոքր է, ներկայումս 1800 հոգի է ապրում այնտեղ: Մինչ արտագաղթը 12.000 հայ էր ապրում Քեսաբում:

Նյութը պատրաստել են Հասմիկ Հակոբյանն ու Տաթեւիկ Աղաջանյանը

1