Ավարտվել է «Համազգայինի ուսանողական հավաք-2019» ծրագիրը
Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ արդեն 25-րդ անգամ կայացել է հերթական ուսանողական հավաքը: Աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած երիտասարդների մասնակցությամբ հավաքի պաշտոնական բացումը կայացել է հուլիսի 15-ին: Երկշաբաթյա ծրագրի ընթացքում շուրջ 35 երիտասարդներ, որոնց մի մասն առաջին անգամ է հայրենիքում, հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի և Արցախի ներքին կյանքին, այցելել պատմամշակութային, կրթական կոթողներ, թանգարաններ, կապեր հաստատել այլ շրջանների հայ երիտասարդների հետ:
Ծրագրի վերջին 3 օրը ֆորումի մասնակիցները գտնվում էին Արցախում: Երիտասարդները նախ այցելեցին «Ղարաբաղ կարպետ» ընկերություն, ծանոթացան արցախյան գորգերի պատմությանը, հնարավորություն ունեցան գորգագործ կանանց հետ շփվելու եւ նրանց հետ գորգ գործելու:
ԱՀ Ազգային Ժողովում կայացած ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ հանդիպմանը Համազգայինի ֆորումի մասնակիցները ծանոթացան Արցախյան շարժման պատմությանը և հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Հագեցած ծրագրի ընթացքում «Համազգայինի ուսանողական հավաք-2019»-ի մասնակիցները հասցրեցին այցելել զորամաս, լինել Արցախի տեսարժան վայրերում: Զորամասում զինվորները գեղարվեստական ծրագիր ներկայացրին, որն ընդգրկում էր ազգային, հայրենասիրական և ժողովրդական երգեր: Ֆորումականները ևս մաս կազմեցին համերգին` երգելով ու պարելով զինվորների հետ:
Համազգայինի հավաքի պատասխանատուները նշեցին, որ, ականատես լինելով երիտասարդների ոգևորությանն ու հայրենիքի մասին ավելի իմանալու ու տեսնելու ձգտմանը, ևս մեկ անգամ համոզվում են, որ ծրագրի հիմնական առաքելությունն ի կատար է ածվել: