Արցախում ընթանում է համաարցախյան երրորդ բանակումը
Գլխավոր » Գաղափարական » Արցախում ընթանում է համաարցախյան երրորդ բանակումը

Արցախում ընթանում է համաարցախյան երրորդ բանակումը

ՀՅԴ Արցախի Պատանեկան վարչության նախաձեռնությամբ հուլիսի 25-ին Արցախի Շուշի քաղաքում մեկնարկել է ՀՅԴ համաարցախյան երրորդ բանակումը: Այն նվիրված է ՀՅԴ Արցախի կառույցի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին:

Բանակումը նախատեսված է ՀՅԴ Արցախի պատանեկան միության շարքերում ընդգրկված պատանիների և ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների համար:

Բանակումին մասնակցում են ավելի քան 80 պատանի` Արցախի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից: Օրակարգում ընդգրված են շարային պատրաստություններ, ծանոթացում զենքի օգտագործման կանոններին, բացօթյա աշխատանքներ, երգի ու պարի ուսուցում, արշավներ, սպորտային ու ինտելեկտուալ խաղեր:

Բանակումի ընդհանուր պատասխանատուն է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Հարմիկ Հովսեփյանը, բանակումին հրավիրված է նաև ազատամարտիկ Անդրանիկ Ապոյանը:

Բանակումի մասնակիցների համար դասախոսություններով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

Բանակումը տևելու է մինչև հուլիսի 28-ը:

 

1