ԱՐՑԱԽՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ հուլիսի 2-4-ը Բեյրութում տեղի է ունեցել Հայ մամուլի համահայկական համագումարը, որին մասնակցել են նաեւ արցախյան մամուլի պատասխանատուները՝ քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը, ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը։
Համագումարին բացման խոսքով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Նա նշել է, որ 2019 թվականը հռչակվել է որպես Հայ մամուլի տարի։ Արամ Առաջինն իր խոսքում անդրադարձել է առկա համահայկական քարոզչական դաշտի խնդիրներին, հայկական մամուլի ներքին և արտաքին մարտահրավերներին, էլեկտրոնային լրատվության դրական եւ բացասական ազդեցություններին:
ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընթերցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը՝ ուղղված համագումարի մասնակիցներին:
Համաժողովի երկրորդ նիստին «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը հանդես է եկել «Արցախյան մամուլը. մարտահրավերներ և խնդիրներ» թեմայով զեկույցով:
Նա անդրադարձել է արցախյան մամուլի խնդիրներին եւ համահայկական մեդիադաշտում դրանց առանձնահատկություններին:
«Ապառաժ»-ի հետ ունեցած զրույցում Վահրամ Պողոսյանը նշել է, որ համագումարին ներկայացրած արցախյան մամուլի խնդիրների մեջ առանձնացրել է այլընտրանքային հնարավորությունների բացակայությունը:
Նա կարևորել է տեղեկատվական դաշտում տեխնոլոգիական առաջընթացին համահունչ քայլելն ու մասնագետների պարբերաբար վերապատրաստումը, համահայկական մարտահրավերների միասնական օրակարգի ձևավորումն ու լուծման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործումը:
Արցախի լրագրողների վերապատրաստմանը խոչընդոտող ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտությունը Վահրամ Պողոսյանը համարել է լուրջ խնդիր, որի պատճառով, ըստ նրա, արցախյան մամուլն այսօր մեկուսացվել է:
«Մեր գլխավոր խնդիրը էլեկտրոնային տարբերակների տեսքով հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանցելն է ոչ միայն արցախյան, այլեւ համահայկական լսարանին, որովհետեւ համահայկական օրակարգը ձեւավորվում է առաջին հերթին մամուլի միջոցով, եւ պետք է հասանելի լինի հանրությանը:
Վահրամ Պողոսյանն ինտրիգային վերնագրերի, ֆեյք-նորությունների դեմ պայքարը համաշխարհային խնդիր է համարել:
«Խորքային հարցերի արդյունքների մասին պետք է խոսել հետո: Այնուհանդերձ, հույս եմ հայտնում, որ մենք ինչ-որ հաջողություններ կունենանք, որովհետեւ պայմանավորվածություն է ստեղծվել հանձնախումբ կազմելու եւ հետագայում շարունակելու ներկայացրած խնդիրներին պարբերաբար անդրադառնալու եւ լուծման ճանապարհներ փնտրելու հարցերը»,-եզրափակել է նա:
Քաղաքական վերլուծաբան Միքայել Հաջյանը վարել է համաժողովի «Մամուլը եւ նորարար արհեստագիտության մարտահրավերները» օրակարգային թեմայով երրորդ նիստը: Նրա գնահատմամբ՝ համաժողովը հայկական լրատվամիջոցների պատասխանատուների, մամուլի գործիչների համար միմյանց հետ առերես շփվելու ու մտքեր փոխանակելու արդյունավետ ու պահանջված հարթակ է։
«Անկախ նրանից, որ հայ լրատվական դաշտը ներկայացնում է քաղաքական տարբեր բևեռներ, համահայկական խնդիրներում այն գործում է միասնական սկզբունքներով»,- նշել է նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ համայն հայության ազգային պահանջատիրության՝ Հայ Դատի, Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթացներին հակակշիռ հետզհետե առավել լայնորեն ծավալվող ապատեղեկատվության դեմ պայքարում հայ լրատվական դաշտի անելիքները, փաստորեն, շատ ավելին են, քան կատարված է ու կատարվում է առայսօր։
Կարեւորելով հայկական լրատվամիջոցների համագործակցության ապահովման անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ այդ խնդիրն առավել արդյունավետ կարելի է կյանքի կոչել գործընթացի նկատմամբ համակարգային մոտեցման պարագայում։ Հակառակ պարագան, Միքայել Հաջյանի համոզմամբ, բացասաբար է անդրադառնում արտաքին տեղեկատվության ու քարոզչության ասպարեզում հայ մամուլի գործունեության վրա, որոշակի նվազեցնում նրա արդյունավետությունը։
«Արդյունքում,- նշել է նա,- փաստորեն խախտվում է տարվող աշխատանքների նպատակասլացության եւ հետեւողականության սկզբունքը, անտեսվում ռազմավարական ու մարտավարական բնույթի թեմատիկ խնդիրների փոխհամաձայնեցված հատկանշման եւ դրանց դերաբաշխված ու ներդաշնակ լուսաբանման անհրաժեշտությունը»:
Միքայել Հաջյանի տեսակետով՝ արտաքին քաղաքական ու տեղեկատվական մարտահրավերներին արժանվույնս դիմակայելու համար անհրաժեշտ ու նպատակահարմար է ստեղծել այդ ասպարեզում տարվող աշխատանքները համակարգող համահայկական մարմին։
Համագումարի 5-րդ նիստը նախագահել է «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը: Նա հանդես է եկել «Տեղեկատվական անվտանգությունը եւ լրատվության հավաստիությունը» թեմայով զեկույցով: Արա Պուլուզյանի խոսքով՝ այսօրվա մեդիադաշտում լրատվամիջոցը գործում է որպես զենք եւ կարող է օգտագործվել թե բարու, թե չարի կողմից:
«Մենք պարտավոր ենք այդ զենքն օգտագործել մեր թշնամիների ուղղությամբ: Միաժամանակ, ներքին լրատվական դաշտում չպետք է հատենք կարմիր գծերը՝ միմյանց նկատմամբ ցուցաբերելով հարգանք» , — հավելել է նա:
Նույն նիստին «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը հանդես է եկել «Սեփական ստորագրության հավաստիությունը» զեկույցով: Խմբագիրն անդրադարձել է տպագիր մամուլի խնդիրներին: Ըստ նրա՝ այն կարծես դուրս է մղվել տարածքից, եւ միշտ չէ, որ կարողանում է ապահովել տեղեկատվության օպերատիվություն: Հայկական մեդիադաշտում տպագիր մամուլի այս խնդիրը նա որակել է որպես բավականին մտահոգիչ:
Իր զեկույցում Նորեկ Գասպարյանն անդրադարձել է ստորագրության արժանապատվությանն ու հավաստիությանը: Նրա խոսքով՝ նոր սերունդը, թվում է, այնքան էլ չի հարգում իր ստորագրությունը եւ հեռացել է ազնիվ, արդար, պետականամետ լրագրությունից:
Սերնդափոխության մասին խոսելիս՝ նա ընդգծել է. «Ես հավատում եմ նոր սերնդին, բայց վախենում եմ երբեմն չհասկանալ նրանց։ Լրագրողը սխալվելու իրավունք չունի, քանզի սխալվելը հավասարազոր է ականապատված դաշտով անցնելուն»: Ն. Գասպարյանն ափսոսանք է հայտնել, որ համաժողովի օրակարգում չի ընդգրկվել Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Ըստ նրա՝ համաժողովից առանձնահատուկ ակնկալիքներ ունենալը ամենեւին էլ ճիշտ չէ, որովհետեւ այն ավելի շատ միմյանց հանդիպելու, նոր ծանոթություններ հաստատելու, համագործակցության ծրագրեր մշակելու, ապագան որոշակիորեն ուրվագծելու լավագույն առիթ կարելի է համարել:
Նորեկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել համագումարի կազմակերպիչներին՝ հանձին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, ում ներկայությունն ու փառահեղ եւ հայեցի խոսքը վայելելը նա երանություն է համարում։
Նյութը պատրաստել է Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԸ