Էրդողանի միանձնյա ռեժիմը տապալվեց. Փայլանը անդրադարձել է ընտրության արդյունքներին
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Ստամբուլ քաղաքի քաղաքապետի ընտրության արդյունքներին։
«ԺԴԿ ընտրողները անցյալ ընտրություններից ավելի վճռականորեն գնաց ընտրություններին։ Այս պահին միանձնյա ռեժիմը տապալվեց, այս ընտրությունների ամենակարևոր արդյունքը դա է։ Բազմակարծություն ունեցող ժողովրդավարության համար այժմ միասին պետք է մեր թևքերը ծալենք և վաղը, առանց նայելու թե ով է պարտվել կամ ով է հաղթել, հանուն ժողովրդավարության միասին պետք է շարունակենք մեր պայքարը։ ԺԴԿ ընտրողները շատ են սպեկուլացիայի ենթարկվել։ Արդեն պետք է մի կողմ դնենք թե ով է ԺԴԿ-ից, ՀԺԿ-ից, ԱԶԿ-ից «Լավ» կուսակցությունից։ Թուրքիայում միանձնյա ռեժիմտ փլուզվել է։ Այդ փլատակների վրա դարձյալ վերանորոգենք ժողովրդավարությունը։ Առանց քուրդ, թուրք, հայ ասելու, բոլոր թուրքաբնակների համար միասին վաղվանից ի վեր, պետք է աշխատենք որպես քաղաքական գործիչներ». — Փայլանի խոսքերն է մեջբերում bianet.org կայքը։
Նշենք, որ ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Քրդամետ կուսակցությունը ամբողջ նախընտրական շրջանում իր աջակցությունն էր հայտնել քեմալական ՀԺԿ-ին, ուստի այս հաղթանակը կարելի համարել նաև քրդերի հաղթանակը։
Թուրքիայում քաղաքական հենասյուն համարվող Ստամբուլում 1994 թվականից ի վեր (ի դեպ այդ ժամանակ քաղաքապետ էր ընտրվել երիտասարդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) քաղաքապետ էին ընտրվում իսլամիստական կուսակցության թեկնածուները և այս պարտությունը մեծ հարված էր երկրի նախագահ Էրդողանի համար, ով ժամանակին Ստամբուլի վերաբերյալ ասել էր՝ «Եթե տիրես Ստամբուլին, կտիրես Թուրքիային, տիրես Ստամբուլին, կտիրես աշխարհին»։