Բաքուն երկընտրանքի առջեւ՝ Ադրբեջա՞ն, թե՞ Կովկասյան Ալբանիա
«Մենք պիտի դա անենք: Մենք պիտի ճանապարհ բացենք մեր հետագա սերունդների համար»։
Հ. Ալիեւ, «Բակինսկի ռաբոչի», 18 փետրվարի, 1999 թ.
Հետեւելով ադրբեջանական լրահոսին, ինչպես նաեւ այդ հանրապետության գիտական ու քաղաքական գործիչների հայտարարություններին, երբեմն ակամա այն տպավորությունն ես ստանում, թե Ապշերոնի թերակղզում այդպես էլ հստակ չեն կողմնորոշվել՝ ի վերջո, ի՞նչ երկիր է, որտեղ ապրում են՝ Ադրբեջա՞ն, թե՞ Կովկասյան Ալբանիա։ Բաքվեցի վայ-գիտնականները ճամարտակում են, քաղաքական գործիչները՝ թութակի պես կրկնում, թե հնադարում այս տարածքը զբաղեցնում էր Կովկասյան Ալբանիայի թագավորությունը, որ պատմական բնօրրանում հիմնել են իրենց նախնիք՝ աղվանները, եւ որ այս թագավորությունը փռված էր ողջ Հարավային Կովկասով մեկ՝ Խազար (Կասպից) ծովից մինչեւ Սեւ ծով, ներամփոփելով ինչպես այժմյան Ադրբեջանի, նույնպես եւ Հայաստանի, Արցախի, Վրաստանի հանրապետությունների, նաեւ Ռուսաստանի ենթակայության ներքո գտնվող Դաղստանի Ինքնավար Հանրապետության հարավային գոտու, ապա եւ Հյուսիսային Իրանի կամ, այլ կերպ, Իրանական Ատրպատականի տարածքները։ Ասում են՝ մեր նախնիք՝ աղվաններն են կառուցել թե Էրիվանը, թե Թիֆլիսը, թե Դերբենդը եւ թե Թավրիզը։ Ավելին, որպես ասված «անհերքելի» ապացույցներ, վկայակոչում են Հայաստանի, Արցախի, Վրաստանի քրիստոնեական պատմամշակութային հուշարձանները, որոնք, պարզվում է, նույնպես կառուցել ու գալիք ժառանգներին են փոխանցել այդ լայնածավալ պետության իրական տերերը՝ քրիստոնյա աղվանները։ Հետագայում նրանք, իհարկե, փոխել են իրենց դավանանքը՝ ընդունելով իսլամ, այդ իսկ պատճառով՝ որպես ուղղափառ մահմեդականներ, ցավոք, կորցրել են հետաքրքրությունը նախնյաց նյութական ժառանգության նկատմամբ։ Սակայն դա ամենեւին էլ չի փոխում այդ արժեքների ծագումնաբանությունը, հետեւապես եւ՝ ազգային-պատմական պատկանելությունը։
Եվ այսպես, աղվանական, հետեւապես եւ՝ ադրբեջանական ծագման են դասվում հայկական պատմամշակութային հուշարձանները։ Լոռիում են դրանք, Սյունիքում, թե Արցախում, Հաղպա՞տն է, Գոշավա՞նքը, Տաթե՞ւը, Գանձասարն ու Ամարա՞սը, թե մեկ այլ եկեղեցական կամ վանական տաճար՝ էական չէ․ աղվանական, ադրբեջանական է, եւ վերջ։ Իհարկե, ոչ մենք՝ հայերս, բայց կողմնակի օտար դիտորդը կարող է տարակուսել, թե՝ լավ, ասենք իրոք ձերն է այդ ամենը, իսկ ինչու՞ անցած հարյուրամյակում լինի, թե ներկայումս՝ դուք շարունակաբար անողոք ու անխնա ավերում, ոչնչացնում եք ձեր նախնյաց թողած այդ անգնահատելի պատմական արժեքները՝ Բաքվում, Խաչմազում, Շաքիում, Շամախիում, Գանձակում, Հյուսիսային Արցախում։ Հասկանալի է՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում նման բարբարոսության համար չափից դուրս կարճ ու անհաս է ձեր ձեռքը, բայց, այնուամենայնիվ, ինչու՞ վերջին երկու տասնամյակում՝ հայր եւ որդի Ալիեւների տիրապետության օրոք, Նախիջեւանում հողին եք հավասարեցրել ձեր, այսպես կոչված, աղվանական ծագման բոլոր քրիստոնեական հրաշակերտ հուշարձանները՝ եկեղեցիներից ու վանքերից սկսած մինչեւ Ջուղայի տասնյակ հազարավոր խաչքարերը, այնքան, որ դրանցից թեկուզ մեկ թանգարանային նմուշ չի մնացել։ Մի՞թե կարելի է այդպես անմտորեն վարվել սեփական ազգային-մշակութային ժառանգության հետ։ Չէ՞ որ այդ ձեռակերտ հրաշալիքներից յուրաքանչյուրը մի-մի վկայագիր կարող էր ծառայել ձեր ազգի ու տոհմի՝ առանց այն էլ ծայր աստիճան կասկածելի հինավուրց ծագման ու գոյության, ձեր ազգային քաղաքակրթության նվաճումների մասին։ Իհարկե, կողմնակի դիտորդը չի էլ հարցնի այդ մասին, քանզի նա նույնպես քաջ գիտե, որ ստի ոտքը սովորաբար կարճ է լինում, իսկ Բաքվի ստինը՝ առավել եւս։
Իսկ որ Ադրբեջանում անընդհատ ստում են, ընդ որում՝ ստում են ոչ միայն մնացյալ աշխարհին, այլեւ սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու համար, կասկած չի հարուցում։ Ահավասիկ, վերջերս՝ մայիսի 2-ին, հանդես գալով Բաքվում անցկացված Միջմշակութային երկխոսության 2-րդ համաշխարհային ֆորումում, Իլհամ Ալիեւը վերստին բացել է իր հիվանդագին երեւակայության տոպրակը՝ հայտարարելով․ «Ղարաբաղում ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իրականացվել են ազգային զտումներ, իսկ պատմական ժառանգությունն ու կրոնական հուշարձանները ոչնչացվել են, ինչի մասին վկայում են ԵԱՀԿ հաշվետվությունները»։ Ինչպես տեսնում ենք՝ բարձր ամբիոնից դահլիճ է բաց թողնվել բացարձակ ստախոսության միանգամից երեք պղպջակ, որոնք, որպես այդպիսիք, կարելի է ենթադրել, մինչ կհասնեին ներկաների լսելիքին, պայթել են օդում։
Նախ, վերջին անհեթեթութունից սկսենք։ Այդ ե՞րբ է ԵԱՀԿ-ն թեկուզ մեկ, էլ չեմ ասում՝ մեկից ավելի նման հաշվետվություն պատրաստել ու քննարկել իր նիստերում։ Իհարկե, երբեք։ Չի եղել նման նախադեպ։ Հաստատապես։ Իլհամն այս անգամ, ինչպես ասում են, ստի հերն է անիծել իր խաբեությամբ։
Եվ ապա, պատմական Արցախի ողջ տարածքում եղել են միմիայն հայկական պատմական հուշարձաններ, իսկ ահա անցյալ դարերի «ադրբեջանական» հուշարձանները, այն էլ, եթե կարելի լիներ դրանք վերագրել «թուրք-մահմեդական», ժառանգությանը, բառացիորեն, մատների վրա կարող ենք հաշվել՝ մի քանի մզկիթ, բնակելի տներ, 19-րդ դարի այլ շինություններ։ Ոչ ավելին։
Այսպես, Շուշիի ադրբեջանական հուշարձանների ցանկում, որ 2001թ. հրապարակվել է Բաքվի «Զերկալո» թերթում, թվարկված էին 19 բնակելի տներ, մզկիթներ եւ երկու իջեւանատուն, որոնք բոլորն էլ կառուցվել էին 19-րդ դարի երկրորդ կեսին։ Տներից միայն մեկն է հայտարարագրված որպես 18-րդ դարի շինություն։ Ընդ որում՝ ցանկում նշված 7 մզկիթից խորհրդային իշխանության օրոք իրապես գոյություն է ունեցել միայն 3-ը, իսկ մնացածները թվարկվել են, ամենայն հավանականությամբ, հենց այնպես՝ սոսկ թղթի վրա։ Ի դեպ, «Զերկալո»-ի հրապարակած ցանկում որպես «ադրբեջանական հուշարձան» է նշված նաեւ հայտնի հայ վաճառականներ ու բարերարներ Ժամհարյանների առանձնատունը։ Այսինքն, եթե հանենք գոյություն չունեցած 3 մզկիթն ու Ժամհարյանների տունը, ցուցակում կմնա ընդամենը 14 հուշարձան։ Բայց դրանք նույնպես մեծ վերապահությամբ կարելի է վերագրել «թուրք-մահմեդական» ժառանգությանը։ Հետազոտողների կարծիքով՝ դրանց մեծ մասը, այդ թվում՝ պաշտամունքային շինությունները կառուցել են հայ ճարտարապետներն ու շինարարները։
Հարկ է նշել նաեւ, որ մինչ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը, պատմական Արցախի այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Լաչինն ու Քելբաջարը՝ ներկայումս ԱՀ Քաշաթաղի ու Շահումյանի շրջանները, որոնք այն ժամանակ գտնվում էին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս եւ բնակեցված էին բացառապես մահմեդականներով, ոչ մի մզկիթ էլ գոյություն չի ունեցել։ Դրա փոխարեն՝ յուրաքանչյուր գյուղում եղել են լքված հայկական տաճարներ ու գերեզմաններ։ Չունենալով «ադրբեջանական ճարտարապետության» հուշարձաններ, որպես այդպիսիք են ընդունվել, օրինակ, Վագիֆի դամբարանը Շուշիում՝ բետոնե մի անճոռնի կառույց, որի հանդիսավոր բացումը կատարել է անձամբ Ադրբեջանի կոմկուսի ԿԿ 1-ին քարտուղար Հեյդար Ալիեւը 1982 թվականին։ Կամ թե՝ Աղդամի՝ ներկայիս Ակնայի մոտակա «Շահբուլաղի բերդը», որտեղ փոքրիկ բերդի ավերակներն էժանագին դեկորացիաների տեղադրմամբ հարմարեցվել էին «Հազար ու մի գիշեր» ներկայացումը բեմադրելու համար, իսկ հետագայում վերածվել էր ռեստորանի։ Ուստի ինչպե՞ս կարող էին «ճարտարապետության հուշարձաններ» ունենալ այն քոչվոր խաշնարածները, ովքեր ընդհուպ մինչեւ 20-րդ դարի սկզբները ամառային արոտավայրերում ապրում էին վրաններում, իսկ ձմռանը՝ գետնափոր տներում։
Հայտնի է, որ նախկին ԱդրԽՍՀ տարածքում հատկապես հայկական մշակույթի հուշարձաններն են, ընդհանուր թվով՝ ավելի քան 11 հազար միավոր, որ բացարձակ մեծամասնություն էին կազմում այդ նախկին խորհրդային հանրապետության ինչպես անհետացած, նույնպես եւ առկա ժողովուրդների բոլոր մշակույթների հուշարձանների ամբողջ թվաքանակում։ Սակայն ԱդրԽՍՀ իշխանությունները երբեք չեն ցանկացել հայկական համարել այդ հուշարձանները։ Այսպես, պետական պահպանման ենթակա պատմության եւ մշակույթի պահպանվող հուշարձանների ցանկում, որը հաստատվել է ԱդրԽՍՀ Նախարարների խորհրդի 1968թ. ապրիլի 2-ի թիվ 140 որոշմամբ, արձանագրվել է 591 հուշարձան, որոնցից ընդամենը 25-ն էր հայկական։ Ընդ որում՝ բոլորն էլ միայն ԼՂԻՄ-ից էին, առանց նշելու դրանց ազգային պատկանելությունը։
Անցյալ դարի 60-ական թվականների վերջերին եւ 70-ականների սկզբին Ադրբեջանի գիտությունների ակադեմիան սկսել էր մշակել կեղծ գիտական տեսություն՝ առ այն, թե Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակույթի հուշարձաններն ամենեւին էլ չեն պատկանում քրիստոնյա հայերին։ Իբր թե դրանք Կովկասյան Ալբանիա (Աղուանք, Աղվանք) պետության նյութական մշակույթի հուշարձաններ են, աշխարհի քարտեզից տակավին 9-րդ դարում անհետացած մի պետության, որի բնակչությունը քրիստոնեություն էր դավանում։ Եվ ահա թե «աղվանագետ» Դավուդ Ախունդովն ինչքան պարզունակ է բացատրում Այսրկովկասի թրքացած աղջանների եւ արցախահայության ծագումը. «Իսլամ դավանող աղվանցիների մեծ մասը սկսեց ադրբեջանցի կոչվել, իսկ նրանք, ովքեր քրիստոնեություն էին դավանում, երբ իրենց եկեղեցիները 1836թ. միացան ռուսական եկեղեցու հետ, այնուհետեւ՝ մինչ այդ՝ 1928 թվականից ռուսականին միացած հայկական եկեղեցու հետ, աստիճանաբար սկսեցին հայեր կոչվել»։ Բայց հարց է ծագում. որտեղի՞ց են այն բազմաթիվ ու երբեմն միանգամայն հինավուրց, այդ թվում՝ նաեւ 5-րդ դարի թվագրությամբ, հայերեն վիմագրությունները Լեռնային Ղարաբաղի բացառապես բոլոր քրիստոնեական տաճարների ու տապանաքարերի վրա։ Ադրբեջանական գիտությունը նույնքան պարզունակ պատասխան է տալիս։ Պարզվում է, որ երկրամասը Ռուսաստանին միանալուց հետո աղվանները, ովքեր «աստիճանաբար սկսել էին հայեր կոչվել», ինչպես նաեւ «եկվոր» հայերն Էջմիածնի կաթողիկոսարանի հանձնարարությամբ փոքր մուրճեր են վերցրել ու սկսել ջարդել, ոչնչացնել բոլոր «աղվանական» վիմագրությունները՝ դրանք, իհարկե, փոխարինելով հայկականով։
Ըստ Ադրբեջանում շրջանառվող տեսակետի՝ հայերն այդպես են վարվել նաեւ աղվանական գրականության հետ. բոլոր ձեռագրերը եւ գրքերը վառել են, նախապես դրանք թարգմանելով հայերեն՝ հետագայում որպես սեփական գրականություն ներկայացնելու համար։
«Աղվանական» տեսությունը գործնական կիրառում ստացավ, երբ 1988թ. սկիզբ առավ Արցախյան շարժումը՝ ինքնավար մարզը Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորելու համար։ Հենց այդ ժամանակ էր, երբ ԱդրԽՍՀ մշակույթի նախարարությունում նոր թափ առան Արցախի հուշարձանների պատկանելության խեղաթյուրման աշխատանքները։ Ինչպես հայտնի է, ԱդրԽՍՀ Նախարարների խորհուրդը 1988թ. ապրիլի 27-ի իր թիվ 145 որոշմամբ հաստատեց ԼՂԻՄ-ում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկը, որի մեջ, բնականաբար, չարձանագրվեց հայկական ճարտարապետության եւ ոչ մի հուշարձան։ Իրավիճակն առավել քան անհեթեթ տեսք ստացավ այն հանգամանքով, որ ԱդրԽՍՀ Նախարարների խորհրդի վերոհիշյալ՝ 1968թ. ապրիլի 2-ի թիվ 140 որոշման մեջ, որով հաստատվել էր պետական պահպանության ենթակա հուշարձանների ցանկը, խոսք անգամ չկար «աղվանական ճարտարապետության» մասին։
Սակայն նման «մանրուքները» երբեք չեն շփոթեցրել ԱդրԽՍՀ իշխանություններին, ինչպես որ ադրբեջանական ժողովրդի «հայր» հռչակված Հեյդար Ալիեւին եւ նրա ներկայիս նախագահ որդի Իլհամ Ալիեւին։ Ի՞նչ ոչնչացված ադրբեջանական պատմական ժառանգության եւ պաշտամունքային հուշարձանների մասին կարող է խոսք լինել, երբ այդպիսիք առհասարակ գոյություն չեն ունեցել։ Ինչ վերաբերում է Շուշիի պարսկական մզկիթին եւ Աղդամի մզկիթին, ապա դրանք ոչ ոք էլ չի հավասարեցրել հողին, ինչպես դա հայկական տաճարների նկատմամբ արվել է հայր եւ որդի Ալիեւների օրոք, հայերից բռնազավթված տարածքներում՝ Նախիջեւանում, Հյուսիսային Արցախում եւ այլուր՝ Ադրբեջանի մի ժամանակ հոծ հայաբնակ, սակայն 1988-ից ի վեր լրիվ հայաթափված բնակավայրերում։
«Մենք մինչեւ հիմա ցավ ենք ապրում Էրիվանը հայկական մայրաքաղաք հռչակելու մասին Ադրբեջանի Ազգային խորհրդի որոշման պատճառով»։ Այս մեկ սուտն արդեն նախագահ Իլհամ Ալիեւը չի ասել։ Այդ մասին բառացիորեն օրերս՝ մայիսի 24-ին, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության երիտասարդական միավորման անդամների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան՝ անդրադառնալով 1918թ. թուրքական յաթաղանի ուժով կարճատեւ կյանք առած, արհեստածին «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության» անփառունակ պատմությանը։ Այնպես որ, կարելի է դատել, Բաքվում տակավին հրատապ է պատմական կողմնորոշման, այսպես կոչված, «նախնյաց» Կովկասյան Ալբանիայից ի վերջո ժամանակակից Ադրբեջան անցման կամ ապաշխարանքով հետդարձի երկընտրանքը։ Երեւի թե նման պարագայում են մեր նախնիք ասել՝ ողբամ զձեզ։
Միքայել Հաջյան