Ի՞նչ տարածքներ ու ժողովուրդներ են ներկայացնում ԿոնիՖա 2019-ի մասնակից հավաքականները
Գլխավոր » Լրահոս » Ի՞նչ տարածքներ ու ժողովուրդներ են ներկայացնում ԿոնիՖա 2019-ի մասնակից հավաքականները

Ի՞նչ տարածքներ ու ժողովուրդներ են ներկայացնում ԿոնիՖա 2019-ի մասնակից հավաքականները

Մինչ միջազգային աղմուկի ներքո քննարկվում է Ադրբեջանում անցկացված «Չելսի»-«Արսենալ» Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը, Արցախում պատրաստվում են այլ կարևորագույն ֆուտբոլային իրադարձության: Հունիսի 1-9-ը այստեղ անցկացվելու է Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիայի (Conifa) 2019 թ. Եվրոպայի առաջնությունը: ԿոնիՖան Եվրոպական ֆուտբոլային մրցաշար է, որը հիմնադրվել է 2013թ. հունիսի 7-ին, իսկ ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը կազմակերպվել է 2014թ. Շվեդիայի Օստերսունդ քաղաքում: ԿոնիՖան միավորում է չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրների, ճանաչված երկրների կազմում առկա ինքնավարությունների և էթնիկ խմբերի 54 հավաքականների, որոնք պաշտոնապես ընդգրկված չեն ՖԻՖԱ-ի կազմում: Կոնֆեդերացիան ֆուտբոլի, մշակույթի և ընկերության արժեքների միջոցով ազգերի ու մեկուսացված տարածքների միջև կամուրջներ կառուցելու, ռասիզմի վերացման ու արդար մրցակցության տարածման, աշխարհում խաղաղության հաստատման նպատակ է հետապնդում։ Մրցաշարը կայանում է երկու տարին մեկ անգամ:

Արցախում այն անցկացվելու է առաջին անգամ: Նախապես հայտարարվել էր, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու է 12 թիմ` Արցախի, Աբխազիայի, Սեկեյի երկրամասի, Նիցցայի կոմսության, Դոնեցկի, Սապմիի, Արեւմտյան Հայաստանի, Չամերիայի, Լուգանսկի, Սարդինիայի, Հարավային Օսիայի և Պադանիայի: Սակայն առաջնությունից մոտ 10 օր առաջ պարզ դարձավ, որ Նիցցայի կոմսության, Դոնեցկի Լուգանսկի և Սարդինիայի հավաքականները չեն ժամանելու Արցախ` քաղաքական և ֆինանսական խնդիրների պատճառով: Դրանից հետո մասնակից 8 թիմերը վիճակահանությամբ բաշխվել են 2 խմբերում: Թիմերի հնարավորությունները գնահատելու, այն ներկայացնող տարածքի մասին իմանալու, ինչու չէ՝ նաև 2019թ. ԿոնիՖայի Եվրոպայի չեմպիոնի հավանական թեկնածուին գուշակելու համար ամփոփ տեղեկություններ ենք ներկայացնում թիմերից յուրաքանչյուրի մասին:

Արցախի հավաքական

Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականը Արցախը ներկայացնում է միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում, ստեղծվել է 2012թ.։ Այն կառավարվում է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Արցախի հավաքականը մասնակցել է 2014 թվականի չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը: Մասնակցում էին 12 հավաքականներ՝ 4 խմբերով: Արցախը D խմբից էր՝ Նիցայի կոմսության հավաքականի և Մեն կղզու հավաքականի հետ: Վերջիններս հասան առաջնության եզրափակիչ:

Արցախի հավաքականը ընկերական հանդիպումներ է ունեցել ԿոնիՖայի անդամ այլ երկրների, ՀՀ ֆուտբոլային մի շարք ակումբների հետ:

Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Արցախը զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը (1156 միավոր):

Արևմտյան Հայաստանի հավաքական

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հայկական Սփյուռքից ձևավորված ֆուտբոլի թիմ է, որը ներկայացնում է Արևմտյան Հայաստանը։

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձևավորվել է 2015 թվականի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին անդամակցել Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիային։ Արևմտյան Հայաստանի հավաքականի օրհներգը «Զարթի՛ր, լաո» երգն է։ Թիմն իր առաջին հանդիպումն անց է կացրել 2016 թվականին՝ մրցելով «Օլիմպիկ Մարսելի» երկրորդ թիմի հետ և պարտվելով 2-3 հաշվով։ Իր առաջին խաղն անցկացնելուց 3 օր հետո Արևմտյան Հայաստանը հրավիրվեց մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի 3-րդ առաջնությանը, որը կայացավ Աբխազիայում։ Արևմտյան Հայաստանի առաջին միջազգային հանդիպումը կայացավ Չագոս կղզիների հետ, որն ավարտվեց ռեկորդային 12-0 հաշվով

հաղթանակով։ Խմբի երկրորդ խաղում Արևմտյան Հայաստանը 0-1 հաշվով պարտվեց Աբխազիային։

Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1232 միավորով ԿոնիՖայի վարկանիշային աղյուսակի 18-րդ հորիզոնականում է գտնվում:

Աբխազիայի հավաքական

Աբխազիան դե ֆակտո անկախ հանրապետություն է, որը գտնվում է Սև ծովի արևելյան հատվածում: Հանրապետության անկախությունը հռչակվել է 1994թ.: 2008 թ. Վրաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև (որոնց օգնում էր Ռուսաստանը) ռազմական հակամարտությունից հետո այն ճանաչվել է Ռուսաստանի և 5 այլ պետությունների կողմից: Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները Աբխազիան համարում են որպես Վրաստանի անբաժան մաս։ Աբխազիայի Հանրապետության տարածքը կազմում է 8.7 հազար քառակուսի կիլոմետր: 2003 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմել է 215.972 մարդ։

Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծվել է 2007 թվականին եւ գլխավորում էր «Դինամո Սուխում»-ի նախկին խաղացող Ջեմալ Գուբազը: 2014թ. ԿոնիՖայի աշխարհի առաջնությունում Աբխազիան զբաղեցրեց 8-րդ տեղը:

Ֆուտբոլի Աբխազիայի հավաքականը ԿոնիՖայի աշխարհի առաջնության հաղթող դարձավ 2016թ.` եզրափակիչում 6:5 հաշվով առավելության հասնելով Փենջաբի ընտրանու նկատմամբ: Այս մրցաշարը անց է կացվել Աբխազիայում:

Երկու տարին մեկ թարմացվող՝ ԿոնիՖայի վարկանիշային աղյուսակում (01.01.2018թ. տվյալներով) Աբխազիան 1336 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

Հարավային Օսիայի հավաքական

 

Հարավային Օսիան (2017 թ.՝ նաև Ալանիայի պետություն) հանրապետություն է հարավային Կովկասում, որը գտնվում է Վրաստանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Այն ճանաչվել է միայն Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Նաուրուի կողմից։ Տարածքը` 3900 քառ. կմ, բնակչությունը 2000թ. Տվյալներով՝ 70.000, ապրում են օսեր, վրացիներ, ռուսներ:

Հարավային Օսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծվել է 1997 թվականին: ԿոնիՖայի 2014 թ. աշխարհի առաջնությունում հավաքականը գրավեց 4-րդ տեղը: Հավաքականի հարձակվող Արթուր Էլբաեւը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

2018թ. տվյալներով ԿոնիՖայի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 31-րդ հորիզոնականը` 1057 միավորով:

Չամերիայի հավաքական

Չամերիա կոչվող տարածքն ընդգրկում է ժամանակակից Ալբանիայի հարավային եւ Հունաստանի հյուսիս-արեւմտյան շրջանը:

Մինչեւ անցյալ դարի կեսը տերմինն օգտագործվել է նաեւ հույների կողմից, սակայն այնուհետև դուրս է եկել գործածությունից` ալբանական անջատողականության աճի պատճառով: Ալբանիայում օրինականորեն գործող «Չամերիայի ազատագրման բանակ» ազգայնական խումբը պայքարում է ալբանացի չամերի իրավունքների համար, որոնք զավթիչների հետ համագործակցության համար Երկրորդ աշխարհամարտից հետո արտաքսվել էին Հունաստանից: Հույները նախընտրում են օգտագործել Էպիրուս և Ֆեստրոպիա հնագույն անվանումները: Ի հակառակ ալբանական Չամերիայի՝ հունական մասում գտնվող Չամերիայում այժմ բնակվում են հիմնականում հույներ: Չամերիայի շրջանում բնակվող էթնիկ ալբանացիների թիվն անորոշ է, քանի որ հունական կառավարությունը պաշտոնական մարդահամարի ժամանակ էթնիկական եւ լեզվական առանձնահատկությունները չի ներառում:

Չամերիան ԿոնիՖային միացել է 2018թ. գարնանը: 2018թ. հուլիսին Չամերիայի հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացրել Ալբանիայի լիգայում հանդես եկող երկու թիմերի հետ և հաղթել:

Չամերիայի ազգային հավաքականը բաղկացած է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից, որոնք հանդես են գալիս Ալբանիայի բարձրագույն լիգայում:

Պադանիայի հավաքական

Պադանիա անվանումը տարածվում է Իտալիայի հյուսիսային շրջանների վրա, որտեղ տարածված են հյուսիս-իտալական լեզուները (լոմբարդական, վենետիկյան, պիեմոնտական և այլն): Անվանումն առաջացել է հյուսիս-իտալական ամենահայտնի Պո (Padus) գետի լատիներեն անվանումից:

Գրքային այս անվանումը լայնորեն կիրառվեց 1990-ական թվականներին, երբ «Հյուսիսի լիգա» կոչվող անջատողական կուսակցությունը պահանջեց Պադանիայի անջատումը հետամնաց ագրարային հարավից: «Հյուսիսի լիգան» 1998թ. ստեղծեց Պադիանիա ազգային ֆուտբոլային թիմը:

Պադանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, հավաքականի միջոցով ներկայացվում է տարածաշրջանի հարուստ պատմությունը և մշակույթը: Հավաքականը 2014թ. ԿոնիՖայի աշխարհի առաջնությունում գրավեց 5–րդ հորիզոնականը: Թիմի ամենահայտնի խաղացողը Մարիո Բալոտելիի եղբայր Էնոչ Բալոտելին է:

1398 միավորով Պադանիան ԿոնիՖայի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը:

Սապմիի հավաքական

Հյուսիսային Եվրոպայում (Ֆեննոսկանդիայի հյուսիսային մասում) տեղակայված տարածաշրջանի անվանումն է, որտեղ բնակվում են սաամները (լոպարներ, լապլանդացիներ): Սապմին (Լապլանդիա) երբեք չի եղել միավորված պետական կազմավորում։ Ներկա դրությամբ այն բաժանված է չորս պետությունների` Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև: Սաամներն ունեն վառ արտահայտված ազգային ինքնություն, ինչպես նաև դրոշ և հիմն, իսկ նրանց իրավունքները ներկայացնում են մշակութային ինքնակառավարման ընտրովի մարմինները՝ Սաամական խորհրդարանը։

Սապմիի ֆուտբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2014թ. և հանդիսանում է 2003թ. ստեղծված Սապմիի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավահաջորդը: Սապմին հյուրընկալել է ԿոնիՖայի 2014թ. առաջնությունը, որտեղ10-րդն էր:

Այժմ Սապմիի ֆուտբոլի հավաքականը ԿոնիՖայի վարկանիշային աղյուսակի 15-րդն է՝ 1240 միավորով:

Սեկեյի երկրամասի հավաքական

Սեկեյի շրջանը Ռումինիայում գտնվող ինքնավար տարածք է, որը հիմնականում բնակեցված է հունգարական ծագմամբ սեկեյներով, ինքնավարությունը հռչակվել է 2009թ.: Տարածքը մոտ 13.500 քառ կմ է, բնակչությունը` 700 000:

Սեկեյի երկրամասի ֆուտբոլային հավաքականը ստեղծվել է 2014թ.: 2017 թ. ԿոնիՖայի աշխարհի առաջնությունում թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը:

ԿոնիՖայի վարկանիշային աղյուսակում 1336 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Տաթևիկ Աղաջանյանը

Լուսանկարները՝ <<ConiFA Արցախ>>  ֆեյսբուքյան էջից 

 

1