Որ չկրկնենք այլոց տխուր օրինակը
Մի օր, ինչ որ մեկը, գուցե կգրի «Քաջ Նազար» պիեսի ժամանակակից տարբերակը: Ես նույնիսկ կարող եմ հուշել մի պատկեր այդ պիեսից:
Այսպես, Նազարը դիմում է նրանց՝ ում համարում է իր նազիր-վեզիրը. «Ուրեմն, ինչ եմ ասում, կհավաքվեք ու կառաջարկեք, որ ես դառնամ թագավորր: Ես կասեմ՝ թե պետքս չի: էդ ժամանակ, դուք երկրորդ անգամ կհավաքվեք ու նորից կխնդրեք, որ դառնամ թագավոր: Ես էս անգամ էլ կասեմ՝ չե՛մ ուզում, կբարկանամ ու ձեզ կվերացնեմ, հետո ձեր փոխարեն նազիր-վեզիր կնշանակեմ իմ գյադա-գյուդեքին: Իմ գյադա-գյուդեքը կգան դուռս կասեն՝ արեւաճաճանչափայլ, էս ժողովուրդը օր ու արեւ չի տեսել իր հին թագավորների ձեռից, արի դարձիր սրանց «թափ-թազա» թագավորը. նոր երկիր կկառուցես, ճաճանչներիդ ու սիրուն մաղթանքներիդ ներքո երջանիկ նոր ժողովուրդը, երբ ուզես կասես գյադեք էս կողմ՝ կվազեն էս կողմ, կասես գյադեք էն կողմ՝ կվազեն էն կողմ: Ես էլ իմ գյադեքին կասեմ, լա՛վ, ընդունում եմ, վատ ժողովուրդ չի ոնց որ էս իմ ժողովուրդը, էս իմ ժողովրդին ոնց որ շատ եմ սիրում, որ էդքան խնդրում եք , ժողովրդի աչքին էլ քուն չի գալիս էդ փափագից՝ կդառնամ ձեր թագավորը»:
Կարեւորն այն է, որ այս պիեսում Քաջ Նազարը անընդհատ տա ժողովրդի անունը՝ սիրաշահի, երբեմն էլ քծնանք չխնայի:
Կարծում եմ սույն պիեսը դժվար չի գրվի, քանի որ պետք չէ որեւէ բան հորինել, սյուժեն ծավալվում է բոլորիս աչքի առաջ:
Թեեւ մեզանում կոռուպցիա գոյություն չունի, բայց, որպես բացառություն, կարելի է մի պատկեր էլ գողանալ Չապլինի «Մեծ դիկտատորը» ֆիլմից:
Հիշո՞ւմ եք մեծ դիկտատորը խաղում է գլոբուսի հետ: Փուչիկ-գլոբուսը թռցնում է օդ՝ գլխով է խփում, հետո հետույքով է վեր թռցնում, մինչեւ որ այն պայթում է ձեռքերի մեջ: Սրտից թույլ դիկտատոր տխրում, նույնիսկ լաց է լինում՝ ախր շատ էր սիրում երկրագունդը:
Այսպես մեկ տարի է խաղում են այս երկրի հետ: Մարդը, ով մեկ օրվա գործադիր իշխանության փորձ չի ունեցել, մեկ օր երկրի կառավարմանը չի մասնակցել, բռի մեջ կենտրոնացրել է օրենսդիր ու գործադիր ողջ իշխանությունը, բայց պարզվում է սա էլ քիչ է: Առանց ծրագրի, առանց տնտեսական տեսլականի երկրի կառավարումը ստանձնած նոր իշխանությունը կարծում է, թե ժողովրդին կկշտացնի՝ հագուրդ տալով նրա վրեժխնդրության ծարավին եւ այստեղ էլ բան դուրս չի գալիս: Պարզվում է, որ մեղավորը իշխանության վերջին թեւն է, որը դեռ ամբողջովին իր ձեռքում չէ: Հոգեբանական անհավասարակշռությունը մղում է անելու այնպիսի չկշռադատված քայլ՝ ինչպիսին արդարադատության համակարգի դեմ բռնությունն է, նրա, այդ թվում երկրի սահմանադրականությունը իրավականորեն ապահովող դատարանի աշխատանքի խոչընդոտումը եւ սպառնալիքը՝ վարչական մեթոդներով հեղաշրջելու եղած համակարգը:
Հասկացա՞վ վարչապետը, թե մայիսի 20-ին ինչ արեց իր հռչակած ժողովրդավարության հետ: Հասկանո՞ւմ է, թե ինչ է անում, խորացնելով պառակտումը հեղափոխականների եւ հակահեղափոխականների կեղծ բաժանարարով տարանջատված հասարակության մեջ: Հանուն երկրի շահերի ցանկալի կլիներ, որ հասկանար եւ ազատագրվեր հիշաչարության ու վրեժխնդրության բարդույթից, ինչի պատանդն է դարձել, այլապես կործանելու է իրեն եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու երկրի համար:
Սկսած դեպի իշխանություն ճանապարհ հարթելու ժամանակներից մինչ այժմ, բոլորը տվել են նրան երկիրը բարեփոխելու մանդատը, իսկ եթե չի ստացվում պիտի հասկանա, որ ոչ կոռուպցիայի դեմ պայքարը, ոչ ընդհանուր համակարգի բարեփոխումները հոխորտանքով չեն իրականացնում, այլ առաջին հերթին իրավական դաշտի բարեփոխմամբ եւ, մասնավորապես, տնտեսական առաջընթացով:
Այո, նույն բաժակը կարելի է դիտարկել եւ որպես կիսադատարկ եւ որպես կիսալիքը: Այս երկիրը բազում հիմնախնդիրներ ունի, որոնք ժառանգել է դեռեւս խորհրդային ժամանակներից: Անցնող, գրեթե երեսուն տարում, իդեալական չի դարձել երկիրը, բայց ով կույր չէ եւ զուրկ չէ հիշողությունից կարող է ինքն իր համար արձանագրել, որ տեղի են ունեցել թեեւ ոչ բավարար, բայց եւ հսկայական փոփոխություններ: Վերջնագծին հասնելու ճանապարհը ոչ թե եղածը քանդելու հեշտ եւ մեկ անգամ արդեն տրորած ճանապարհն է, այլ կառուցողական գործընթացների խորացումն ու ծավալումը:
Որպես ակնառու օրինակ կարելի է անդրադառնալ, երկրի գլխավոր խնդիրներից մեկին՝ արտագաղթին, ինչի դեմ պետք է պայքարել ոչ թե ամեն տեղ ու ամեն ինչ կրճատելով ու լուծարելով, մարդկանց պարտադրելով, որ դիմում գրեն ու հեռանան, այլ եղածը կատարելագործելով, նորը ստեղծելով եւ հնի փոխարեն, որպես այլընտրանք առաջարկելով մարդկանց:
Ներկա գործելաոճը, արհեստականորեն բորբոքվող ներքին լարվածությունը նորի ստեղծմա՞նն են նպաստում, թե՞ կորուստների խորացմանն ու բազմապատկմանը:
Իշխանությունը ուժեղ է լինում, ոչ թե իշխողների հոխորտանքի, այլ ամուր պետական համակարգի եւ հզոր պետության շնորհիվ:
Վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում, թավշյա հեղափոխությունների, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարության ճանապարհով աշխարհում իշխանության եկած բոլոր ուժերը անփառունակ ձեւով հեռացան ասպարեզից, մինչ այդ հսկայական ավերներ գործելով սեփական երկրներում: Պարտադի՞ր է, որ Հայաստանը կրկնի այս տխուր ավանդույթը:
Երբեք չպետք է խաբվել ժողովրդի համակրանքին, ժողովուրդը շատ է վեր բարձրացնում, որ ավելի կործանարար ուժով ցած նետի:
Խոստովանում եմ, որ չեմ հավատում, թե իմ կամ բազմաթիվ այլոց անկեղծ մտահոգությունները ճիշտ են ընկալվելու, չեմ հավատում, թե խուսափելու ենք այլոց տխուր փորձից:
Ամեն դեպքում հավատում եմ, որ անհրաժեշտ է համախմբվել ու նախ եւ առաջ մեղմել հասարակական անհանդուրժողությունը:
Արտաշես Շահբազյան