Հրադադարի համաձայնագիր-25. խորհրդաժողով Ստեփանակերտում
Գլխավոր » Լրահոս » Հրադադարի համաձայնագիր-25. խորհրդաժողով Ստեփանակերտում

Հրադադարի համաձայնագիր-25. խորհրդաժողով Ստեփանակերտում

1994 թվականի մայիսյան այս օրերին կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի եռակողմ ստորագրումից 25 տարի անց Արցախի արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է խորհրդաժողով։

Մայիսի 10-ին Արցախում կայացած խորհրդաժողովին մասնակցել են 1994-ի քաղաքական եւ ռազմական իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ներկայումս Հայաստանի եւ Արցախի պետական պաշտոններ զբաղեցրած անձինք եւ Արցախում գործող հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի հեղինակ, ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ մի շարք պատգամավորներ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ փորձագետներ Արցախից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ռուսաստանի Դաշնությունից։

Խորհրդաժողովի օրակարգը հագեցած էր։ Շուրջ 6 ժամ տեւած քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ արձանագրված արդյունքներին, ինչպես նաեւ նախանշվեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ անելիքները։

Խորհրդաժողովը իր աշխատանքները եզրափակել է հայտարարությամբ:

Հրադադարի համաձայնագիրը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իրական ուժ

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն իր ելույթում կարեւորել է 25 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրի արժեւորումն ու դերակատարությունը։

«Ադրբեջանը համառորեն փորձում է մոռացության մատնել բոլոր այն համաձայնագրերը եւ փաստաթղթերը, որոնք հանդիսանում են Արցախի՝ որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքն արձանագրող հիմնարար փաստարկներ։ Ադրբեջանը դա անում է հարցի բուն առարկայից՝ Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից խուսափելու համար։ Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ եռակողմ բանակցությունները վերականգնելու նպատակով։ Իսկ հակամարտության երեք կողմերի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրն այն եզակի փաստաթղթերից է, որն ունի իրական ուժ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու համար։

Մենք չպետք է թույլ տանք, որ այդ փաստաթղթերի կարեւորությունն ու նշանակությունը չեզոքացվի։ Այդ իսկ պատճառով չպետք է սահմանափակվենք հոբելյանները նշելով, այլ պետք է վերականգնենք այս հրամանագրի կարեւոր նշանակություն ունեցող արդյունքները, ինչը կարեւոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացը ճիշտ ուղղությամբ տանելու եւ կարգավորման գործընթացում նոր առաջացած մարտահրավերները կարգավորելու առումով։ Հրադադարի փաստաթուղթը պետք է դրվի ցանկացած գործընթացի հիմքում եւ սա պետք է լինի խորհրդարանական դիվանագիտության կարեւորագույն առաքելություններից մեկը»։

 

Արցախն ունի լիիրավ իրավունք մասնակցելու բանակցություններին

Կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի հեղինակ, ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, պատասխանելով «Ապառաժ»-ի՝ բանակցություններին մասնակցելու Արցախի իրավունքների մասին հարցին, ասել է․

«Բանակցությունների եռակողմ մասնակցության ժամանակ՝ 1992-1997 թվականներին, մեզ հաջողվել է կնքել 3 կարեւոր համաձայնագիր։ Ղարաբաղյան կողմի չեզոքացումից հետո բանակցությունները հետընթաց ապրեցին, անգամ երկկողմ հանդիպումները քչացան։ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։ Արցախն ունի լիիրավ իրավունք՝ մասնակցելու բանակցություններին, քանի որ ցանկացած հակամարտության կարգավորման մեջ պետք է մասնակցեն բոլոր կողմերը։

Բաքուն այսօր առաջ է քաշում օկուպացված տարածքների վերադարձման հարցը։ Բայց ինչպե՞ս է հնարավոր առանց Ղարաբաղի կազմակերպել այդ գործընթացը։ Եթե Բաքուն կարծում է, որ այդ հարցը կարող է բանակցություններով համաձայնեցվել Հայաստանի հետ եւ զենքի ուժով պարտադրվել Ղարաբաղին, ապա դա աբսուրդ է»։

Ժողովուրդների բարեկամությունը վաղուց է անցել

«Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, պատասխանելով «Ապառաժ»-ի՝ տարածաշրջանում առաջիկա զարգացումների կանխատեսման մասին հարցին, նշել է․

«Ղարաբաղյան հակամարտությունում ցանկացած փոփոխություն, որպես օրենք, նկատվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ։ Սակայն մենք տեսնում ենք հակամարտության երկու կողմերի թուլությունը եւ գիտակցում, որ այն կարող է օգտագործվել դրսի ուժերի կողմից։ Ճիշտ է, Ռուսաստանը ընկերություն է անում Իրանի հետ, բայց մենք չէինք ուզենա մեր սահմանին ունենալ հզոր իսլամական պետություն. մեզ ավելի շատ ձեռք է տալիս Ադրբեջանը։ Այդ իսկ պատճառով մենք զինում ենք երկուսին էլ, Ադրբեջանին՝ Իրանին զսպելու համար։

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական խնդիրը մեզ մտահոգում է միայն ու միայն այն պատճառով, որ այն տեղի է ունենում մեր հարավային սահմանին։ Իսկ պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը պաշտպանելու է իր անվտանգությունը։ Ժողովուրդների բարեկամությունը վաղուց է անցել։ Հայերը պետք է կիրթ գնահատեն իրավիճակը, առաջնորդվեն ոչ թե էմոցիաներով, այլ զբաղվեն քաղաքականությամբ, կառուցեն հարաբերություններ եւ սպասեն հյուրերի հարավից»։

1