Մարդը կրթվում է գրականությամբ. Սոնա Համբարձումյան
Գլխավոր » Լրահոս » Մարդը կրթվում է գրականությամբ. Սոնա Համբարձումյան

Մարդը կրթվում է գրականությամբ. Սոնա Համբարձումյան

«Պոեզիան աստվածների լեզուն է… բայց միայն բանաստեղծություններում չէ պոեզիան, այն տարածված է ամենուր, այն մեր շուրջն է… Նայե՛ք այս ծառերին, երկնքին, ամեն ինչից գեղեցկություն և կյանք է բուրում, իսկ որտեղ գեղեցկություն և կյանք, այնտեղ և պոեզիա…»:

Իվան Տուրգենև

1999թ. ՅՈւՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի միջազգային օր: Այդ օրվա առիթով «Ապառաժ»-ը ժամանակակից գրականության և այլ հարցերի մասին խոսել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանի հետ:

— 1999-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի միջազգային օր: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նշանակություն ունեցավ Պոեզիայի օրը գրականության հանրահռչակման գործում:

— Ընդհանրապես ասում են, որ արձակը ևս պոեզիա է, և գրականությունը ինքնին պոեզիա է: Ես համամիտ եմ այն կարծիքին, որ մեզնից յուրաքանչյուրն էլ դեռևս չթրծված պոետ է, երբ սիրում ու որոշակի զգացմունքներ է դրսևորում այն ամենի հանդեպ, ինչ իրեն շրջապատում է, երբ սկսում է գիտակցել իր զգացմունքների խորությունը կամ իր արարքների նպատակային թիրախավորումը, այսինքն՝ մեր բոլոր զգացմունքները  կարելի է բառավորել և դարձնել պոեզիա:

Պոեզիայի օրը միջազգային դարձնելը, անշուշտ, կարևոր անհրաժեշտություն է կյանքում: Պոեզիայի համար այդ սկզբնական, իհարկե՝ ոչ լրիվ արժևորման գնահատումը հենց այն է, որ աշխարհը սկսեց նշել պոեզիայի միջազգային օրը, որի ընթացքում փառատոններ են կազմակերպում, ծանոթանում են մեկը մյուսի մշակույթի հետ, ազգերը մշակույթներով են փոխանակվում և, իհարկե, գրականություն է քարոզվում, որն ամենակարևոր հենարանն է հենց պատմության համար:

— Ժամանակակից հայ գրականությունն ունի՞ արդյոք կրթելու, լուսավորելու առաքելություն, և ինչպե՞ս է իրականացնում այն:

— Բնականաբար: Ես միշտ էլ գրականությունը տեսնում եմ որպես  բարոյական, իրավական արժանիքներով օժտված մի «ուսուցիչ»: Գրականությունը ոչ թե նրա համար է, որ մարդ կարդալով պարզապես հաճույք ստանա, այլ նաև որոշակի դասեր քաղի անցյալի սխալներից: Ու շատ կարևոր է, որպեսզի մարդը գրականության  մեջ գտնի իր ազգայինը, իր ազգային նկարագիրն ունենա, և դրանով նաև մենք օգտակար կլինենք մեր ներքին համախմբվածությանը: Չէ  որ միայն հավատքի վրա հույս դնելը և մնացած բոլոր բնագավառներում ոչինչ չանելն էլ սխալ կլինի, հետևաբար գրականությունը, այո՛, իր մեծ դերն ունի կրթելու, լուսավորելու գործում: Մարդը կրթվում է հենց գրականությամբ, և դա պետք է լուսավոր, նպատակային լինի :

— Ինչպես անձնականը, անհատականն է ներդաշնակվում պոեզիայում՝ ընդհանուրի, հասարակականի հետ, այնպես էլ երևի՝ ազգայինն ու համամարդկայինը: Համաձա՞յն եք արդյոք այս մտքին:

— Ինչ որ տեղ՝ այո, որովհետև  գրականությունը չպետք է լինի մեկի կամ մեկ ժողովրդի համար: Իսկ չէ որ այդ մեկը բոլորի մեջ է ապրում, հետևաբար հնարավոր չէ, որ ինքն առանձին ձևավորվի: Կձևավորվի նաև այլոց մասնիկների էներգիայի դաշտում: Եվ այսպես չես կարող ձևավորել քո անձնականը: Եթե գրականության մեջ ձևավորես անձնականը, ապա դա շատ փոքրիկ կերևա ուրիշների տիեզերքից, հետևաբար անձնականի և հանրայինի խառնուրդը ազգայինով, բայց համամարդկային դաշտի մեջ լինելը միայն ամրացնում է: Եթե դու չունենալով  ազգային արմատներ, դուրս գաս դեպի համամարդկային դաշտ, կարծում եմ, որ կկորցնես քո նկարագիրը, որովհետև դու չունես քո ծննդյան փաստաթուղթը:

— Կա կարծիք, որ կին գրողները հիմնականում գրում են լոկ զգացմունքներից, սիրուց, խանդից դրդված, այլ ոչ թե միայն նրա համար, որ ասելիք ունեն: Ինչի՞ց են ծնվում Սոնա Համբարձումյանի  ստեղծագործությունները:

— Երբ գրիչ եմ վերցնում,  և ավելին, երբ ինչ որ մի գործ եմ անում, չեմ զգում, որ  կին եմ, զգում եմ, որ ես մարդ եմ նախևառաջ, դրա համար իմ գրիչը այդ կնոջ նրբությունը, սեթևեթանքները մի կողմ է նետում և տանում այն ուղով, որ լինի միայն մարդկայինը, և այդ մարդը իր մեջ կարող է ամփոփել տարբեր սեռեր: Օրինակ, վերջերս մի փոքրիկ պատմվածք եմ գրել, որը  մտադիր եմ մի 5 տարի հետո հրապարակել, որի հերոսը տղա է: Ես կարող եմ լինել և՛ տղամարդ, և՛ քար, և՛ արծիվ, և՛ ամեն- ամեն ինչ: Եվ սա է պոեզիան, երբ որ դու ամեն ինչի միջով ես քայլում, խոսում, և ոչ թե միայն որպես կին, ում հանկարծ ծաղիկ չնվիրեցին կամ հանկարծ աչքով արեցին և այլն: Չգիտեմ ինչքանով է ինձ հաջողվում, բայց ես ուզում եմ, որ իմ բանաստեղծությունները ոչ թե լինեն այլոց սիրային նամակների մի մասը, այլ  ուզում եմ, որ այն լինի կյանքի տարբեր ասպարեզներում հիշվող ինչ որ կերպար,  դեպք:

— Բայց մեր այսօրվա պոեզիան անմիջականորեն բխում է օրվա խնդիրներից, թե՞ ավելի շատ փոխառված է Եվրոպական ու ամերիկյան պոեզիայից, հաճախ վերացական է ու մեր իրականությունից կտրված:

— Եթե լինի վերցված, ապա դա չի կարող մեր պոեզիան լինել: Այսօր մենք ունենք շատ հրաշալի պոեզիա, որը վեր է հանում այսօրվա խնդիրները ոչ միայն կենցաղային, այլև քաղաքական ասպարեզում: Եվ եթե մենք այդ ազդեցությունների տակ գրենք, ապա կշատախոսենք, և արդյունքում ոչինչ չի ստացվի, ոչինչ մնայուն չի մնա ընթերցողի սրտում:

— Իսկ ինչու՞ հենց պոեզիա, այլ ոչ արձակ: Ո՞րն է դրանց տարբերությունը Ձեզ համար: Ի՞նչ կարելի է ասել բանաստեղծությամբ, որ չի կարելի ասել արձակով։ Երբևէ չե՞ք մտածել արձակ գրելու մասին։

— Ամեն ինչ էլ կարելի է ասել գրականության միջոցով, որովհետև երբեմն պոեզիան իր չափածո լինելով է դուրս գալիս և դառնում արձակ պոեզիա: Չնայած ես չունեմ այդպիսի տողեր, բայց ունեմ անհանգ սպիտակ տողեր, որոնք ես չեմ համարում արձակ: Իմ ասելիքը կտրուկ, երբեմն էլ առանց սպասված վերջաբանի է ավարտվում. այդպիսին են իմ տողերը իմ աչքերով: Այն հարցը՝ ինչու պոեզիա և ոչ արձակ, երևի թե պետք է տալ միայն մեկին, ով երբեք չի կարող ինձ հետ խոսել ու չի կարող ինձ պատասխանել. Աստծուն պետք է հարցնել:

— Կա՞ն ժամանակակից գրողներ, որոնց ստեղծագործությունները հաճույքով եք ընթերցում: Եվ ո՞ր բանաստեղծների ու արձակագիրների գործերը խորհուրդ կտաք ընթերցել:

— Իհարկե, կան: Ես ուզում եմ առաջինը նշել Արցախի գրողների միության բոլոր իմ գրչակից ընկերներին՝ թե՛ արձակագիր գրողներին և թե՛ չափածո բանաստեղծներին, երգիծաբաններին, որոնց հարգում ու  գրական  իմ ընտանիքի անդամներն  եմ համարում, Հայաստանի գրողների միության անդամներին՝ Արտեմ Հարությունյանին, Վահե Արսենին, Հովհաննես Գրիգորյանին, Հասմիկ Սիմոնյանին, ինչպես նաև միջազգային հարթակում Սփյուռքի մեր գրչընկերներին, ովքեր աջակցում են նաև այստեղի գրողներին՝ գրքեր տպագրելու, միջազգային փառատոններին մասնակցելու  հարցում, այսինքն՝ միշտ էլ  կա Հայաստան-Արցախ-Սփյուռք համամիասնությունը: Ասեմ, որ այդ կապը ինձ՝ երիտասարդ բանաստեղծիս, հնարավորություն տվեց 2 գիրք տպել՝ ամերիկաբնակ գիտնական և մտավորական  Հովսեփ Նալբանդյանի հովանավորությամբ, որն ի դեպ ունի բազմաթիվ  պատմվածքներ հայ լինելու և հայ մնալու մասին:

— Եթե Ձեր ստեղծագործությունները ներկայացնելու համար Դուք ունենայիք ընդամենը  2 բառ,  որո՞նք կլինեին այդ բառերը:

— Խենթ և իրական:

Հարցազրույցը՝ Անի Հովհաննիսյանի 

1