Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու բոլոր սահմանափակումներն իմաստազուրկ են. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալլոուն
Գլխավոր » Լրահոս » Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու բոլոր սահմանափակումներն իմաստազուրկ են. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալլոուն

Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու բոլոր սահմանափակումներն իմաստազուրկ են. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալլոուն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալլոունը հարցազրույց է տվել ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի՝ կառավարության հետ հարաբերությունների գծով տնօրեն Րաֆֆի Գարագաշյանին: Զրույցի ընթացքում նա Արցախի մշակույթի և արցախցիների նկատմամբ ունեցած հիացմունքից բացի խոսել է նաև Միացյալ Նահանգների՝ Արցախի Հանրապետության նկատմամբ սահմանած մի շարք սահմանափակումների վերացման անհրաժեշտության մասին:

Քաղաքական գործիչն այն կարծիքին է,որ իշխանություններն անընդհատ փորձում են վախեցնել Արցախ գնալ ցանկացողներին:

«Եվ ակնհայտ է, որ եթե նրանք փորձում են վախեցնել ինձ ու իմ կոնգրեսական գործընկերներին, ապա նույնն անում են նաև մասնավոր անձանց և գործարարների պարագայում»,-ընդգծել է կոնգրեսականը:

Բացի այդ, Փալոունն անդրադարձել է մարտի սկզբին ներկայացված բանաձևին, որի նպատակն է ստիպել ԱՄՆ իշխանություններին` չեղարկել Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու բոլոր սահմանափակումները:

«Այդ սահմանափակումներն իմաստազուրկ են, քանի որ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ շփումներ ունենալ արցախցիների հետ` այնտեղի ժողովրդի ու կառավարության հետ առնչվելու նպատակով»,-շեշտել է կոնգրեսականը՝ միաժամանակ հավելելով` Արցախը գործող ժողովրդավար երկիր է, որն ունի շուկայական տնտեսություն, ինչով շատ նման է ԱՄՆ-ին և առհասարակ Արևմուտքի երկրներին:

Փալլոունի կարծում է` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա երկրների միջև կլինի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցություն, սակայն քանի դեռ գործում են ամերիկյան կողմի սահմանափակումները, համագործակցությունն անօգուտ է:

Զրույցի ժամանակ կոնգրեսականը նաև հիշեցրել է, որ վերջերս դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով հանձնաժողովին՝ կոչով, ըստ որի` 2020թ. բյուջեի նախագծի շրջանակում Արցախի Հանրապետությանը տրամադրվելիք օգնության չափը պետք է ավելացնել:

«Շրջափակման և այլ պետությունների՝ այդ թվում նաև մեր կողմից չճանաչված լինելու փաստը վտանգում է Արցախի տնտեսությունը: Մինչդեռ ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ճանաչմանն ուղղված ևս մի քայլ կլինի: Իմ կողմից ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի ցույց տամ, որ այդ երկիրն իրական և ժողովրդավար է, գործում է մնացած մյուս երկրների նման և տնտեսական աջակցությունն ու ճանաչումը շատ կարևոր են նրա համար»,-մանրամասնել է Փալլոունը՝ հավելելով, որ Արցախին և Հայաստանին արտասահմանյան օգնության չափն ավելացնելու վերաբերյալ բաց նամակն արդեն ստորագրել է 32 օրենսդիր:

Փալլոունն ամերիկացի կոնգրեսականների շրջանում Արցախ կատարած ուղևորությունների թվով ռեկորդակիր է և այժմ անհամբեր սպասում է հաջորդ այցի հնարավորությանը:

«Ես միշտ վերադառանալու ցանկություն ունեմ: Ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, և Արցախը շարունակի ապրել որպես անկախ երկիր կամ, եթե հանրաքվե անցկացվի, ապա դառնա Հայաստանի մաս: Սակայն վերջնական նպատակը`Արցախը մնա հայկական ու ճանաչվի որպես այդպիսին՝ կա՛մ որպես հանրապետություն, կա՛մ որպես Հայաստանի մաս: Ես առհասարակ սիրում եմ այն ամենն ինչ հայկական է, և Արցախն այս առումով հայկականի մարմնավորումն է»,-նշել է Փոլլոունը:

Հարցազրույցը` տեսանյութում:

1