Ժողովրդական մարդը
Պատմական ու առօրյա դեպքերն ու դեմքերը արտասովոր ունակությամբ հիշող, գրական ստեղծագործությունների սիրահար, դրամների, քարերի, գրքերի հարուստ հավաքածուի տեր, համեստ, գրագետ, նվիրված հայր, ազատամարտիկ: Սրանք Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչ Կամո Իսաբաբյանին բնութագրող հատկանիշների միայն մի մասն են, այնքանը, որոնց հնարավոր էր ծանոթանալ մի քանի ժամվա ընթացքում:
Դրամների հավաքածուն
Տարիներ առաջ պատահաբար գտնված մետաղադրամը Կամո Իսաբաբյանի հարուստ հավաքածուի հիմքն է դառնում: «1997թ. էր. նկատում եմ, որ մեր բանջարանոցի ներքևի ջրափոսի սալի վրա մի բան է փայլում: Մոտենալով՝ տեսնում եմ, որ կոպեկ է` վրան գրված 1867թ.: Մտածում եմ՝ 1867թ. ծնվել են Նիկոլ Դումանը, Նար-Դոսն ու Մադաթ Պետրոսյանը. այս փողը պետք է պահեմ»,- պատմում է Կամոն: Դրանից հետո սկսում է ծանոթ-բարեկամներից թղթադրամներ ու մետաղադրամներ հավաքել: Այժմ 64 պետության դրամներ ունի` գործող և մարված: Ընդհանուր՝ 130 թղթադրամ կա հավաքածուի մեջ, 455 հատ էլ մետաղադրամ: Հասկանալի պատճառներով ամենաշատը ռուսական տարբեր դարաշրջանների դրամներն են:
Ամենահինը հունական հին արծաթե մետաղադրամն է, որը ծանոթ սակրավորներից մեկն էր ականներ որոնելու ժամանակ գտել ու հանձնել իրեն: Ամենայուրահատուկը ԱՍՖԽՀ 25 մլն-ոց թղթադրամն է, որն ազգականներից մեկն է նվիրել: Երբ համագյուղացիների, շրջակա գյուղերի բնակիչների, ծանոթների ձեռքն ինչ-որ դրամ է ընկնում, անպայման հանձնում են դրանց սիրահարին: Շատերը, նոր երկրներ այցելելով, համալրում են նրա հավաքածուն: Բազմաթիվ հեռավոր երկրների դրամներ Կամոն ձեռք է բերել Արցախ այցելած զբոսաշրջիկներից:
Կամո Իսաբաբյանը նպատակ ունի նյութական հնարավորության դեպքում տարիներով հավաքագրված դրամների ցուցադրություն կազմակերպել:
Մասիս սարը
Արցախյան պատերազմի տարիներին մարտական առաջին մկրտությունն ստացել է 1992թ. հունվարի 26-ին, Քարինտակում: Դրանից հետո կռվել է Մաճկալաշենում, Բերձորում, Խրամորթում և այլուր: 1993թ. սեպտեմբերի 17-ին Տիգրանակերտի մոտ ծանր վիրավորվել է: «Այդ օրը զոհված ընկերոջս ծննդյան օրն էր, դուրս էի եկել շրջակայքը հետախուզելու, երբ հանկարծ՝ հազիվ լսելի ձայն եմ լսում ու հասկանում, որ անզգուշաբար ական եմ գործի դրել: Վայրկենաբար մի քանի իրար հակադիր մտքեր են ծնվում՝ ցատկել, պառկել, որ կողմի վրա պառկել: Ու պառկում եմ հենց ականի վրա: Զինամթերքով էի շրջում միշտ. փամփշտակալն էր, երկու նռնակ, պայուսակը լիքը փամփուշտներ: Հենց այդ փամփշտակալներն էլ փրկել են»,- հիշում է Կամոն: Ստեփանակերտում վիրահատում են և ուղղաթիռով տեղափոխում Երևան: Վիճակը ծանր էր, վերականգնվելու հույս չէին տալիս, քանի որ համարյա բոլոր ներքին օրգանները վնասվել էին: Ուղղաթիռում կիսագիտակից, պառկած վիճակում էր, մոտն էլ կինն էր` Հասմիկը: Ինչքան մեծ է լինում կնոջ զարմանքը, երբ Կամոն առանց նայելու ասում է` Հասմիկ նայիր, Մասիսը երևում է: Այդ պահին տիկին Հասմիկի դարդը Մասիսը տեսնելը չէր, բայց մինչև հիմա զարմանում է, թե ոնց է այդ վիճակում, առանց նայելու իմացել, թե որտեղ են: Կամոն ունի դրա տրամաբանական բացատրությունը` զգացել է: Վիրահատությունը բարեհաջող է անցնում: Դրանից հետո շատ անգամ է վիրահատության ենթարկվել, բայց իրեն հատուկ հումորով Կամոն նշում է, որ դրանք շատ չեն եղել` 10 տարում 20 անգամ: Վիրահատությունների արդյունքում 29 բեկոր են հանել, 8-ն էլ դեռ մարմնի մեջ է (մեր բերած հարուստ թվական տվյալները մեկ անգամ ևս վկայում են Կամոյի արտակարգ հիշողության մասին):
121 տարի` ՀՅԴ անդամ
«ՀՅԴ անդամ եմ 1898 թվականից»,- խոսելով ՀՅ Դաշնակցությանն անդամակցելու մասին, ասում է Կամոն: Այդ թվականին է ծնվել պապը՝ դաշնակցական Արտեմ Պետրոսյանը: Նա Թևան Ստեփանյանի զինակիցներից մեկն էր: Մինչև հիմա համագյուղացիները հիշում են Արտեմին ու հաճախ են մեջբերում նրա մտքերը: Արտեմը միակն էր Ակնաղբյուր գյուղից, որ 1941-45թթ. կռիվների ժամանակ արձակուրդ է եկել գյուղ: Դեղաբույսերով մեկ օրում 45 ձի է բուժել, որի համար էլ արձակուրդ են տվել:
Գրականության նկատմամբ սերը
Կամո Իսաբաբյանի տան ամեն անկյունը մի հետաքրքիր հավաքածու է ամփոփում` գրքեր, թերթեր, դրամներ, քարեր: Դրանց մեջ առանձին տեղ են գրավում շրջանային, հանրապետական մրցույթներին ասմունքի բաժնում առաջնային տեղեր զբաղեցնելու համար տրված պատվոգրերն ու վկայականները: Մեծ սիրով տարբեր միջոցառումների, առիթների ժամանակ արտասանում է, հատկապես՝ Շիրազի բանաստեղծություններից:
Բանաստեղծությունների նկատմամբ սերը դպրոցական տարիներից է ի հայտ եկել: Այդ սերը փոխանցվել էր Կամոյի վաղամեռիկ որդուն` Լևոնին: Նա բանաստեղծություններ էր շարադրում, որոնցից մեկն էլ արտասանելով՝ հաղթել էր հանրապետական մրցույթում ու որպես խրախուսում` Հունաստան այցելել: Լևոնը միշտ Կամոյի ու ընտանիքի անդամների հետ է` ուրախանում է ծնողների ու քույրերի հաջողություններով ու տխրում նրանց տխրությամբ:
Մասնագիտությունը` ավտոփականագործ
Մասնագիտությամբ ավտոփականագործ Կամո Իսաբաբյանը կարող է մրցել ցանկացած գրականագետի, պատմաբանի հետ: Մանրամասնորեն տեղյակ է հայոց պատմության դրվագներից, գրողների գրական ստեղծագործություններից, իսկ հայտնի գործիչների, հայ գրողների գործունեության թվականները հիշելու հատկությունը դեռևս ուսուցիչներին էր զարմացնում:
Ներկայումս մասնագիտությամբ ավտոփականագործը զբաղվում է ամեն ինչով և, միաժամանակ, ոչնչով: Նա ընթերցում է, հող մշակում, տարբեր միջոցառումներ վարում, ներկաներին հիացնում գրական ասմունքով, խորհուրդների համար իրեն դիմողներին անպատճառ օգնում ու անընդհատ փնտրտում նոր միտք, նոր գաղափար, որոնք կարող են մի նոր հետաքրքիր նախաձեռնության հիմք դառնալ, ու երբեք չի կորցնում լավատեսությունը: Հենց այսպիսին է Կամո Իսաբաբյանը` ժողովրդական մարդը:
Տաթեւիկ Աղաջանյան