Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորեց Սփյուռքի դերը Արցախի ճանաչման գործընթացում

ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Սալոնիկի ՀՅԴ կոմիտեի կազմակերպությամբ մարտի 17-ին Արցախի Հանրապետությանը և ժողովրդին նվիրված ձեռնարկ կայացավ Սալոնիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ելույթով հանդես եկավ Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Սալոնիկի հոգևոր առաջնորդ Տեր Ստեփանոս Վարդապետ Փաշայանը ողջունեց ԱՀ ՄԵՀԶ նախարարին:
Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում նախ անդրադարձավ Արցախի Հանրապետության մշակութային, զբոսաշրջության ոլորտների զարգացման և երկրի միջազգային ճանաչման հեռանկարներին, ապա շեշտեց այդ գործընթացում Սփյուռքի ներգրավման անհրաժեշտությունը:
Ձեռնարկին մասնակցում էին հունական խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխնախարար Կոնստանտինոս Գյուլեկասը, Հունաստանի համապոնտական միությունների նախագահ Քրիսթինա Սախինիտուն, որոնք ԱՀ նախարարի հետ առանձնազրույցի ժամանակ իրենց զորակցությունը հայտնեցին Արցախի ժողովրդի արդար դատին: