Մեզ համար կարևոր են պետությունը և հայ ժողովրդի շահերը
Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և կրի պատասխանատվություն`հատուցելով հայ ժողովրդին. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը` ներկայացնելով գրասենյակի գործունեությունը, ապագա անելիքներն ու սպասելիքները։
— Ո՞րն է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հիմնական առաքելությունը:
— Հայ Դատի հանձնախմբերի գործունեությունը նոր չէ: Առաջին նախնական փորձն արվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց հիմնական հանձնախմբերը հիմնվել են 20 տարի հետո՝ 1965 թվականից հետո, երբ որոշվեց պայքարը քաղաքական դաշտ փոխադրել և պահանջատիրության իմաստով ներկայացնել միջազգային հանրությանը:
Հայ Դատի հանձնախմբեր ունենք աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ձևավորվել են հայկական համայնքներ: Առաջին գրասենյակը ստեղծվել է Վաշինգտոնում, որը մարդուժի իմաստով եղածներից ամենամեծն է:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ստեղծվել է 2000 թվականին, 2002-ին նստավայրը դարձավ Բրյուսելը, որովհետև Եվրոպայի սիրտն այնտեղ է, և հենց այնտեղ բացվեց գրասենյակը: Արդեն 17 տարի է, ինչ այն գործում է և համագործակցում Եվրոպայում գոյություն ունեցող Հայ Դատի 14 հանձնախմբերի հետ. ամեն երկրի Հայ Դատի հանձնախումբը պատասխանատու է իր երկրի հետ կապված հարցերի համար, երբ առաջանում են ավելի ընդհանրական հարցեր, որոնք վերաբերում են Եվրոպային, և անհրաժեշտ է մեր օժանդակությունը, այդ դեպքում, իհարկե, կա անմիջական համագործակցություն տվյալ հանձնախմբի հետ:
Նպատակ ունենք նոր Եվրոպական խորհրդարանի կազմավորվելուց հետո հիմնել Հայ Դատի հանձնախմբեր նաև այն երկրներում, որտեղ դեռևս չունենք:
— Իսկ տեղական այլ կազմակերպությունների հետ կա՞ն համագործակցության եզրեր:
— Հիմնական քաղաքական աշխատանքը տանողը Հայ Դատի հանձնախմբերն են, որոնք ունեն փորձառություն, գիտելիքներ ու կապեր: Անշուշտ, մենք չենք բացառում որևէ կազմակերպության հետ համագործակցություն: Բրյուսելում, օրինակ, գոյություն ունի «European friends of Armenia» կազմակերպությունը, որի անդամները միայն եվրոպացիներ են, և մենք նրանց հետ սերտորեն համագործակցում էինք, բայց, դժբախտաբար, վերջին շրջանում այս կազմակեպության հետ համագործակցությունը թուլացել է ոչ հայտնի պատճառներով, և Հայաստանում ժողովրդական շարժումից հետո նրանց ակտիվությունը բավականին նվազել է:
Երբ խնդիրն ավելի ազգային է, այլ ոչ թե քաղաքական, ապա համագործակցում ենք Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի գրասենյակի հետ: Ինչ վերաբերում է հիմնական համագործակցությանը, ապա Հայաստանի դեսպանությունների հետ ենք աշխատում: Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանությունը, կամ որ կուսակցությունն է իշխում, մեզ համար կարևոր են պետությունը և հայ ժողովրդի շահերը: Եվ նույնիսկ մեր կուսակցության`ՀՅԴ-ի համար ամենադժվարին պահերին, որոնք ստեղծվել էին հայրենիքում հանրապետության առաջին նախագահի` Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ իմ կուսակցական ընկերները հայաստանյան բանտերում էին, մենք չէինք դադարեցնում մեր գործունեությունը: Այժմ ամեն ինչ այլ է. մեր երկիրը ժողովրդավար է, և մեր համագործակցությունը շատ սերտ է: Կան հարցեր, որոնք կարող ենք լուծել միայն մենք, և կան այնպիսիք, որոնք կարող են լուծել միայն դեսպանությունները, և մենք համագործակցում ենք: Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ մենք Եվրոպայի քաղաքացիներ ենք: Իբրև Եվրոպայի քաղաքացիներ` մենք պահանջատեր ենք ու խնդրողի դերում չենք: Դեսպանությունը, որը օտար պետության ներկայացուցչությունն է, կարող է ունենալ տարբեր մոտեցումներ: Կան հարցեր, որոնք հնարավոր չէ բարձրաձայնել, և մենք` իբրև Եվրոպայի քաղաքացիներ և Եվրոպայի մեջ գործող կազմակերպություն, այլ կարողություններ ունենք: Հենց այս երկու կարողությունների միացյալ գործածությունն է, որ պիտի արդյունավետ լինի:
-Խոսենք Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի աշխատանքների առանձնահատկությունների մասին և այն հիմնական մարտահրավերներ, որոնք դրված են հենց Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի առջև:
— Սկսեմ Միացյալ Նահանգներից: Միացյալ Նահանգների մեր հանձնախմբի գործունեությունը լիովին տարբերվում է մերինից: Այն մեկ երկիր է`2 հիմնական կուսակցություններով, և դրանց քաղաքական հայեցակարգն ու ռազմավարությունը շատ չեն տարբերվում մեկը մյուսից: Հենց այս պատճառով ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, որը շատ մեծ ընկալում և ազդեցություն ունի հայկական համայնքներում, ունի մասնաճյուղեր երկրի մի շարք քաղաքներում: Նրանց հիմնական աշխատանքը Կոնգրեսի հետ է, կա հնարավորություն աշխատելու կոնգրեսականների հետ: Նրանք մեծ կարևորություն են տալիս Ցեղասպանության ճանաչման քաղաքական կողմին: Այստեղ պետք է հստակ նշել, որ դե ֆակտո Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, քանի որ երբ 50 նահանգներից 47-ն արդեն ճանաչել են, սա նշանակում է` 95%-ը ճանաչում, բայց դե յուրե նախագահը դեռևս չի ճանաչել: Սա, իհարկե, իրավականորեն էական ազդեցություն չունի, բայց քարոզչական իմաստով մեծ ազդեցություն ունի: Նրանք նաև փորձում են նյութական ու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, քանի որ կա հնարավորությունը: Եվ, իհարկե, նրանց համար կարևոր է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների բարելավումը և համագործակցության եզրեր գտնելը:
Միջին Արևելքում`Բեյրութում գործող գրասենյակն ամբողջովին տարբերվում է իր գործունեությամբ`ավելի շատ զբաղվելով հրատարակություններով, համալսարաններում դասախոսություններ կազմակերպելով, լրագրողներին և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին Արցախ տանելով, ինչը շատ կարևոր է:
Գործում է նաև գրասենյակ տարածաշրջանային հիմնական գործընկերոջ`Ռուսաստանի մայրաքաղաքում: Եվ, իհարկե Հայաստանում գործող մեր հիմնական գրասենյակը, որի ղեկավարն է Կիրո Մանոյանը:
Ի տարբերություն Միացյալ Նահանգների` Եվրոպական Միությունը բաղկացած է 28 երկրից, և ամեն երկիր ունի իր քաղաքականությունը, ռազմավարությունն ու մարտավարությունը: Այս երկրներից յուրաքանչյուրը խորհրդարանում ներկայանում է իր 3-4-ական կուսակցությունով: Այստեղ մեր աշխատանքը կայանում է, թե ինչ մարտավարություն պիտի որդեգրել այսպիսի կոնկրետ պարագայում:
Եվրոպայի գրասենյակի համար Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնային չէ այն իմաստով, որ մենք ավելի շատ կարևորում ենք հատուցման հարցը. Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և կրի պատասխանատվություն`հատուցելով հայ ժողովրդին:
Մեզ համար կարևորագույն հարց է Արցախի հարցը, այն պիտի դուրս բերվի մեկուսացումից։ Հայաստան-Եվրոպա հարաբերությունների մերձեցման հարցը ևս շատ կարևոր է։
Ունենք նաև մեր համայնքների հարցը, օրինակ երբ Սիրիայի հարցը շատ լուրջ էր, թեև մենք Եվրոպայում էինք, կարողացանք աջակցել ու երաշխավորել մեր հայրենակիցների ապահովությունը Հալեպում։
— Ո՞րն է այս անգամ Հայաստան այցի նպատակը։
— Մեր այս անգամվա աշխատանքի մեջ ներառված է Հայաստանի պետական կառույցների հետ համագործակցությունը։ Մենք արդեն հանդիպել ենք վարչապետի հետ: Այս այցի հիմնական առաքելությունը Ազգային ժողովի նոր կառուցվածքի հետ ծանոթացումն է, համագործակցությունը։ Արդեն հանդիպել ենք եվրոպական կառույցների հետ կապ ունեցող ԱԺ հանձնաժողովների ու պատվիրակությունների նախագահների հետ: Ունեցանք բավական երկար և անկեղծ խոսակցություն։ Լավատես ենք, որ այսպես կշարունակվի, և մեր համագործակցությունը կկայա։
Հանդիպել ենք նաև Ազգային ժողովի մյուս երկու կուսակցությունների՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ղեկավարների հետ. Խոսել ենք հավանական համագործակցության թեմայով։
Զրուցեց Մայա Ավետիսյանը