Երբ բոլորը լավ ապրեն, ես էլ ինձ լավ կզգամ
Գլխավոր » Լրահոս » Երբ բոլորը լավ ապրեն, ես էլ ինձ լավ կզգամ

Երբ բոլորը լավ ապրեն, ես էլ ինձ լավ կզգամ

«Ապառաժ»-ի զրուցակիցն է Արցախյան շարժման առաջամարտիկ, ազատամարտիկ Լևոն Ավանեսյանը, ում հանդիպեցի փետրվարի 13-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 31 տարի առաջ տեղի ունեցած հրապարակային ցույցի մասնակիցների ամենամյա հավաքի վայրում: Աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում Արցախյան ազատամարտին մասնակից տարբեր մարդկանց հետ: Նրանք հիմնականում ոգևորված, նախկին հավատն աչքերի մեջ ներկայացնում են շարժման սկզբնավորման, ընթացքի տարիները, կսկիծով հիշում զոհված ընկերներին: Եվ, չնայած նրանք չեն բարձրաձայնում, բայց զգացվում է որոշակի դժգոհություն և անվստահություն ապագայի նկատմամբ: Լևոն Ավանեսյանն այն եզակիներից է, ով, ինչպես ինքն է ասում, լավատես է ամեն ինչի նկատմամբ: «Եթե մի բան ես ուզում ձեռնարկել, պետք է լավատես լինես, որպեսզի ձեռնարկդ էլ հաջողի»,- ասում է նա:

Նրան միայն մի բան է մտահոգում: Այն, որ, ինչպես ինքն է ասում, տզրուկներով ենք շրջապատված. նրանք ավելի շատ են, քան նորմալ մտածողություն ունեցող մարդիկ:

«Հիմա շատերն են դժգոհում իրենց կյանքից, աշխատանքից, ասում` սրա համա՞ր ենք պայքարել, կռվել: Բայց մենք դա մեր լավ կյանքի համար չենք արել, այլ՝ ընդհանուրի: Երբ բոլորը լավ ապրեն, ես էլ ինձ լավ կզգամ»,- նշում է Լևոնը:

Արթուր Մկրտչյանը

Քչախոս Լևոն Ավանեսյանի հետ զրույցից պարզվում է, որ նա մտերիմ էր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հետ: Իր բնավորությանը չդավաճանելով` Լևոնը չի խորանում իրենց ընկերության մանրամասների մեջ: Նա նշում է, որ Արթուրի մեջ գնահատել է պարզությունը, մաքրությունը, ազնվությունը: «Այս հատկանիշներն էին նրա մոտ վառ արտահայտված, և ինձ այդ հատկանիշները սրտամոտ էին. գուցե ես էլ ինչ-որ տեղ այդպիսին եմ»,- ասում է Լևոնը և ավելացնում, որ  Արթուր Մկրտչյանը շատ բան կկարողանար փոխել, եթե ողջ լիներ: Այն ժամանակ պետական համակարգը դեռևս կայացած չէր, մասնագետների կարիք կար, որը նրան շատ է խանգարել:

«Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց հետո գնացել էի շնորհավորելու: Միջանցքում ինձ հանդիպելով՝ մոտեցավ և գրկախառնվեց. այ այդքան անմիջական ու հասարակ էր Արթուրը»,- հիշում է Լևոնը:

Արցախում ՀՅԴ վերընձյուղման մասնակիցը

Լևոն Ավանեսյանը՝ Արցախում ավելի քան վեց տասնամյակ բացակայելուց հետո վերականգնված կուսակցության` ՀՅԴ-ի շարքերը համալրած առաջին 5 հոգուց մեկն էր. մյուսներն էին՝ Աշոտ Սարգսյանը, Արկադի Կարապետյանը, Գենադի Ներսիսյանը և Հակոբ Խաչատրյանը: Նախնական շրջանում համախոհներով ստեղծված կուսակցությունը կրում էր «Արցախի ընկերվարական կուսակցություն» անվանումը: «Այդ կուսակցության հիման վրա է, որ կազմվեցին ՀՅԴ առաջին խմբերը»,- նշում է Լևոնը: Կուսակցությունն ունեցել է իր թերթը, որ «Ապառաժ» է կոչվել: Լևոնը նշում է, որ կուսակցության գաղափարական մասի պատասխանատուն էր, և հիշատակում Աշոտ Սարգսյանի անունը, ում հետ միասին հսկայական քարոզչական ու գաղափարական աշխատանքներ են կատարել:

Ասկերանի կոմունիստական շրջկոմի բաժնի վարիչն էր Լևոն Ավանեսյանը, և նկատել էր, որ դաշնակցական ու կոմունիստական ծրագրերը իրար շատ են նման ընկերվարական, գաղափարական սկզբունքների տեսանկյունից:

Դաշնակցության փաստացի հիմնադիրներից մեկն այժմ կուսակցության շարքերում չէ, և պատճառն ամենևին էլ գաղափարական տարակարծությունը չէ: Մի քանի տարի հետո որոշում էր ընդունվել, որ դաշնակցականները նորից պետք է վերանդամակցեին կուսակցությանը, ինչը Լևոնի համար անընդունելի էր. իսկ ինչի՞ն էր անդամակցում մինչ այդ: «Միշտ էլ հավատացել եմ Միացալ, Ազատ, Անկախ Հայաստանին»,- ասում է Լևոնը` ավելացնելով, որ չնայած Արցախում Դաշնակցություն կուսակցությունն արգելված էր, բայց ինքն ազգային, միացյալ հայրենիքի գաղափարներին  ծանոթ էր դեռևս դպրոցական տարիներին ընթերցած, շատ դեպքերում՝ արգելված գրականությունից:

Ծնունդով Ասկերանի շրջանի Շոշ գյուղից՝ Լևոն Ավանեսյանը պատերազմի տարիներին, բացի գաղափարական աշխատանքներից, Շոշի ջոկատի ու Բեկորի գումարտակի հետ մասնակցել է տարբեր շրջանների ռազմական գործողություններին: Իր բնավորության համաձայն՝ չի խորանում մանրամասների մեջ:

Մեր կարճատև զրույցի ամբողջ ընթացքում Լևոնը շեշտում էր, որ տարիքի հետ կապված շատ դեպքեր ու իրադարձություններ է մոռացել, կամ աղոտ է հիշում (շուտով տոնելու է ծննդյան 65-ամյակը): Կարծում եմ, որ դա ևս համեստության ու սեփական անձը չարժևորելու սովորության հետ է կապված: Յուրաքանչյուր հարցի հետ կապված անընդհատ խորհուրդ էր տալիս խոսել իր ժամանակակիցների հետ:

Տաթևիկ Աղաջանյան

1