Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Ը.Ե.Մ.Մ. խորհրդի ժողովին
21-24 Փետրուար 2019-ին,. Թունիսի Սուսա քաղաքի մէջ, տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Խորհրդի ժողովը, որին Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեց երկու ներկայացուցչով՝ Անահիտ Յակոբեան (Ֆրանսիա) եւ Եղիա Թաշճեան (Լիբանան): Համագումարին մասնակցում էին աւելի քան 50 ընկերվարական, յառաջադիմական եւ աշխատաւորական կուսակցութիւնների երիտասարդական կազմակերպութիւններ` տարբեր երկիրներից։
Ժողովի հիմնական թեմաներն էին բնապահպանական եւ ընկերային արդարութեան հարցերը։ Մասնակիցները քննադատեցին մեծ պետութիւնների անտարբերութիւնը վերոնշեալ հարցերի շուրջ։ Բնապահպանութեան վերաբերեալ ժողովը կոչ ուղղեց աշխարհի երկրներին` ջանք գործադրել միացնելու իրենց ճիգերը՝ կանխելու համար բնապահպանական աղետը:
Մասնակիցները նաեւ պահանջեցին, որ ընկերվարական կուսակցութիւնները բնապահպանութեան հարցը դիտեն որպէս առաջնահերդութիւն, այն ներառելով իրենց քաղաքական եւ ընտրական ծրագրերի մէջ և որդեգրեն կայուն զարգացման ծրագրեր (Sustainable development)։ Այդ պայքարի շրջանակներում է նաև ընկերային արդարութեան հաստատման հարցը, որի չիրականացումը վնասում է աղքատ եւ բանւոր դասակարգերի շահերը:
Խորհրդի ժողովում, ի շարս այլ հարցերի, քննարկուեց Վենեզուելլայի տագնապը, որի վերաբերեալ մասնակիցները կոչ ուղղեցին մեծ պետութիւններին` միջամուխ չլինել երկրի ներքին հարցերին, ինչպէս նաեւ շեշտեցին տագնապի խաղաղ լուծման եւ երկխօսութեան կարեւորութիւնը։
Ժողովը գնահատեց կանանց իրաւունքների ասպարէզում արձանագրուած յառաջխաղացքը եւ յայտարարեց, որ ընկերվարութիւնը ամբողջական չէ առանց ժողովրդավարութեան:
Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Խորհրդի ժողովը որդեգրեց բազմաթիւ բանաձևեր, որոնք կապուած էին բնապահպանական հարցերին, կանանց իրաւունքներին եւ ընկերային արդարութեանը:
Կարևորութեամբ նշում ենք, որ Հ.Յ.Դ. Երիտասարդականի առաջարկած բանաձեւը, որը վերաբերում էր «Հանքագործութիւնը և նրա ազդեցութիւնը բնութեան վրայ» հարցին, միաձայնութեամբ ընդունուեց։ Բանաձևի մշակման գործին մասնակցեցին Բուլղարիայի, Բելառուսիայի եւ Ուկրայինայի երիտասարդական միութիւնները: Բանաձեւին ի նպաստ խօսք առան բազմաթիւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։
Խորհրդի ժողովի շրջանակներում, Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները առանձին հանդիպումներ ունեցան Թունիսի, Պաղեստինի, Ուկրաինայի, Լիբանանի, Իրաքի քրդական եւ այլ երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ կողմերը շեշտեցին համագործակցութեան կարեւորութեան եւ շարունակականութեան հարցը:
Ընկերվար երիտասարդների միջազգային միութիւնը Ընկերվար-Միջազգայնականի երիտասարդական ուղեկից կազմակերպութիւնն է։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ. լիիրաւ անդամ է։
Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
26 Փետրուար, 2019