Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողով Իրանում
Գլխավոր » Լրահոս » Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողով Իրանում

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողով Իրանում

Իրանի Նոր Ջուղայի Հայ Դատի «Արձագանք» քարոզչական հանձնախմբի նախաձեռնությամբ 2019 թվականի փետրվարի 1-ին  Նոր Ջուղայում տեղի է ունեցել «Արցախյան շարժման 30-ամյակ. պատմություն, իրավիճակ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը, որտեղ հանդես են եկել զեկուցողներ Արցախից, Թեհրանից եւ Նոր Ջուղայից։

Արցախից խորհրդաժողովին մասնակցում էր ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սևակ Խաչատրյանը, ով ելույթ է ունեցել «Արցախյան հակամարտության մերօրյա զարգացումները, հիմնախնդրի բանակցային գործընթացը եւ կարգավորման հեռանկարը» թեմայով: Ստորև ներկայացնում ենք խորհրդաժողովի անցկացման նպատակի, ընթացքի և արդյունքների մասին «Ապառաժ»-ի զրույցը Սևակ Խաչատրյանի հետ:

— Ի՞նչ նպատակով էր կազմակերպվել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողովը:

— Խորհրդաժողովի հիմնական նպատակը Նոր Ջուղայի հայկական համայնքին, հայ հանրությանը Արցախի մասին առավելագույնս ճշգրիտ և արդիական տեղեկատվություն ներկայացնելն էր` սկսած Արցախյան շարժման սկզբնավորումից, ընթացքից մինչև մեր օրերը: Խորհրդաժողովում հետաքրքիր թեմաներ կային Արցախի բնակչության, վարչատարածքային բաժանման, կառավարման համակարգի, քաղաքական, հասարակական, մշակութային, սոցիալ-տնտեսական կյանքի մասին: Այսինքն, հիմնական նպատակն էր` Նոր Ջուղայի հայ համայնքին իրական հայացքով ներկայացնել Արցախը:

Զեկույցում նախ ներկայացրել եմ Արցախյան հարցի բանակցային գործընթացի պատմությունը` սկսած Արցախյան ազգային – ազատագրական շարժումից, Արցախի Հանրապետության հռչակումից մինչև այսօր, անցած բոլոր փուլերը, ապրիլյան քառօրյա պատերազմը, դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները, բանակցային գործընթացը, իրադրությունը ՀՀ թավշյա հեղափոխությունից հետո և, իհարկե, Արցախի դիրքորոշումը:

Խորհրդաժողովն ընթանում էր բավականին հետաքրքիր ձևաչափով: Բացի զեկուցաբերներից, մասնակցում էին Նոր Ջուղայի երիտասարդները, ուսանողները, ակտիվ հասարակական համայնքը: Յուրաքանչյուր ելույթից հետո քննարկում և հարցուպատասխան էր տեղի ունենում:

Նոր Ջուղայի հայ համայնքը բավական հետաքրքրված ու անհանգստացած է Արցախյան իրականությամբ, Արցախում տեղի ունեցող անցուդարձով:  Հետաքրքիր քննարկումներ են կայացել ոչ միայն հիմնահարցի կարգավորման, այլ նաև Արցախի հասարակական-քաղաքական, մշակութային կյանքի, վերաբնակեցման` որպես թիրախային ուղղության, և այս ոլորտներում Դաշնակցության անելիքների վերաբերյալ:

— Ինչո՞վ էր առանձնանում այս խորհրդաժողովը նման ձևաչափի այլ միջոցառումներից:

— Խորհրդաժողովը նվիրված էր Արցախին, ուսումնասիրության օբյեկտն Արցախն էր` իր բոլոր բաղադրիչներով: Այնպես չէ, որ Սփռյուռքում, հայ համայնքներում տեղյակ չեն Արցախի մասին, բայց այս անգամ մեր երկիրը ներկայացվեց ավելի լայն ասպեկտով: Բացի դրանից, լսարանի մեծամասնությունը երիտասարդներ էին, բավականին գիտական, պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացված էր Արցախը 30 տարի առաջ և այժմ` ըստ ժամանակագրության: Օգտակար և անհրաժեշտ ձևաչափով միջոցառում էր: Կարծում եմ, որ այն վարակիչ պետք է լինի այլ համայնքների համար, որովհետև Արցախը չպետք է միայն զգացական առումով դիտարկվի Սփյուռքում. շատ կարևոր է ավելի մանրամասն, բոլոր առումներով ներկայացնել Արցախը:

— Իրանը, որպես տարածաշրջանային պետություն, բնականաբար հետաքրքրվածություն ունի Արցախի հիմնահարցում: Կարո՞ղ են արդյոք նման խորհրդաժողովները նպաստել Արցախի ձայնը Իրանի հասարակությանը, ինչու չէ, նաեւ իշխանություններին հասցնելու գործում:

— Իրանը տարածաշրջանում մեզ համար բավականին կարևոր, լուրջ երկիր է: Հայերն ազդեցիկ դեր ունեն Իրանի Իսլամական Հանրապետությունում և խորը բարիդրացիական հարաբերություններ կան երկու ժողովուրդների միջեւ: Իհարկե, Արցախը դե յուրե չի ճանաչվել, բայց դա չի խանգարում, որպեսզի տարբեր բնագավառներում հարաբերություններ հաստատենք Իրանի հետ` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը Արցախի հետ բավականին մեծ սահման ունի: Կարծում եմ, Իրանի հայկական համայնքն իրենից կախված ամեն ինչ անում է օգտակար լինելու հայ-իրանական հարաբերություններում, բայց սա երկու երկրների իշխանությունների որդեգրած քաղաքականության, պետական մակարդակի դիվանագիտության և հարաբերությունների հարց է, որտեղ հայկական համայնքը կարող է միայն օգտակար լինել, հավելյալ լիցքեր հաղորդել այդ հարաբերություններին:

Տարածաշրջանում միշտ առկա է թուրք-ադրբեջանական տանդեմը, հատկապես Իրանի հյուսիսային հատվածում` հաշվի առնելով էթնիկ տարաբնակեցումը: Քանի որ առկա է նաև պանթուրքիզմի գաղափարը և թուրքական մեծ պետության ստեղծումը այս հատվածում, այդտեղ մեծ անելիքներ ունեն Հայաստանը, Արցախը և հայկական համայնքները: Արցախը տարածաշրջանում բավականին կարևոր աշխարհաքաղաքական տարածքում է գտնվում, եւ պետք է ճիշտ գնահատել ու օգտագործել այս ռեսուրսը:

— Նման խորհրդաժողովներն ինչքանո՞վ կարող են նպաստել համահայկական օրակարգ մշակելու գործին:

— Այս խորհրդաժողովը տեղեկատվական եւ ճանաչողական բնույթի էր՝ եթե կարելի է այդպես բնութագրել, բայց կարևորվում է այն առումով, որ հավաստի տեղեկատվությունը գործի սկիզբն է: Այդ տեղեկատվությունը պետք է հայկական շրջանակներից դուրս գա, և այստեղ է, որ հայկական համայնքն անելիք ունի:  Մեր երկրում էլ ձևաչափ պիտի մշակվի, որպեսզի հայանպաստ և հավաստի տեղեկատվությունը տարածվի իսլամական աշխարհում: Այս առումով մենք շատ գործ ունենք անելու:

Պետք է շարունակական լինեն նմանատիպ միջոցառումները, և մենք պետք է հայտ ներկայացնենք հասարակությունների միջև՝ թեկուզ մշակութային, գիտական մակարդակներով երկխոսության սկզբնավորման և հարաբերությունների զարգացման համար, քանի որ Արցախի չճանաչվածությունը խնդիր է պետական մակարդակով հարաբերություններ ունենալու համար: Ապրելով մեկ տարածաշրջանում, ցամաքային բավական լայն սահման ունենալով իրար հետ, 21-րդ դարում անընդունելի է շփման բացակայությունը:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

1