Հուշ-երեկո՝ նվիրված Արթուր Մկրտչյանին
Գլխավոր » Լրահոս » Հուշ-երեկո՝ նվիրված Արթուր Մկրտչյանին

Հուշ-երեկո՝ նվիրված Արթուր Մկրտչյանին

Փետրվարի 18-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում կայացել է Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հուշ-երեկո: Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, հյուրեր, Ա. Մկրտչյանի հարազատաները, մարտական ու գաղափարական ընկերները:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Արթուր Մկրտչյանի ընտանիքի անդամները, մարտական ու գաղափարական ընկերները՝ ներկաների համար բացահայտելով Արթուր Մկրտչյան աշակերտին, ամուսնուն, հորը, քաղաքական ու ռազմական գործչին:

Ա. Մկրտչյանի ուսուցիչ Միքայել Խաչիյանը նշել է, որ նա ոչ միայն սան էր, այլև ընկեր և հարազատ: «Դեռ 6-որդ տասարանում տեսնում էի, որ նրա մեջ նստած է գիտնականը: Բայց գիտնականի գործը շարունակել չկարողացավ, որովհետև Արցախյան շարժումը սկսվեց և նա զինվորագրվեց պայքարին: Խրամատից հասավ քաղաքականություն: Նրա քաղաքականության հենասյուներն են հայերենասիրությունը, բարոյականութունը»,- ասել է Միքայել Խաչիյանը:

Արթուրի գործընկեր, ազգագրագետ Հրանուշ Խառատյան նշել է, որ հաճախ խուսափում ենք ճշմարտությունն ասելուց, ինքներս մեր առջև արդարացի չենք, ինչը խորթ է Արթուրի բնույթին:  Նա այնուհետև ներկայացրել է Արթուրի պրպտումները Ղարաբաղի հարցի ճշմարիտ ու հիմնավորված ներկայացնելու գործում: Հրանուշ Խառատյանն ավելացրել է, որ Արթուրը յուրովի  քաղաքական կուրս ուներ, որին հետևելու դեպքում մենք այսօր բոլորովին այլ հանգրվանում կլինեինք:

Ելույթ ունեցողներից Գագիկ Ավանեսյանը հակիրճ ներկայացրել է Արցախյան շարժման բոլոր հանգրվաններում Արթուր Մկրտչյանի դերն ու կարևորել նրա կազմակերպչական ունակությունները:

Իսկ Արթուրի եղբայրը, քույրն ու կինը կիսվել են հավերժ երիտասարդ Արթուրի մասին հուշերով:

Հուշ-երեկոյի ընթացքում Արթուր Մկրտչյանի ժամանակակիցների հուշերն ու ելույթներն ընդմիջվել են երաժշտական, պարային կատարումներով:

 

1