Արյան գնով մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ
Ստորև ներկայացնում ենք Արցախում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի որոշ մասնակիցների կարծիքները ժողովի նշանակության և ՀՅԴ հետագա քաղաքական գործունեության վրա դրա ազդեցության մասին:
Ժողովի որդեգրած քաղաքական գիծը լինելու է պարտավորեցնող և ուղենշող. Դավիթ Իշխանյան
«Ժողովը կայանում է երկու հատկանշական զուգակցությամբ: Նախ՝ ՀՅԴ հերթական Ընդհանուր ժողովը գումարվում է խիստ պատասխանատու ժամանակահատվածում, և ապա՝ Դաշնակցության 128 տարվա պատմության ընթացքում առաջին անգամն է, որ այն տեղի է ունենում ազատագրված Արցախում: Երկու առումներով ոչ միայն ժողովի ընթացքը, այլ նաև արդյունքը, որդեգրած քաղաքական գիծն ու ռազմավարությունը լինելու են պարտավորեցնող և ուղենշող:
Ժողովի մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք՝ հուսալով, որ Դաշնակցության հերթական ժողովն իր ավարտին ամրության և վճռականության նոր նիշ կունենա, որոշումների ու բանաձևերի այնպիսի փաթեթ, որն ուղեցույց կդառնա առաջիկա տարիների համար, կորդեգրի այնպիսի քաղաքական ուղեգիծ, որով կերաշխավորվի մեր զույգ պետությունների ներքին ամրությունը և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ունակությունը:
Առիթից օգտվելով՝ ուզում եմ հայտարարել, որ 2019թ. ապրիլին լրանում է Դաշնակցության՝ Արցախ վերադարձի 30-ամյակը: Կանգնած լինելով Արցախի ազատագրման և արցախահայ պետականության վերականգնման ակունքներում՝ անցած 30 տարիներին Դաշնակցության աշխարհասփյուռ ընտանիքն իր ներուժի զգալի մասը թե՛ ֆիզիկական, թե՛ բարոյական առումով ներդրել է Արցախում:
Կյանքում իրողություն է դարձել «Դաշնակցությունն ու Արցախը բնական դաշնակիցներ են» կարգախոսը: Մենք լիարժեք գիտակցում ենք, որ Արցախի հաղթանակը մեր հաջողությունների միայն մի փոքր մասնիկն է: Մենք հարատև պայքարի գաղափարակիրներ ենք:
Ուրեմն, առաջ դեպի նոր հաղթանակներ, առաջ դեպի Ազատ, Անկախ, Միացյալ, ընկերվարական ու ժողովրդավարական Հայաստանի կերտում»:
Արցախի պատերազմով է, որ Դաշնակցությունը նորից վերընձյուղվեց հայրենիքում. Արմեն Ռուստամյան
Արցախում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի կազմակերպումը մեծ խորհուրդ ունի: Նախ եւ առաջ՝ այն պատճառով, որ Արցախից է սկսել մեր ամբողջ նորօրյա պատմությունը, եւ Արցախի պատերազմով է, որ Դաշնակցությունը նորից վերընձյուղվեց հայրենիքում: Երբ որ բոլորը զբաղված էին տարբեր հանրահավաքային գործընթացներով՝ Դաշնակցությունն էր, որ եկավ այստեղ եւ կազմակերպեց Արցախի ինքնապաշտպանությունը: Դա բոլորի համար փաստ է:
Այսօր մենք ունենք շատ լուրջ խնդիրներ՝ կապված Արցախի հիմնահարցի լուծման հետ: Հարկ է մեկ անգամ եւս մատնանշել, որ Արցախյան ազատագրական պայքարի ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ հաղթանակ: Այդ հաղթանակը հայկական երկու հանրապետությունները միասին են արձանագրել, որի արդյունքում մենք ունենք 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենի տարածք, որը պետք է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին: Սա է Դաշնակցության նպատակը, եւ այսօր մենք այստեղ ենք հենց դա փաստելու համար»:
Արցախը Հայաստանի վահանն է. Մուրադ Փափազյան
«Միջազգային մթնոլորտն ի նպաստ Արցախի չէ, զգացվում է, որ վտանգ կա, և Դաշնակցությունը որոշել է թե՛ Սփյուռքում և թե՛ Հայաստանում շարունակել կենտրոնացնել իր բոլոր ուժերը՝ հանուն Արցախի դատի, ժողովրդի և անկախության»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
ՀՅԴ Ընդհանուր ժողովը՝ պատմականորեն առաջին անգամն է, որ տեղի է ունենում Արցախում: Ըստ Մուրադ Փափազյանի՝ սա լուրջ քաղաքական նշանակություն ունի: «Դաշնակցության համար Արցախը առաջնահերթություն է, Արցախը Հայաստանի վահանն է, ինչպես ընկեր Հրայր Մարուխյանն էր ասում՝ Հայաստանի Ստալինգրադն է»,- ավելացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամը՝ վստահեցնելով, որ շարունակելու են Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ արվող քայլերը:
Անհրաժեշտ է ավելի զգոն եւ հաստատուն լինել. Հակոբ Բագրատունի
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի մասնակից Հակոբ Բագրատունու բնորոշմամբ՝ ժողովը պատմական է, որովհետև ՀՅԴ 128 տարվա պատմության մեջ առաջին անգամն է, որ ազատ, մարտունակ, հպարտ Արցախում է այն գումարվում:
«Այս հանգամանքը մեզ՝ դաշնակցականներիս, հավելյալ պարտադրանքի տակ է դնում՝ կայացնելու խոհուն, ճիշտ, զգոն և պայքարի պատմությանը համապատասխանող որոշումներ: Այսօր, երբ տեսնում ենք, որ Արցախի պայքարը որոշ հունավորում ունի և միաժամանակ մտահոգություններ ունենք Արցախի ապագայի առումով, բնականաբար, կարևոր որոշում է ժողովն այստեղ անցկացնելը»,- մասնավորապես ասել է Հակոբ Բագրատունին՝ ավելացնելով, որ 1919թ. ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը տեղի է ունեցել անկախ Հայաստանում: Դժբախտաբար, Հայաստանի վերանկախացումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արգելվեց ՀՅԴ գործունեությունը Հայաստանում: Բայց իշխանափոխությունից հետո բոլոր Ընդհանուր ժողովները կայացել են Մայր հայրենիքում:
Անդրադառնալով հետագա քաղաքական ուղեգծում շրջադարձային փոփոխությունների մասին հարցին՝ Հակոբ Բագրատունին նշել է, որ Ընդհանուր ժողովում բոլոր խնդիրները քննարկման նյութ են. «Շրջադարձային փոփոխություններ լինում են, երբ նախկին որոշումները սխալ են գնահատվում: Նախորդ Ընդհանուր ժողովի կայացրած որոշումները գործադրվեցին համապատասխան մարմինների կողմից. այս օրերին կվերաքննենք, բացթողումները կքննարկենք և այնուհետև համապատասխան որոշումներ կկայացննեք: Բայց հսկայական շրջադարձային որոշումներ հնարավոր է չլինեն, որովհետև այս պայմաններում անհրաժեշտ է ավելի զգոն ու հաստատուն լինել՝ տեղի ունեցող փոփոխությունների լույսի տակ»:
Արյան գնով մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ. Հակոբ Տեր-Խաչատուրյան
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելը աջակցության ևս մեկ ձև է հայկական երկրորդ հանրապետությանը, և վերահաստատելու, որ արյան գնով պատերազմի դաշտում մեր շահածը չի մսխվի դիվանագիտական սեղանների շուրջ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր—Խաչատուրյանը՝ մանրամասնելով, որ իրենք շատ առիթներով են եղել Արցախում, ունեցել համագումարներ, սակայն առաջին անգամն է, երբ Ընդհանուր ժողովը հենց այստեղ է անցկացվում:
«Հայ Դատի հիմնական խնդիրներն այսօր էլ շարունակում են մնալ նույնը: Դրանք սահմանվում են չորս կետերում և Հայաստանի պարագայում վերաբերում են պետական հիմքերն ամրապնդելուն, իսկ Արցախի պարագայում՝ ինքնորոշման իրավունքին և անկախության ճանաչմանը հասնելուն: Երկրորդը Ցեղասպանության և պահանջատիրության հարցն է: Դրան հաջորդում են մեր երիտասարդության քաղաքականացման խնդիրներին և հայապատկան հողերի մեջ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերը: Բարեբախտաբար, պատմությունը ցույց է տվել, որ Դաշնակցության կարևորությունը պայմանավորված չէ միայն ընտրություններով: Մենք պետք է հանդիսանանք արտախորհրդարանական ընդդիմություն՝ իր չափի մեջ ճիշտը ասելով և սխալը գնահատելով»,- ավելացրել է Հակոբ-Տեր Խաչատրյանը:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր առայժմ չկան. Կիրո Մանոյան
Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում գումարելը պատգամ է բոլորին, քանի որ ունենք ներքին ազգային միասնականության խնդիր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Բնականաբար, ընթացքում պետք է քննարկվեն նաև այլ հարցեր: Ընդհանուր ժողովին մասնակցում են նաև հրավիրյալներ Սփյուռքից, քանի որ վերջինիս մասնակցությունը Արցախյան շարժմանը կարևորվել և եղել է անփոխարինելի այն իմաստով, որ արվել է հնարավորը Արցախին աջակցելու հարցում:
Սփյուռքի գլխավոր դերակատարությունն այն է, որ Արցախի հարցը բարձրացվում է արտերկրում: Սակայն կարծում եմ, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր տեսնելու հիմքեր առայժմ չկան, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր նույն բացասական խափանարար կեցվածքը: ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով քարոզչական դիվանագիտական տեսանկյունից ներկայանալ, սակայն երբ լրջանա պահը և լինեն բանակցություններ, մենք կտեսնենք Ադրբեջանի բացասական դերակատարությունը, ինչն էլ հիմք է տալիս ասելու, որ, դժբախտաբար, 2019 թվականին դրական տեղաշարժեր չեն լինի»,- նշել է Կ. Մանոյանը: