Արցախը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Արցախը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում

Արցախը համահայկական օրակարգի առաջին հորիզոնականում

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը կայացավ Արցախում: Սա արդեն պատմական իրողություն է: Պատմական իրողություն, որը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի այս հանգրվանում առավել ուշադրության արժանի է, զուգահեռների դիտարկման և շահերի զուգակցման ու հակադրության պարզորոշման առիթ:

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի կիզակետը վերջին 30 տարիների ընթացքում եղել է Արցախը, իսկ Դաշնակցությունը ազատագրական պայքարի ակունքներում է եւ գաղափարակիրը: 1890-ական թվականներին, երբ հիմնադրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այն դարձավ Արեւմտյան Հայաստանում մղվող ազատագրական պայքարի ռահվիրան: Իսկ դրանից 100 տարի հետո այդ ազատագրական պայքարը շարունակվեց Արցախում: Դաշնակցությունը դարձյալ առաջնորդի դերում էր: Երկուսի պարագայում էլ Դաշնակցության ներկայությունն ու դերակատարությունն անուրանալի է: Անուրանալի է Դաշնակցության ներկայությունը հայկական պետականության կերտման փուլերում եւս. 1918-ին՝ Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման, իսկ 1992-ին՝ Արցախի:

Բազմիցս ասվել է, որ Դաշնակցությունն ու Արցախը ռազմավարական դաշնակիցներ են: Վերը նշվածը վկայությունն է հենց այդ ռազմավարական դաշնակցության: Ազգային ազատագրական պայքարի կիզակետում միշտ լինելու է եւ կա Դաշնակցությունը: Սա ՀՅԴ-ի 33-րդ Ընդհանուր ժողովի հիմնական պատգամն էր, որին ականջալուր եղան թե՛ ներազգային եւ թե՛ միջազգային ճակատներում:

Ընդհանուր ժողովի ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո հրապարակված հայտարարություններում եւ մամլո ասուլիսներում դաշնակցական գործիչների առանցքային նյութը հանդիսացել է Արցախը: Դաշնակցությունը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ անվերապահ աջակցություն հայտնելով «Արցախի Հանրապետության իշխանություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության եւ տարածքային ամբողջականության ապահովման հարցերում» եւ իր պատրաստակամությունն է հայտնել՝ ինչպես նախկինում, այսուհետ եւս հանձնառու լինել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դաշնակցության համար Արցախի տարածքային ամբողջականությունն ու անկախ պետականության կարգավիճակն անսակարկելի են: Իսկ Արցախի հիմնահարցի ուղղությամբ «Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորի հանձնառությամբ»: Այդ հանձնառությունն ամրագրելու համար պետք է ունենալ իրավական հիմք, եւ դա կարող է իրականացվել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումով:

Ահա այն առանցքային հարցերը, որոնք մեկ անգամ եւս շեշտվել են ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի ընթացքում: Դաշնակցությունը հավատարիմ է՝ զարգանալ չզիջելով սկզբունքին: Առ այդ՝ անընդունելի է որեւէ զիջողական տարր պարունակող դրսեւորում, հատկապես՝  արտաքին քաղաքականության ասպարեզում: Զիջողականությունը շեղում է ազգային ուղեգծից եւ նպատակադրումներից:

Այսպիսով, ազգային ազատագրական պայքարի կիզակետում՝ Արցախում կայացած ժողովը Արցախի հետ միասին ազատության տենչող հայի պատգամն է հաղորդում համայն աշխարհին:

«Ապառաժ»-ի խմբագրական, 1 փետրվարի, 2019թ.

1