ՀՅԴ ԱԵՄ-ը Նոր Բրաջուրի փոքրիկների կողքին
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԱԵՄ-ը Նոր Բրաջուրի փոքրիկների կողքին

ՀՅԴ ԱԵՄ-ը Նոր Բրաջուրի փոքրիկների կողքին

Հունվարի 13-ին ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում էին: Այցի նպատակը միության խմբերից «Արմեն Ավագյան» խմբի կողմից դեռևս դեկտեմբեր ամսում հայտարարված Ամանորյա նվերների հավաքման ծրագրի արդյունքում ստացված նվերների հանձնումն էր Նոր Բրաջուրի համայնքի փոքրիկներին:

ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական Վարչության ատենապետ Բենո Միրզոյանի խոսքով՝  ծրագրի միջոցով ցանկություն են ունեցել նախ շնորհավորել դպրոցականների Ամանորը և Սուրբ Ծնունդը, այդ օրը տոն դարձնել նրանց համար, անձամբ աջակցություն հայտնել սահմանամերձ, վերաբնակեցված գյուղի բնակիչներին, ապա նաև ծանոթություն հաստատել տվյալ համայնքի երեխաների հետ:

 

 

Անհատ նվիրատուների կողմից պատրաստված և տեղ հասցված 30-ից ավելի նվերները բաժանվել են փոքրիկներին, որոնք էլ իրենց հերթին հանդես են եկել արտասանություններով, երգերով:

Նոր Բրաջուրի Սևակ-Սևանա Էրումյանների անվան դպրոցի տնօրեն Համլետ Թադևոսյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ գյուղը կտրված է մայրաքաղաքից և շատ ուրախալի է նման միջոցառումների կազմակերպումը: «Իմ տնօրինության շրջանում առաջին դեպքն է, որ երիտասարդական կազմակերպությունը գյուղում ծրագիր է իրագործում: Ցանկալի կլինի, որպեսզի բացի շրջկենտրոններից նաև գյուղերում էլ տարատեսակ միջոցառումներ կազմակերպվեն: Դրանց շնորհիվ երիտասարդները, դպրոցականները զգում են, որ ուշադրություն կա համայնքների նկատմամբ»,- նշել է Համլետ Թադևոսյանը:

1