Վճռականության եւ նորանոր հաջողությունների ակնկալիքով
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Վճռականության եւ նորանոր հաջողությունների ակնկալիքով

Վճռականության եւ նորանոր հաջողությունների ակնկալիքով

2018 թվականը հայկական աշխարհի համար վայրիվերումներով լի տարի էր: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած համաժողովրդական շարժումը հուզեց ողջ հայ ժողովրդին: Հայաստանը եւ Հայաստանին վերաբերվող նյութերը համաշխարհային լրատվական դաշտի առաջին տողերում էին: Տեղի ունեցած համաժողովրդական շարժումը իր հետ բերեց նոր իշխանություններ, նոր իշխանական համակարգի հաստատման նախնական ծիլեր, եւ ըստ դրան՝ քաղաքական դաշտի ձեւավորում եւ այդ դաշտում դերակատարների արմատական փոփոխություն:

Քաղաքական նոր դեմքերի ի հայտ գալով՝ բնականաբար ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ առաջացան բազմաթիվ հարցականներ, մոտեցումների եւ կիրառվող գործիքակազմերի անորոշության մթնոլորտ: Իրավիճակը ինչ-որ չափով հասկանալի է եւ բնական: Սակայն, ինչքան կարճ է լինում այդ անորոշությունների ժամանակահատվածը, այնքան ավելի շուտ կարելի է հասնել արդյունավետ կառավարման եւ զարգացման ակնկալվող փուլին: Այս դիտանկյունից՝ հատկապես ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում մեր ուշադրության կենտրոնում է Արցախյան հարցի շուրջ ծավալվող իրողությունները:

2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը եղավ այն անկյունադարձը, որից հետո թե՛ միջազգային հանրության եւ թե՛ հակամարտության երկու կողմերի մոտ հստակեցվեցին որոշ հարցեր, որոնք գալիս էին առոչինչ անելու նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ առումով՝ հայկական կողմի ձեռք բերած առավելություններն ակնհայտ էր Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների արդյունքում: Պայմանավորվածություններ, որոնց առկայությունը ոչ միայն հայկական կողմից արծարծվեց, այլ նաեւ հաստատվեց թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ եւ թե՛ այդ երկրների ներկայացուցիչների կողմից առանձնաբար: Ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ պայմանավորվածությունները: Պարզ բառերով՝ հետեւյալը. հետաքննությունների մեխանիզմի ներդրման եւ դիտարկման սարքավորումների տեղադրումը արգելում էր որեւէ կողմից կրակի կիրառումը: Այլ խոսքով, ինչ-որ ձեւով ճանաչվում էր ներկայում գոյություն ունեցող սահմանային գիծը, եւ դա հակասում էր բանակցությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ներկայացվող տրամաբանությանը:

ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում տիրող անորոշությունները պատճառ են դարձել վերջին ժամանակաշրջանում, որպեսզի ակտիվանան Ադրբեջանական եւ, ինչու չէ, նաեւ՝ թուրքական կողմի հայտարարությունները Արցախյան հարցի կապակցությամբ: Իհարկե, հայկական կողմի պատասխանները չեն ուշանում,

սակայն պետք է նշել, որ դրանք չեն պարունակում կուռ կեցվածքի հստակ եւ վճռական տրամաբանության հատկանիշներ: Մտահոգության առարկա է այն հանգամանքը, որ այս ասպարեզում ՀՀ նախկին իշխանությունների ձեռք բերած հաջողությունները եւս, ի խնդիր նախկին իշխանություններին փնովելու եւ քննադատելու, անտեսվում են կամ արժեզրկվում: Դա անթույլատրելի է, չի կարելի «Հռոմի կայսրին վեր դասել Հռոմից»:

Հույսով ենք, որ 2019 թվականը կդառնա անորոշությունների փարատման, վճռականության եւ նորանոր հաջողությունների տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

«Ապառաժ»-ի խմբագրական, 27 դեկտեմբեր, 2018թ.

1