«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է օտարերկրացիներին հողի գնման իրավունք շնորհելուն
Գլխավոր » Լրահոս » «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է օտարերկրացիներին հողի գնման իրավունք շնորհելուն

«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է օտարերկրացիներին հողի գնման իրավունք շնորհելուն

Դեկտեմբերի 20-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի ընթացիկ նստաշրջանի եզրափակիչ նիստի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքին:

Երկրորդ ընթերցմամբ ներկայացված հողային օրենսգրքի նախագիծը ենթադրում է օտարերկրյա քաղաքացիներին «ավելի պարզ ընթացակարգով եւ մեծ լիազորություններով Արցախում այգեգործական նշանակության տարածք եւ ցանկացած այլ գույքի տնօրինման հնարավորության ընձեռնում՝  ԱՀ քաղաքացիներին հավասար իրավունքով: Օրենքի ընդունմամբ՝ օտարերկրացիները կարող են ձեռք բերել համայնքային եւ պետական պահուստային ֆոնդի հողամասերը:

«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ-ում գործող նմանօրինակ օրենքին՝ նշելով, որ այն կարգավորվում է մեկ այլ՝ երկքաղաքացիության օրենքի միջոցով:

«Արցախի պարագայում հարցն այլ հնչեղություն ունի: Մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք եւ մեր պետական պահուստային ֆոնդի հողամասերը գտնվում են սահմանամերձ տարածքներում: Այդ իսկ առումով մեր մոտեցումը միանգամայն այլ է»,- ասել է Գաբրիելյանը:

Պատգամավոր Դավիթ Իշխանյանի մտահոգությունները քաղաքական, անվտանգության, ինչպես նաեւ օրենքի ընդունման տնտեսական անարդյունավետության հարցերին էին առնչվում:

«Օրենսդրական փոփոխությունները որեւէ առումով չպետք է պայմանավորված լինեն անհատական շահերի, անհատական ներդրումային ծրագրեր իրականացնելու հետ, այլ բացառապես պետք է պայմանավորված լինեն պետական շահի եւ ազգային անվտանգության հետ: Ես որոշակի շտապողականություն եմ տեսնում տնտեսական շահ չերաշխավորող նմանօրինակ օրինագծի ընդունման մեջ»,- ասել է Իշխանյանը՝ կոչ անելով ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին՝ առաջարկելով մշակել ավելի մեղմ պայմաններով վարձակալման նախագիծ եւ նախաձեռնել հողային օրենսգրքի փոփոխություն:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժ. Միրզոյանն անդրադառնալով պատգամավորների նկատառումներին նշել է, որ առանց կառավարության համապատասխան որոշման՝ հաստատված ԱԳՆ-ի, ՊԲ-ի ԱԻՆ-ի, էկոնոմիկայի, բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների կողմից՝ օտարերկրացիները չեն ստանալու հողի գնման իրավունք:

«Նշածս պետական մարմինները կարող են կիրառել վետոյի իրավունքը եւ չընդունել համապատասխան որոշումը: Բացի այդ՝ միայն համապատասխան ներդրումներ կատարելուց հետո օտարերկրացիներն իրավունք ունեն ձեռք բերելու հողամաս՝ այն էլ գնված տարածքը այլ նպատակով չօգտագործելու հստակ պայմանով»,- ասել է գյուղնախարարը:

Միրզոյանը հավելել է նաեւ, որ իրավական տեսանկյունից փաթեթը պարունակում է ամրագրումների այնպիսի համակարգ, որը բացառելու է Արցախի պաշտպանունակության եւ տնտեսական ոլորտներում որեւէ խաթարում եւ թուլացում:

«Օրենքի նախագիծն ունենալու է հակառակ ազդեցությունը: Օտարերկրյա կապիտալի ներդրման շնորհիվ Արցախը կունենա նոր տեխնոլոգիական հնարավորություններ, ապրանքների արտահանման եւ իրացման նոր ճանապարհներ»,- վստահեցրել է Ժիրայր Միրզոյանը:

Սակայն գյուղնախարարի պատասխանները համոզիչ չէին «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորների համար: Խմբակցությունը դեմ է քվեարկել օրինագծին, որն ընդունվել է՝ 24 կողմ, 6 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

1