Մանկական նվնվոցը Բաքվի դիվանագիտական զինանոցում
Մերձավոր շրջապատի հետ հաղորդակցվելու այս միջոցը, անշուշտ, հատկանշական է օրորոցային տարիքի ցանկացած մանկան։ Ո՞վ չգիտե, որ բարուրված փոքրիկի նվնվոցը դժգոհության ու բողոքի ազդանշան է. երեխան կամ սոված է, կամ ծծակն է ընկել բերանից, կամ էլ պարզապես թրջել է տակը։ Տարօրինակ ոչինչ չկա դրանում. ամեն ինչ բնական է ու մարդկային։ Տարօրինակն այն է, որ դժգոհելու մանկական այս արտահայտչամիջոցը, որպես անանց սովորություն, տակավին շարունակում է հատկանշական մնալ Ադրբեջան կոչվող մեր հարեւան պետության պահվածքում՝ չնայած բավական հասուն տարիքին, երբ թվում է, թե վաղուց պետք է դուրս եկած լինի իր բարուրային խառնվածքից։ Իհարկե, երեւույթն արտասովոր ոչինչ չէր պարունակի, եթե այդ մանկական նվնվոցը նա ուղղեր բացառապես իր անփոխարինելի ստնտուին՝ Թուրքիային։ Ով-ով, բայց Անկարան իսկույն եւեթ կարձագանքեր Ադրբեջանին՝ նրա գլխավերեւն ավելի լայն փռելով հոգածու ծնողի թե ավագ եղբոր իր ապահով հովանին։ Մինչդեռ Բաքվի նվնվոցային բողոքները շատ հաճախ, պատկերավոր ասած, ՙականջ են ծակում՚ ոչ այնքան Անկարայում, որքան աշխարհի այլ մայրաքաղաքներում՝ սովորույթի ուժով վերածվելով տարբեր պետությունների եւ, առհասարակ, միջազգային հանրության հետ հաղորդակցվելու միակ դիվանագիտական միջոցի։
Ինչ խոսք, ամենեւին պատահաբար չընտրեցի ՙականջ ծակել՚ բանահյուսական դարձվածքը։ Մի՞թե հենց այդ տպավորությունը չեն թողնում պաշտոնական Բաքվի անդադար նվնվոցներն իբր թե Հայաստանի վարած ՙզավթողական քաղաքականության՚ կապակցությամբ, որի հետեւանքով, ինչպես պնդում են Ապշերոնի թերակղզում, 90-ականների պատերազմի ընթացքում հայկական կողմն օկուպացրել, այսինքն՝ բռնազավթել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ նախկին ինքնավար մարզի յոթ հարակից շրջանները կամ, բոլորը միասին վերցրած, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, բռնագաղթի ենթարկելով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի խաղաղ բնակիչների։ Եվ կամ նույն այդ տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւի մասին Բաքվի մշտական հիշատակումները, բանաձեւեր, որոնցում իբր թե ամրագրված է Հայաստանի զինված ուժերն այդ տարածքներից դուրս բերելու մասին հրամայականը։ Երեւի թե ավելորդ է ասել, քանզի հանրահայտ է, որ աշխարհը, միջազգային հանրությունը վաղուց արդեն հոգնել են Բաքվի այդ բողոքներից ու, բառիս բուն իմաստով, հորանջում են ձանձրույթից։ Ի վերջո, ինչքա՞ն կարելի է աներեսաբար ստել՝ թացն ու չորն իրար խառնելով կամ, այլ կերպ ասած, ամեն ինչ
գլխիվայր շրջելով։ Ի վերջո, ու՞մ չէ հայտնի, որ հենց Ադրբեջանն է չհայտարարված պատերազմ սանձազերծել բացառապես ժողովրդավարական միջոցներով իր ազատության համար պայքարի ելած արցախահայության դեմ՝ ձգտելով առնվազն հայաթափել կամ, առավելագույնը, բնաջնջել պատմական Արցախ հայաշխարհի բնակչությանը, ինչպես դա նրան հաջողվել է Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, մյուս հայահոծ քաղաքներում ու շրջաններում։ Բայց պատերազմում, ինչպես հայտնի է, հակամարտ կողմերին երբեք գաթա չեն բաժանում։ Պատերազմում իրար դեմ կռվող բանակները կամ հաղթում են, կամ պարտվում, ինչպես որ հին Սպարտայում էին ասում՝ կամ վահանով, կամ վահանի վրա։ Եվ ահա, իր իսկ նախաձեռնած պատերազմում Ադրբեջանի կանոնավոր բանակին բաժին հասավ խայտառակ պարտությունը, որ նրան պարտադրեցին Արցախի ինքնապաշտպանության ուժերը՝ հընթացս ազատագրելով նաեւ ադրբեջանական գերության մեջ մնացած Պատմական Հայաստանի տարածքների ընդամենը մի փոքր հատվածը՝ նախկին յոթ շրջանների կազմով։ Իսկ ահա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում շեշտադրվել է լայնածավալ պատերազմի վերածված հակամարտության գոտուց ոչ թե Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հրամայականը (Հայաստանի անունն անգամ չկա, չի նշվում այդ փաստաթղթերում), այլ մարտական գործողությունների դադարեցման պարտադրանքը, ինչը, փաստորեն, չիրականացավ հենց Ադրբեջանի շարունակական գործողությունների պատճառով։ Մենք՝ հայերս չէ միայն, որ ասում ենք այդ մասին: Այդ անժխտելի իրողությունը քանիցս վկայել ու հաստատել են նաեւ միջազգային միջնորդները, հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգռված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Բայց փորձենք կտրվել ոչ հեռավոր անցյալից՝ նախորդ դարի 90-ական թվականներից, ու վերադառնանք ներկայիս օրերը, որոնք ոչ պակաս լեցուն են, կասեի՝ առլեցուն են Բաքվի իշխանությունների դիվանագիտական զինանոցին հատկանշական մանկական բնույթի թնգթնգոցներով։ Այս անգամ դրանք հնչում են Արցախի եւ նրա իշխանությունների միանգամայն խաղաղ ձեռնարկումների կապակցությամբ, որոնք, ինչպես որ 90-ականների պատերազական շրջանում արցախյան զինված ուժերի հակահարձակ ռազմական գործողություններն էին, դժվար չէ նկատել, նույնպես խիստ անհանգստացնում ու զայրալից վրդովմունքի տեղիք են տալիս մեր չարաբաստիկ հարեւաններին։
Խոսքս մասնավորապես վերաբերում է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ ու կազմակերպական ջանքերով իրականացված հերթական դրամահավաքին եւ այդ կապակցությամբ Փարիզ, ապա եւ Լոս Անջելես մեկնած, իսկ հետդարձի ճանապարհին Մոսկվա ժամանած Արցախի
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության աշխատանքային այցերին։ Հայտնի է, որ նախորդ տարիների պես համայն հայությունը դարձյալ աշխույժ մասնակցություն է ունեցել ազգային տուրքի հանգանակմանը՝ լայն աջակցություն ցուցաբերելով մայր հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի շենացման գործին, ի լրումն նաեւ՝ ձգտելով սպեղանի դնել պատերազմից տուժած սիրիահայ համայնքի վերքերին։ Արդեն երկու տասնամյակ ի վեր պարբերաբար կյանքի կոչվող ամենամյա դրամահավաքը, ինչ խոսք, էական նշանակություն ունի մեր ժողովրդի բարօրության կայացման գործում։ Միեւնույն ժամանակ՝ այն յուրօրինակ հանրաքվեի դերակատարություն ունի աշխարհասփյուռ հայության կյանքում՝ ի տես համայն աշխարհի ցուցաբերելով մեր ժողովրդի վճռական համախմբումը համազգային խնդիրների շուրջ։ Ահա հայերիս համազգային ՙմենք՚-ի այս ցայտուն իրողությունն է հենց, այլ ոչ այնքան դրամահավաքների ընթացքում ամեն տարի հանգանակված մեկ կամ մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումարները, որ առավելապես անհանգստացնում է Ադրբեջանին։ Բաքվում, անշուշտ, լավ են գիտակցում, որ աշխարհի հայության միասնականությունն առավել զորավոր ուժ է, քան այն միլիարդավոր նավթադոլարները, որոնք, քամվելով երկրի ընդերքից, հանգրվանում են ոչ թե պետական գանձարանում՝ ի շահ երկրի ու ժողովրդի, այլ առանձին անհատների, առանձնապես Ալիեւների եւ Փաշաեւների ընտանեկան հաշիվներում։ ՙԱդրբեջանը,- ասում է Ռուսաստանի նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, ՙՌուսաստանի թալիշական սփյուռք՚ հասարակական կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը,- առավելապես նման է ՙՀեյդար Ալիեւի անվան՚ փակ բաժնետիրական ընկերության, որին տիրելու համար ներկայումս այնպիսի միջկլանային պայքար է մղվում, ինչպիսին է Հաբսբուրգների իսպանական ժառանգության համար մղվող պատերազմը՚։
Եվ ահա Հեյդար Ալիեւի անունը կրող նույն այդ ՓԲԸ-ն, կամ միով բանիվ՝ Ադրբեջանը, հավատարիմ մնալով մանկական նվնվոցը երկինք հանելու իր բարուրային սովորությանը, բողոքի նոտաներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների մայրաքաղաքներին՝ խոր վրդովմունք հայտնելով այդ երկրներ Արցախի նախագահի աշխատանքային այցերի կապակցությամբ։
Առաջին նոտան հղվել է Ֆրանսիայի իշխանություններին։ Այն հանձնելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն անցել է բացահայտ սպառնալիքների՝ ասելով, թե նման փաստերը, ինչպես նաեւ ֆրանսիացի խորհրդարանականների դիտորդական մասնակցությունը, նրա իսկ արտահայտությամբ, «անօրինական»
խորհրդարանական ընտրություններին, իբր, հակասում են ադրբեջանա-ֆրանսիական գործընկերային հարաբերություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահող երկիր Ֆրանսիայի մանդատին: Ինչպես միանգամայն իրավացիորեն նշում է ՙԳոլոս Արմենիի՚ ռուսալեզու թերթի քաղաքական մեկնաբան Մարինա Մկրտչյանը, Բաքվի դժգոհությունն ամեն անգամ իր կիզակետին է հասնում, երբ կրկին վերահաստատվում են Արցախի հետ Ֆրանսիայի հարաբերությունների զարգացումն ու խորացումը տեղական կառավարման մարմինների մակարդակով, ինչը քանիցս արտահայտվել է տարաբնույթ նոտաներում, հայտարարություններում, դիմումներում ու նվաստացուցիչ խնդրանքներում։
Նույն կամ գրեթե նույն բարուրային դժգոհություններն են հնչում նաեւ Վաշինգտոնին ու Մոսկվային ուղղված Բաքվի նոտաներում, այնպես որ, կարծում եմ, ավելորդ է դրանք հանգամանալի հիշատակել։ Նշեմ միայն, որ պահ առ պահ աղեկտուր ճիչի փոխարկվող այդ նվնվոցներին չի հետևել եւ ոչ մի արձագանք, ոչ Փարիզից, ոչ Վաշինգտոնից եւ ոչ էլ Մոսկվայից։ Այլ կերպ ասած՝ ՙԱդրբեջան՚ կոչվող օրորոցին այդպես էլ ոչ ոք չի մոտեցել՝ գոնե սոսկ հետաքրքրվելու համար, թե մանկան ինչն է պակաս, ինչի կարիք ունի, թեկուզ՝ բերանը փակեին՝ ծծակ տալով, կամ բարուրը փոխեին։ Էհ, այստեղ են ասել՝ աշխարհում համատարած անտարբերություն ու անարդարություն է տիրում։
Բայց ահա Բաքվի հերթական բարուրածին ազդանշաններին այլ կերպ, կարելի է ասել՝ մարդասիրաբար, ավելի ճիշտ՝ մանկասիրաբար ու մանկավարժական տակտով են մոտեցել Բրյուսելում՝ Եվրոպական միության կենտրոնակայանում։ Այս անգամ բողոքի դրդապատճառը, պարզվում է, այն է, որ հին աշխարհի այդ հեղինակավոր կազմակերպությունը եւս կամա, թե ակամա աղ է լցրել Բաքվի վերքին, ավելի կոնկրետ՝ ծննդատանը սխալ կամ կոպիտ հատված ու տակավին չսպիացած նրա պորտալարին։
Իսկ դեպքը պատահել է այդպես. Եվրամիությունը նախատեսել է առաջիկայում՝ դեկտեմբերի 12-14-ին, Թբիլիսիում անցկացնել ՙԱրեւելյան գործընկերություն՚ քաղաքացիական հասարակության ամենամյա համաժողով։ Նախապես ճշտվել է մասնակիցների կազմը, ուղարկվել են հրավերները, մշակվել է վերջնական հայտարարության նախագիծը։ Բայց պարզվում է, որ Ադրբեջանի կառավարությունը համաժողովի մասնակցության եւ ոչ մի հրավեր էլ չի ստացել, հրավիրվել են միայն քաղաքական հալածանքներից մազապուրծ ու եվրոպաներում ապաստանած ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչներ ու նաեւ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը, ընդ որում, վերջինիս՝ սոսկ դիտորդի
կարգավիճակով։ Մինչդեռ ահա մասնակցության հրավեր է ուղարկվել Հայաստանի կառավարություն, իսկ ներկայումս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է որպես համաժողովի պատվավոր հյուր։ Ինչ վերաբերում է հայտարարության նախագծին, ապա այնտեղ նույնպես, մեղմ ասած, ոչ այնքան հաճո, իրականում՝ խիստ տհաճ անակնկալ է մատուցվել Ադրբեջանին։ Բանն այն է, որ նախագծում ամրագրված է Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ ահա Ադրբեջանինը՝ ոչ։ Երեւի թե այս պարագայում են Արցախի գյուղերում ասում՝ ՙՇանը կապիր, գելին բաց թող՚։ Թե ինչ աղմուկ-աղաղակ, ինչ ոհմակային ոռնոց է բարձրացել մեր հարեւան երկրում՝ կարելի է միայն պատկերացնել։ Մեծն Թումանյանի ասած՝ ՙԷլ գող փիսո, էլ քաչալ շուն՚, բնականաբար՝ արդյունքում ՙԲանը հասավ դիվանբաշուն՚, այսինքն՝ Բաքուն սպառնում է հակառակ դեպքում դուրս գալ ՙԱրեւելյան գործընկերություն՚-ից։ Ադրբեջանի հետ իր առանց այն էլ բարդ հարաբերությունները էլ ավելի չսրելու եւ ավելորդ գլխացավանքից ազատվելու համար Բրյուսելը ստիպված էր աճապարանոք հայտնել, թե համաժողովի ոչ բոլոր մասնակիցների հրավերներն են ուղարկված եւ մի ծանուցում էլ Բաքվին փոխանցեց։ Իսկ ինչ մնում է հայտարարության նախագծին, նշեց, որ այն դեռեւս վերջնական տեսքի չի բերված եւ նախապես համաձայնեցված չէ։ Այլ կերպ ասած՝ ի տարբերություն Փարիզի, Վաշինգտոնի ու Մոսկվայի, Բրյուսելը հասցրեց ժամանակին փակել ճչացող մանկան բերանը՝ բարուրում մի կողմ ընկած ծծակը դնելով նրա շուրթերի արանքը։ Երեխան իսկույն լռեց։
Խոսքս ուզում եմ ավարտել ուսանողական տարիներից հիշողությանս մեջ մնացած մի այսպիսի հուշ-պատառիկով։ Մանկավարժության պատմություն էինք անցնում։ Դասախոսի պատմածով՝ մի մանկամարդ կին մոտենում է նշանավոր ֆրանսիացի մանկավարժին ու խորհուրդ հարցնում, թե ինչպես դաստիարակի իր նորածին մանկանը։ ՙԵ՞րբ է ծնվել ձեր երեխան՚,- հարցնում է մանկավարժը։ ՙՀազիվ մեկ շաբաթական է՚,- պատասխանում է կինը։ ՙՏիկին, ձեր երեխայի դաստիարակության հարցում դուք ուղիղ մեկ շաբաթ ուշացել եք՚,- կտրուկ հայտարարում է մանկավարժը։ Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանի պարագայում այդ ուշացումը, ավաղ, մեկ շաբաթ չէ, ավելի քան 27 տարի է։ Հետեւապես՝ մնացածն ինքներդ որոշեք…
Միքայել Հաջյան
Քաղաքական վերլուծաբան