Հին երազներ, հին ճամբաներ
Գլխավոր » Լրահոս » Հին երազներ, հին ճամբաներ

Հին երազներ, հին ճամբաներ

ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

Կ՚ակնկալուէր որ իշխանական մակարդակի վրայ պաշտօնի շահագործման եւ կաշառելու ախտային գործելաոճի էջը փակուած ըլլար։ Դժբախտանար, Դեկտեմբերի արտահերթ ընտրութիւններուն ընդառաջ ի յայտ կու գան երեւոյթներ, որոնք ճիշդ հակառակին փաստը կու տան։

Այսպէս, երկու օր առաջ, Նիկոլ Փաշինեան «հայրենակիցներին» ուղղուած յատուկ կոչով մը հանդէս եկաւ։

Ըստ ձեւի նման «կոչ»եր հարց պէտք չէ ըլլան Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու նախօրեակին։ Ընդհակառակը, զանոնք պէտք է բնական նկատել, որովհետեւ ընտրութիւններուն մասնակից բոլոր ուժերուն եւ անոնց ղեկավարներուն իրաւունքն է կոչերով դիմելու ժողովուրդին՝ բացատրելու իրենք դիրքորոշումները եւ հայցելու քաղաքացիին քուէն ի նպաստ տուեալ դաշինքի կամ կուսակցութեան ընտրական ցուցակին։

Ըստ էութեան, սակայն, Փաշինեանի այս կոչը առիթ կու տայ լուրջ հարցականներու, որոնք կ՚առնչուին պաշտօնի շահագործման, պետական լծակներու օգտագործման եւ ընտրական օրէնքի խախտման։ Նման պարագաներ ըստ ինքեան կը մատնանշեն օրինական խախտումներ, որոնք սեփական գործելաոճի վերածուած էին նախորդ իշխանաւորներու կողմէ։

Ստորեւ՝ Փաշինեանի կոչը ամբողջութեամբ.-

«Սիրելի հայրենակիցներ. Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ հետեւյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին եւ իրենց ծառայությունն առաջարկելու՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում եւ ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր եւ ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն եւ մոտիվացիոն նամակը ուղարկել cv@gov.am էլեկտրոնային հասցեին: Այն մարդիկ, ովքեր համոզիչ կերպով կներկայանան իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով, կհրավիրվեն հարցազրույցի՝ իմ կողմից ստեղծված համապատասխան խորհրդատվական խմբի հետ: Խմբի կազմը չեմ հրապարակում՝ այս մարդկանց շուրջ ավելորդ աղմուկ եւ իրարանցում չստեղծելու եւ նրանց հանդարտ պայմաններում աշխատելու հնարավորություն տալու համար: Մի քանի փուլ հաջողությամբ անցած թեկնածուների տվյալները կներառվեն ստեղծվող կադրային բանկում: Ընթացքում ըստ անհրաժեշտության եւ նշանակող մարմինների հայեցողությամբ, պետական կառավարման համակարգում կարվեն նշանակումներ՝ օգտվելով նաեւ կադրային բանկից: Ըստ անհրաժեշտության՝ կհանդիպեմ թեկնածուների հետ: Ուզում եմ կրկին ընդգծել, որ հարցազրույցի ոչ բոլորը կհրավիրվեն, այլ միայն այն մարդիկ, ովքեր իրենց CV-ով եւ մոտիվացիոն նամակով ինձ օգնող աշխատանքային խմբին կհամոզեն իրենց ԲԱՐՁՐ պրոֆեսիոնալ եւ մոտիվացված լինելու մեջ: Միայն մի խնդրանք. կադրերի ընտրությունը այս դեպքում էլ խիստ հայեցողական գործընթաց է եւ խնդրում եմ որեւէ պարագայում վիրավորված կամ մերժված չզգալ: Ի վերջո, եթե ձեր նկատմամբ կամա թե ակամա անարդարություն են գործում, ձեր հետեւողականությամբ դուք որեւէ այլ փուլում կկարողանաք ապացուցել ձեր արդարացիությունը: Ես սա հաստատ գիտեմ: Նաեւ սեփական օրինակով: Լավ եղեք: Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»:

Միամիտ պէտք է ըլլալ անմեղութեամբ ընկալելու Փաշինեանի կոչի բովանդակութիւնը եւ նպատակը։ Առարկայական քննարկում մը պիտի ապացուցէ, որ անոնք անյարիր են ընտրական օրէնքի տառին եւ ոգին։

Առաջին, Փաշինեան իր կոչը կ՚ուղղէ իբրեւ գործող վարչապետ։ Ան այս կոչը կը կատարէ եւ ստորագրած է իբրեւ «ՀՀ վարչապետ»։ Բացի այն պարագայէ եթէ օրէնքը փոխուած է, Փաշինեան ըստ օրէնքի «վարչապետի պաշտօնակատար» է մինչեւ նոր խորհրդարանով նոր կառավարութեան մը կազմութիւնը։ Ըստ օրէնքի, Փաշինեանի այժմու պարտականութիւնը կը սահմանուի ընթացիկ աշխատանքներու կառավարութեան հոգատարութեամբ։ Անոր կոչին բովանդակութիւնը եւ հետապնդած նպատակը ոչ մէկ առնչութիւն ունի հոգատար կառավարութեան իրաւասութիւններուն։ Ընտրութիւններու նախօրեակին, այս կոչը պարզապէս կառավարական պաշտօնի շահագործում է, ճիշդ այնպէս ինչպէս կը կատարուէր անցեալին՝ օրուան իշխանաւորներուն կողմէ։

Երկրորդ, իր կոչով Փաշինեան ապագայի հաշւոյն պետական եւ կառավարական պաշտօններ կը խոստանայ քաղաքացիներուն։ Եւ առ այդ, այդ նպատակին համար կը հրաւիրէ որպէսզի քաղաքացիները հարկ եղած դիմումները յղեն իրեն։ Տուեալ քաղաքացիի իրաւունքն է դիմելու հանրային ծառայութեան՝ գործելու սեփական պետութեան համար։ Մեր պետութիւնը հանրային պաշտօնավարման գծով իր օրինական ընթացակարգը ունի բոլոր այն քաղաքացիներուն համար, որոնք տրամադիր են գործելու եւ ծառայելու պետական կառոյցներէն ներս։ Փաշինեանի կոչը «խայծ» կը բաշխէ եւ ապագայի խոստում կու տայ հայրենակիցներուն։ Ընտրութիւններու նախօրեակին նման խայծ եւ խոստում պարզապէս պետական լծակներու օգտագործում է։ Գործելաոճ մը՝ որու մասնագէտներն էին նախորդ իշխանաւորները։

Երրորդ, ընտրակաշառքը միայն դրամով չըլլար։ Ան կը յայտնուի բազմաթիւ երեսներով ու գոյներով՝ սկսեալ դրամէն մինչեւ պաշտօններու եւ հանգամանքներու բաշխում, մինչեւ իսկ ծածուկ եւ անծածուկ սպառնալիքներու դրսեւորում։ Փաշինեանի կոչին խոստումը կը պատկանի կաշառքի երկրորդ դասակարգին՝ պաշտօններու եւ հանգամանքներու բաշխումին։

Չորրորդ, ընտրական յետին նպատակներով կառավարական պաշտօնի շահագործումը եւ պետական լծակներու օգտագործումը ընտրական օրէնքի խախտում է։ Խախտում մը, որ կանոնի եւ ընկալեալ գործելաոճի վերածուած էր նախկին իշխանաւորներու օրօք։

Ի տես վերոնշեալ ընտրական չորս տեսակի կանոնազանցութեանց, հարց կը ծագի թէ ընտրական օրէնքները պիտի յարգուի՞ն Փաշինեանի նկատմամբ թէ նորէն պիտի արտօնուի իշխանաւորի երբեմնի ընկալեալ գործելաոճը։

Ցաւալիօրէն, ստուգաբար կրկին անգամ թոյլ պիտի տրուի, որպէսզի իշխանութիւնը պահելու իշխանական հին երազները շարունակեն իրենց ընթացքը հին ճամբաներով։

Լոս Անճելըս,
Նոյեմբեր 18, 2018

1