Ստեփանակերտի թատրոնը՝ անցյալը, ներկան եւ ապագան
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտի թատրոնը՝ անցյալը, ներկան եւ ապագան

Ստեփանակերտի թատրոնը՝ անցյալը, ներկան եւ ապագան

«Ապառաժ»-ը որոշել է բացել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի  անցյալի, ներկայի ու ապագայի դռները եւ ընթերցողներին հրամցնել թատրոնի ամբողջական պատմությունը։

Անցյալի դուռը բացեցինք արխիվները փորփրելով եւ զրուցելով թատրոնի երբեմնի փառքի ժամանակահատվածում աշխատած դերասանների հետ։

Բացեցինք ներկայի դուռը՝ այցելելով Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի 3-րդ հարկ, կամ, ինչպես կասեր 54-ամյա թատերական գործունեություն ծավալած Քաջիկ Հարությունյանը, կառափնարան՝ զրուցելու դերասանների հետ։

Ինչ վերաբերում է ապագային, ապա մեր ձեռքի տակ ունեցած բանալին՝ թատրոնի վերակենդանացմանը լծված հանրությունը, չհամապատասխանեց փականքին։ Ստիպված եղանք փականքի փոքրիկ անցքից նայել ապագային։

Դուռ № 1. անցյալ

1950 թվականի գարնանն է մեկնարկել թատրոնի շենքի շինարարությունը։ Այդ օրերին Արցախի բոլոր քարտաշների, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին` ուսանողների եւ քաղաքացիների հասցեն Ստեփանակերտի Մարտունու փողոցն էր։ Համաժողովրդական ուժերով եւ ոսկերչական ճշգրտությամբ շարված Շուշիի կրաքարը ամբողջացրեց թատրոնի շենքը 1952 թվականի հոկտեմբերին՝ Ստեփանակերտի թատրոնի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ։ Բեմի վարագույները բացվեցին՝ ազդարարելով թատրոնի առաջին վերածնունդը։

Դերասանական կազմը աստղաբույլ էր՝ ժողովրդական արտիստներ Մարգո Բալասանյան, Բենիկ Օվչյան, Զինավոր Գեւորգյան, Միքայել Հարությունյան, վաստակավոր արտիստներ  Արմելա Առաքելյան, Արեգա Պետրոսյան, Արմիդա Գաբրիելյան, ժողովրդական արտիստներ Քաջիկ Հարությունյան եւ Սվետլանա Թովմասյան։

Բեմի տիրակալները հանդիսատեսի դատին էին հանձնում տարեկան 10-12 նոր ներկայացում, ամսական՝ 70 ներկայացում, օրական՝ մինչեւ 4 ներկայացում՝ դուբլյորներով։

Տոմսարկղի առջեւ ձգվող հերթում կանգնածների թիվը գերազանցում էր դահլիճի տեղերին։ Իսկ տոմս ձեռք բերած հաջողակները ներկայացմանը գալիս էին ունեցած ամենագեղեցիկ շորով, կրկնակոշիկներով. հանդիսանքային մշակույթ ուներ հանդիսատեսը։

«Նմանօրինակ երեկոների օծանելիքի բույրը, գեղեցկությունն ու շքեղությունը շշմեցուցիչ էր»,- հիշում է դերասան Քաջիկ Հարությունյանը։

Դերասաններից ամեն մեկը մի սյուն էր, ամեն մեկը՝ մի հսկա, որոնց ձայնը լսելու, շարժուձեւին հետեւելու, իսկ ներկայացման ավարտին խոնարհվելու թուլությունն ուներ Արցախի հանդիսատեսը։ Վարագույրի բացումը, դերասանների մուտքը,  նկարչական ձեւավորումը ուղեկցվում էին բուռն ծափահարություններով՝ առանց իմանալու՝ լավ կամ վատ կխաղան դերասանները, ինչ ավարտ կունենա ներկայացումը։ Ներկայացումներն ավարտվում էին երկար ձգվող հիացմունքներով, որից հետո հանդիսատեսը շտապում էր թատրոնի ետնամուտք՝ դերասանների հետ կենդանի շփվելու նպատակով։

Դերասանների հանդեպ հարգանքն ու պատիվը ամբողջ Ղարաբաղով մեկ էր։ Թատրոնը հասանելի էր ու պարտադիր բոլոր շրջանների ու գյուղերի բնակիչների համար։ Դերասաններին ձեռից ձեռք էինք քաշում՝ մեկ օր հարգելու եւ հյուրասիրելու համար, եւ վիրավորվում գյուղի նախագահից, եթե նա հանկարծ իրենց դերասան չէր բաշխում։

Թատրոնն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր երկրի ղեկավարության կողմից։ Ներկայացումները բեմադրվում էին մինչեւ 4 նկարչական ձեւավորումներով՝ պտտվող բեմում, նոր բեմական զգեստներով։ Դերասանները չունեին սոցիալական խնդիր. թատրոնի անձնակազմը՝ տնօրենից մինչեւ տեխնիկական բաժնի աշխատողներ, ղեկավարության կողմից ապահովված էր բնակարանով, աշխատավարձը՝ 75 ռուսական ռուբլուց ոչ պակաս։ «Դերասանը ազգի սերուցքն է, եւ իրավունք չունի հերթ կանգնելու հացի, մսի, կտորի կամ շորի համար»․ բացառիկ արտոնության կարգով դերասաններին հասանելիք ուտելիքն ու շորերը թատրոն էին առաքվում։

Պատերազմի տարիներին քաղաքում թագավորող խուճապը, սուգը, մութն ու սովը մի քանի րոպեով չեզոքացնելու նպատակով թատրոնում մնացած 6 դերասանները ձեռնամուխ եղան նկուղներում ներկայացում խաղալու գործին։ Քաղաքացիների երախտագիտությանն արժանանալով՝ 1993-ի փետրվարի 6-ին թատրոնի բեմից հանդիսատեսին է հանձնվել «Աղջիկը փեսացու է փնտրում» կատակերգությունը՝ լեփլեցուն դահլիճում։ Լուսավորին ու ծիծաղին կարոտ ժողովուրդը թելադրեց ներկայացումը խաղալ 11 օր անընդմեջ։

Անդրկովկասում լավագույնը համարվող Ստեփանակերտի թատրոնն իր բարձրության վրա մնաց թե՛ Խորհրդային Միության եւ թե՛ պատերազմական տարիներին։

Դուռ № 2. ներկա

Ստեփանակերտի մշակույթի պալատի 3-րդ հարկում, կամ՝ «կառափնարանում» փափազյանականներն օթեւանել են 2012-ի նոյեմբերից։ Պալիտի «թատրոնի բաժինը» ձգվում է բանտախուցերի միջանցքին նմանվող նախասրահից մինչեւ  5/5 մետր բեմ՝ գիտելիքների, գաղափարների, մտահորիզոնի եւ մտքի քառակուսի:

Հենց այս քառակուսում է գոյատեւում թատրոնի 75 հոգանոց անձնակազմը, որից 32-ը դերասաններ են՝ նվազագույն աշխատավարձով, չնչին միջոցներով՝ թատրոնի երկրորդ վերածննդին հայտ ներկայացնելով։ Գոյատեւում են եւ չեն հանձնվում, որովհետեւ ամաչում, քաշվում, հույսով են լցվում եւ քայլ անում՝ պատից կախված նկարից Վահրամ Փափազյանի դատող հայացքին նայելով…

Միակ ուղին չհանձնվելն է. Ռուզան Խաչատրյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար

«Արցախի հանդիսատեսը մեղք չունի, որ նրան երկար տարիներ կտրել են թատրոնի հետ լինելու եւ թատրոնին մաս կազմելու հնարավորությունից եւ առաջացած այս անդունդի համար։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հասարակությունն այլեւս առանց թատրոնի չպատկերացնի իր կեցությունը։ Պայքարում ենք այս պայմաններում՝ լավ, բայց եւ անհնարին ներկայացումներ ստեղծելով։ Միայն մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցնում, ինչքան խոչընդոտ ենք հաղթահարում, ինչքան չենք հանձնվում եւ ինչքան ենք պայքարում։ Նման պայմաններում թատրոնի աշխատակազմի նվիրվածությունը, աշխատանքը եւ սերը խոսում են ներկայացված հայտի հաղթանակի մասին։ Միակ ուղին չհանձնվելն է, եւ եթե մի ժամանակ մենք լռում էինք եւ չէինք համարձակվում շատ պահանջներ ներկայացնել, ապա այսօր մենք այդ իրավունքն ունենք։

Մարդիկ, թատրոն ասելով, նախ եւ առաջ պատկերացնում են այն շենքը, որն այսօր լքված է: Եվ այսօր, սեղանին ունենալով բազմաթիվ կյանքի կոչված թատերական նախագծերը, աջակից կլինեն մեր բռնած ճանապարհին՝ Մայր թատրոնի վերակենդանացմանը»։

Թատրոնը նախախնամություն ունի. Մարիա Խաչատրյան, դերասանուհի

 

 

«Թատրոնի մեծությունը, գեղեցկությունը եւ ասելիքը վերջին անգամ զգացել եմ հենց այդ բեմում։ Առաջին անգամ եմ խոստովանում, բայց պետք է ասեմ, որ թատրոնի բեմ մտնելուց անգիտակցաբար խաչակնքում էի։ Եվ, վստահ եմ, որ դա կապված չէ մինչեւ հեղափոխությունը թատրոնի տեղում գործող հայկական եկեղեցու հետ։ Վստահ եմ, որ թատրոնի արարչական անցյալն է այդ երեւույթի պատճառը։ Թատրոնի բեմում ես չէի խաղում, ես աստվածագործում էի, որովհետեւ այդ շենքը նախախնամություն ունի»։

 

 

 

Պապական տուն վերադառնալով ՝ ունենամ սեփականը. Գենա Առուշանյան, դերասան

 

«Իմ ոսկորը թատրոնի շենքում է ամրացել ու պնդել. դա իմ պապական տունն է, իմ օջախը, ու առանց այդ շենքի, առանց այդ տան արվեստագետը մերկ է։

Կա հստակ լաբորատորիա, որտեղ ստեղծվում եւ արտադրվում է նյութ, որը կոչվում է՝ ցավազրկիչ։ Մենք այսօր չունենք այդ լաբորատորիան, բայց արտադրում ենք այդ նյութը։ Դա ճիշտ չէ, որովհետեւ եկեղեցին առանց խորան չի լինում. եթե քահանան խորանում չէ, հետեւաբար նա քահանա չէ, նա ընդամենը հոգեւորական է։ Նույնն էլ մենք ենք։ Անզորության կշիռը շատ է, բայց ես պետք է վերադառնամ իմ պապական տուն՝ թատրոն, որպեսզի գործեմ եւ ստեղծագործեմ սեփական տուն ունենալու համար»։

 

 

Հանդերձարան, որը եւս մի աստիճան է  Մայր թատրոն վերադառնալու. Մարտին Ալոյան, դերասան

 

 

 

 

 

«Ներկայիս թատերական տարածքը, կարելի է ասել, չուներ հանդերձարան. փոխվում էինք բեմի ետնամասի փոքրիկ սենյակում կամ աշխատանքային սենյակներում։ Որոշեցի բարեկարգել եւս մեկ սենյակ։ Շինանյութով օժանդակեց տնօրենը, կահույքը հայթայթեցինք այստեղից-այնտեղից, եւ արդյունքում ունեցանք հրաշալի հանդերձարան, որը հաջող թատերական ներկայացումների ստեղծման եւս մեկ աստիճան է։ Աստիճան, որը տանում է Մայր թատրոնի շենք»։

 

 

 

 

 

 

 

 

Հուսամ՝ ճակատագիրը չի կորցրել թատրոնի հասցեն. Սվետլանա Թովմասյան, դերասանուհի

«Իմ հայրական տունը գտնվում էր անմիջապես մեր գյուղի ակումբի հետեւում, եւ ակումբի ետնամասի պատուհանը մեր տնեցիների համար ներկայացումը դիտելու եւ դերասանների հետ շփվելու ուղղանկյունին էր։ «Նամուս» ներկայացումն էր։ Մարգո Բալասանյանը պատուհանի հակառակ կողմից նայեց ինձ՝ 5-ամյա կապուտաչյա աղջնակին ու գրկելով՝ տեղափոխեց ակումբ՝ թատերական աշխարհ։ Երկրորդ անգամ թատերական աշխարհում հայտնվեցի երիտասարդ տարիքում՝ որպես թատրոնի դերձակուհու օգնական։ Արհեստավորական իմ հմտությունները կիրառեցի ընդամենը մեկ ամիս՝ թատրոնի 30-ամյակին նախաձեռնված վերանորոգման շրջանակներում թատրոնի դահիճի, բեմի ու ճեմասրահների վարագույրները կարելով։

Ճակատագիրն ինձ երկու անգամ է ժպտացել եւ ուղենշել թատրոնի ճանապարհը։ Հուսամ՝ ճակատագիրը չի կորցրել Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի իսկական շենքի հասցեն, եւ պատանեկության տարիների պես ինձ ինչ-որ մեկը կգրկի ու կտեղափոխի իմ աշխարհ՝ թատրոն»։

Թատրոնն իրավունք չունի ունենալ անցյալ. Քաջիկ Հարությունյան, դերասան

 

«70-ամյա կենսագրությանս 54 տարին թատրոնում է անցել։ Թատրոնն ինձ համար իմ առաջին տունն էր, եւ մեր ամենամեծ սխալը այդ շենքը լքելն էր։ Թատրոնի վարագույրներն իրավունք չունեին փակվել, իսկ լույսը՝ մարել։ Թատրոնի անցած ճանապարհը պարտադրում է ամեն մեկիս աջակցությունը, որովհետեւ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնն իրավունք չունի ունենալ անցյալ. այն միշտ պետք է ներկա լինի։ Այսօր թատրոնն ունի հրաշալի դերասաններ, որոնք եւ թատրոնի ներկան են: Վաղը նրանց կմիանան Ստեփանակերտի մանկապատանեկան կենտրոնի եւ Շուշիի թատերական խմբակների սաները, որոնք, վստահ եմ, չեն զիջելու իրենց նախորդներին»։

 

 

Ապագան՝ փականքի անցքից

Վերջին շրջանում թատրոնի վերակենդանացման հարցը հանրության լայն շերտերի քննարկման ու մտահոգությունների առիթն է հանդիսանում։ Վերակենդանացման հեռանկարը ուղեգծում են Հայոց երկու պետությունների մշակույթի նախարարությունները՝ դրամահավաք հայտարարելով թատրոնի շենքի վերականգնման համար եւ Հայաստանի կոլեկտիվների մեկական ելույթի հասույթը տրամադրելով Արցախին։  Այսօրվա դրությամբ՝ հավաքագրվել է 2 միլիոն 100 հազար ՀՀ դրամ։

Արցախի տարբեր հասարակական կառույցներ եւ անհատներ իրենց ներդրումն են ունենում՝ թատրոնի մայր շենքում ժամանակակից արվեստների փառատոն կազմակերպելով, բարեկարգելով շենքի շրջակայքն ու տանիքը, նաև լուսավորելու Մայր թատրոնի շենքը։

Պարտավոր ենք թատրոնը վերադարձնել հասարակությանը. Լեռնիկ Հովհաննիսյան, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար

 

 

«Նախարարությունն իր հնարավորությունների չափով օգնում է թատրոնին: 2019-ին բավականին լուրջ ծրագրեր ունենք. առնվազն երկու ներկայացման հայտ արդեն ստացել ենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ներկայացումները ոչ միայն Արցախի հանդիսատեսի համար սիրելի եւ ընկալելի լինեն, այլ նաեւ՝ Հայաստանի Հանրապետության եւ հայահոծ գաղթօջախների։ Մեր հասարակությունն անտարբեր չէ թատրոնի նկատմամբ, եւ մենք պարտավոր ենք վերադարձնել թատրոնը հասարակությանը»։

 

 

 

Թատրոնի վերականգնումը հնարավոր է իրականացնել մեր պետական բյուջեի միջոցներով. Սերգեյ Շահվերդյան, զբոսաշրջային գործակալության հիմնադիր-տնօրեն

 

«Թատրոնը մշակութային այն տաճարն է, որը մենք ինքներս ժամանակին ամայացրել ենք եւ որի արդյունքում այն սկսեց ավերվել։ Թատրոնի վերականգնումը համահայկական խնդիր է, քանի որ նման խոշոր ծրագիրը հաջողվում է միայն պետություն-հանրություն համապետական ջանքերով։ Մենք շատ վաղուց ենք փակել հետպատերազմյան պետության էջը, եւ ժամանակն է, որ մշակույթի ոլորտի ֆինանսավորումն իրականացվի՝ ելնելով պետության առաջնահերթություններից, գաղափարական ու մշակութային դաստիարակության խնդիրներից, այլ ոչ թե՝ մնացորդային սկզբունքով։ Դրամահավաքի միջոցով հասարակությունը ներգրավվում է թատրոնի վերականգնման ծրագրին, սակայն թատրոնը պետք է վերականգնվի պետական միջոցներով։ Դա անտանելի բեռ չէ մեր պետության  համար»։

 

Դուռ № 3. ապագա

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի անցյալի ուրվականները, ներկայի ստեղծագործական կազմն ու կիսատ մնացած պատմությունները ապագայի դռան շքամուտքում են։ Ապագայի դռան բանալին համայն հայության եւ իշխանությունների գրպանում է, իսկ թատրոնի վերականգնման նպատակով Արցախբանկ ՓԲԸ-ում բացված հաշվեհամարը՝ հ/հ22311008443901-ՀՎՀՀ 90004272-է։

Հ.Գ. Հոդվածի պատրաստման գործում իրենց ներդրումն են ունեցել նաեւ թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը, արխիվի պատասխանատու Կարինե Ալավերդյանը։ Առանձնահատուկ շնորհակալություն դերասան Քաջիկ Հարությունյանին։

Լուսինե Թեւոսյան

1