Իլհամ Ալիեւի մուղամը Քուզանլիում
Քուզանլին ավանային կարգավիճակով բնակավայր է Դաշտային Արցախում։ Գտնվում է Բաքվից 315, նախկին ադրբեջանական Աղդամից, պատմական ու ներկայիս հայկական Ակնայից՝ դեպի հյուսիս-արեւելք 50 կմ կամ ավտոմեքենայով հատելու դեպքում՝ մեկ ժամվա հեռավորության վրա։ Քուզանլիի բախտը չբերեց 1993թ. հուլիսին։ Աղդամ շրջկենտրոնը եւ հարակից մի շարք գյուղական բնակավայրեր ազատագրվեցին՝ Արցախի Պաշտպանության բանակի ձեռնարկած հակահարձակողական գործողությունների արդյունքում, իսկ Քուզանլին մնաց։ Մնաց նախկին շրջանի ադրբեջանական մասում։ Եվ ահա՝ Բաքվի որոշմամբ պահպանվեց այդ մասի նախկին վարչական անունը, իսկ Քուզանլին ստացավ ավանի կարգավիճակ՝ վերածվելով ոչ լրիվ Աղդամի շրջանի ժամանակավոր վարչական կենտրոնի։ Թե ինչու ժամանակավոր, այլ ոչ՝ անժամկետ, կարծում եմ, դժվար չէ կռահել։ Բանն այն է, որ Բաքուն քառորդ դարից ի վեր տակավին շարունակում է ապրել այն սին պատրանքով, թե միջազգային հանրությունը հայկական կողմին, ավելի կոնկրետ՝ Արցախի Հանրապետության իշխանություններին վաղ թե ուշ կպարտադրի ետ վերադարձնել նախկին ԼՂԻՄ-ի յոթ հարակից ազատագրված շրջանները, այդ թվում նաեւ՝ գրեթե կիսով չափ մնացած Աղդամի շրջանը։
Հետաքրքիր է իմանալ, որ Ռուսական կայսրության օրոք այդ բնակավայրը՝ Քուզանլին, բաղկացած էր երկու առանձին փոքր գյուղերից՝ Քուզանլի-1 եւ Քուզանլի-2, որոնք մտնում էին Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմի մեջ եւ որոնցում, «Կովկասյան օրացույց» պարբերականի տվյալներով, 1912 թվականի դրությամբ, ընդհանուր առմամբ, ապրում էր 172 մարդ, ըստ «Կովկասյան օրացույց»-ի՝ հիմնականում թաթարներ։ Ներկայումս Քուզանլի ավանի բնակչության թիվը, ըստ Վիքիպեդիայի տվյալների, կազմում է 13 հազար 2 մարդ։ Ինչպես տեսնում ենք, ժամանակին մարգարեական էր Խորհրդային Միության կուսակցական առաջնորդ Լեոնիդ Բրեժնեւի հայտնի արտահայտությունը, թե՝ «Լայն քայլերով է առաջ գնում Ադրբեջանը»։ Իհարկե, հիշում եք․ այն ժամանակ հայկական ռադիոն իսկույն եւեթ հումորի մի մալա շաղախ հավելեց այդ հիացական բացականչությանը, ու ստացվեց առ այսօր իրապես անմոռաց թեւավոր խոսք. «Լայն քայլերով է առաջ գնում Ադրբեջանը… Հայաստանի խանութներով»։
Բայց անցնենք նույն այդ Քուզանլիում Իլհամ Ալիեւի մուղամին կամ, ավելի ճիշտ, մուղամի հանգի նրա կլկլոցին։ Կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ հատկապես մուղամի հանգի, այլ ոչ Իլհամ Ալիեւի նախասիրած մեկ այլ երաժշտական ժանրի։ Բանն այն է, որ նախ՝ Ադրբեջանի նախագահի այդ ելույթը ժանրային տարբերակմամբ առավելապես ոչ այլ ինչ, քան մուղամի կատարում է հիշեցնում՝ իր «հեյ աման-աման» եւ «հեյ-վախ, հեյ-վախ» բառանյութով ու ժանրին բնորոշ երկար ու ձիգ կլկլոցներով։ Եվ ապա՝ խանենդեի, այսինքն՝ մուղամ կատարող երգչի, իր կարծեցյալ շնորհքը նա ցուցադրել է ոչ այլ հանրային լսարանում, քան Աղդամի ժամանակավոր շրջկենտրոն նույն այդ Քուզանլիում օրերս կայացած մուղամի կենտրոնի բացման միջոցառմանը։ Ընդ որում՝ ոչ միայն ավանի եւ հարակից գյուղերից այդտեղ բերված խեղճ ու կրակ գյուղացիների, այլեւ Բաքվից ժամանած իր ներկայացուցչական շքախմբի անդամների, առանձնապես շքախմբի գլխավոր ծաղկի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նաեւ համատեղության կարգով՝ հանրապետության առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ներկայությամբ։ Վերջինիս մասնակցությունը կարեւորվում է նաեւ նրանով, որ հենց Մեհրիբան խանումի ղեկավարած՝ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ ու միջոցներով է մերձճակատային այդ գոտում կառուցվել մուղամի կենտրոնը։ Ի դեպ, Ադրբեջանում եւ նրա սահմաններից շատ ու շատ հեռուներում շրջանառվող լուրերն ասում են, որ հիմնադրամն ամբողջությամբ եւ նրա այդ եւ նման նախաձեռնությունները, որոնք իրականացվում են ինչպես բուն հանրապետությունում, նույնպես եւ աշխարհի տարբեր երկրներում, «ադրբեջանական լվացքատուն» կոչվող հայտնի սարդոստայնի կարեւոր բաղկացուցիչն են կազմում, ինչի շնորհիվ, այսպես ասած, լվացվում, օրինականացվում են Բաքվի միլիարդների հասնող նավթաբույր դոլարները՝ հանգրվանելով Ալիեւ ամուսնական զույգի ու նրանց զավակների, միով բանիվ՝ ընտանիքի օֆշորյան հաշիվներում։
Բայց դա՝ ի միջի այլոց։ Տվյալ դեպքում մեր խնդրո առարկան Իլհամ Ալիեւի մուղամի այն հնչերանգներն են, որոնք, հանդիսականների իսկ համոզմամբ, դույզն իսկ տեսական եւ կամ գործնական կապ չունեն մուղամի մշակութային նշանակության ու ժանրային առանձնահատկությունների հետ։
Եվ իրոք, արդյո՞ք հնարավոր է որեւէ կապ գտնել մուղամի եւ այդ երգարվեստին նվիրված միջոցառմանն Ադրբեջանի նախագահի ռազմաշունչ հռետորաբանության միջեւ։ Ահա հաջորդաբար թվարկեմ դրանցից մի քանիսը։
«Ապրիլյան մարտերը մեր անհաշտ ոգու դրսեւորումն են։ Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ ցաք ու ցրիվ է եղել այն առասպելը, որ Հայաստանը ստեղծել է շատ տարիների ընթացքում, եւ որ ադրբեջանական բանակն ունակ է լուծելու ցանկացած առաջադրանք, պատրաստ է դրան, եւ մենք ապացուցեցինք դա»,- ասել է Իլհամ Ալիեւը։ Նկատեք՝ այդ մասին բարձրագոչ ճամարտակում է մի պետության նախագահ ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ում ենթակայության տակ գտնվող սպառազեն զորքերը, հանկարծակի լայնածավալ հարձակում ձեռնարկելով 2016-ի ապրիլի սկզբներին, մարտերի երկրորդ օրն իսկ հարկադրված էին խուճապահար փախչել դեպի ելման դիրքերը։ Դա այն պահին էր, երբ Արցախի ՊԲ զորամասերը հակահարձակման էին անցել՝ խայտառակ պարտության մատնելով թշնամական ուժերին, պատճառելով մարդկային ու նյութական վիթխարի կորուստներ։
«Հատկապես 2016թ. ապրիլին հզոր հարված հասցվեց Հայաստանի զավթիչ վարչախմբին, նրանք դարձան իրենց իսկ զավթողական քաղաքականության զոհերը»,- խոսքը շարունակել է Ալիեւը։ Ասել է՝ ըստ երեւույթին մոռացած, որ այն ժամանակ Բարդան, Թարթառը, անգամ ավելի խոր թիկունքում գտնվող Գյանջա-Գանձակն էին դատարկվել սարսափահար բնակիչներից, այլ ոչ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը եւ կամ Շուշին։ Ասել է՝ մոռացած, որ առաջինը հենց Բաքուն է հայ-հարայով սկսել բախել Մոսկվայի Կրեմլի դարպասները, աղաչանք-պաղատանքով խնդրելով, որ Պուտինը դադարեցնել տա հայկական զորքերի հակագրոհն ու առաջխաղացումը։ Այո, մարտերի 4-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իրոք, հայկական կողմին հորդորեց չշարունակել հակագրոհը։ Բայց, արդյո՞ք նույն ինքը՝ Ռուսաստանի նախագահը մոռացել է, թե ով է ապրիլի 4-ին առաջինը տագնապահար բախել իր աշխատասենյակի դուռը։ Հազիվ թե։ Դարձյալ քաղվածք Ադրբեջանի նախագահի բոցաշունչ մուղամից. «Ես քանիցս ասել եմ, որ Հայաստանը կառավարող քրեական խունտայի վարչախումբը պետք է դատապարտման թիրախ դառնա աշխարհի ողջ հանրության կողմից։ Ես ասել եմ, որ Հայաստանը կառավարում են մարդիկ, ովքեր գլխավորում են քրեական խունտայի ռեժիմը»։ Ուշագրավ է. այդպես ասում է մի պետության նախագահ, ում կողմնակի ասեկոսեներից չէ հայտնի, որ հարեւաններից գողացված են ոչ միայն իր կառավարած արհեստածին երկրի Ադրբեջան անունը, այլեւ այդ երկրի բռնազավթված եւ կամ պարզապես թռցրած տարածքները։ Հիշեցնե՞նք. այո, Պարսկաստանից, Հայաստանից, Վրաստանից, ՌԴ Դաղստան ինքնավար հանրապետությունից։ Քաջ գիտե, որ առ այսօր էլ ազգ չդարձած իր ժողովուրդը 9-10 միլիոնի է հասել Արեւելյան Անդրկովկասի տարածաշրջանի բնիկ ազգերին ու ազգություններին՝ լեզգիներին, ավարներին, ցախուրներին, ինգիլոյցիներին, փադարներին, ուդիներին, այլ ցեղերի ու ցեղախմբերի բռնի ուծացնելու, ադրբեջանականացնելու հաշվին։ Գիտե, որ պատմական անցյալ ու պատմականորեն կերտված քաղաքակրթություն չունեցող իր երկիրն ահա մեկ դար է, ինչ բարբարոսաբար ոչնչացնում եւ կամ յուրացնում է քաղաքական հանգամանքների քմահաճույքով իր սահմանների մեջ հայտնված ժողովուրդների պատմությունը, գրականությունը, մշակույթը, այդ թվում՝ մուղամ երգարվեստը, որի պատվին, տեսեք հա, կենտրոն է ստեղծվում աշխարհի կողմից անտեսանելի մի անկյունում՝ Քուզանլիում, որտեղ մի կարգին մուղամ երգող էլ չկա եւ որտեղ առաջին խանենդեն իր ծվծվան ձայնով ինքը՝ Իլհամ Ալիեւն է։ Նա հրաշալի գիտե, որ իր անձնական անբավ հարստությունն ինքը եւ իր ընտանիքը կուտակում են իր իսկ ղեկավարած ժողովրդից անկշտում գռփելով։ Էհ, հայկական առածն այս պարագայում է երեւի ասել, թե՝ «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ՝ զարմացավ»։
Շարունակենք հետեւել Ադրբեջանի նախագահի մուղամի ելեւէջներին. «Մենք ասել ենք, որ նրանց գեներալները գողեր են։ Մենք ասել ենք, որ նրանց հերոսները հանցագործներ ու վախկոտներ են»։ Երեւի թե հավկուրությամբ է տառապում Ադրբեջանի նախագահը, կամ՝ իր շրջապատում գոնե մեկը չկար՝ հասկացներ նրան, որ Հայոց ազատամարտի թե 90-ականների կռիվներում, թե 2016-ի ապրիլյան պատերազմում ադրբեջանական բանակին հաղթած գլխավոր ուժը հայ շարքային կամավորականն էր, հայ շարքային զինվորը, ում համար հող հայրենիի պաշտպանությունը եղել եւ սերնդե-սերունդ մնում է սուրբ պարտք ու պարտականություն եւ ով կենաց ու մահու կռիվներում երբեք հանուն հերոսության չէ, որ առաջ է նետվել թշնամու դեմ հանդիման, այլ հերոսաբար մարտնչել է՝ որպես վայել է նվիրյալ որդուն, հանուն հայրենիքի ու մայր ժողովրդի անձնազոհության պատրաստ զավակին։ Նրանք բոլորն էլ հերոսներ են։ Անխտիր բոլորը, ովքեր իրենց արյան, անգամ կյանքի գնով արժանապատիվ կռվել ու հաղթել են հայրենի եզերքի դեմ ելած բազմահազար ոսոխին։ Նրանք երբեք սուր չեն բարձրացրել մարտական գործողությունների գոտում ակամա հայտնված ադրբեջանցի անպաշտպան բնակիչների՝ ծեր ու մանկան, կանանց գլխին։ Նրանց համար երբեք ընդօրինակելի չի եղել նման իրավիճակներում ադրբեջանական հրոսակների գազանաբարո պահվածքը, ինչին մենք չէ միայն, ողջ աշխարհն ականատես եղավ թեկուզ հենց ապրիլյան պատերազմի օրերին, երբ խոշտանգումների ենթարկելով, սրախողխող արվեցին թալիշցի անօգ, զառամյալ ծերունիները, ցուցադրաբար գլխատվեց վիրավոր ռազմագերի եզդի զինվորը, իսկ նրա ոճրագործ դահիճն արժանացավ Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, իրականում՝ Ադրբեջանի գլխավոր հանցագործի՝ նախագահ Իլհամ Ալիեւի, ի տես աշխարհի՝ ցուցադրական խրախուսանքին ու քաջալերանքին։
Քուզանլիում Ադրբեջանի նախագահի մուղամը, որպես հատուկ է տվյալ երաժշտական ժանրին, բնականաբար հագեցած էր նաեւ «նեյնիմ-նեյնիմ» կարգի հույսերով ու պատրանքներով՝ կապված Հայաստանում այս տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխության հետ։ Եվս մեկ քաղվածք նրա ելույթից. «Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին քրեական վարչախմբի սխալները. նա պետք է շատ շուտով, բանակցությունների ուղիով, օկուպացիոն ուժերը դուրս բերի զավթված հողերից եւ Ադրբեջանի բնակիչներին հնարավորություն տա վերադառնալու հայրենի, պատմական, բնիկ հողերը»։ Ասում են՝ ծովում խեղդվողը ճարահատյալ փրփուրից էլ է կառչում։ Ադրբեջանի նախագահը, ինչ խոսք, կույր չէ ու հստակ տեսնում է, որ ապարդյուն են իր հույսերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ, առհասարակ, միջազգային հանրության միջամտության հետ։ Ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան եւ ոչ էլ Փարիզը չեն պատրաստվում հենց այնպես, կամայականորեն սկուտեղի վրա Բաքվին մատուցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ հարակից շրջանները։ Ահա թե ինչու Բաքուն վերջին հույսը կապում է Հայաստանի նոր իշխանությունների հետ՝ չմտածելով, որ ադրբեջանական լծից ազատագրված եւ ինքնիշխան պետականություն կառուցող Արցախը ոչ թե սոսկ այս կամ այն իշխանության, այլ համայն հայ ժողովրդի միասնական ազգային-ազատագրական պայքարի նվաճումն է, եւ Հայաստանի ու Արցախի ոչ մի նոր իշխանություն երբեւէ չի հանդգնի հայրենի ժողովրդից խլել իր զավակների արյան ու կյանքի գնով նվաճված այդ մեծ հաղթանակը։
Իհարկե, սա եւս՝ ի միջի այլոց ասած։ Այնպես որ՝ խոսքս ավարտեմ մուղամի կենտրոնի հանդիսավոր բացմանն առնչվող վերջին լուրով։ Ասում են՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան այն աստիճան է հիացել ու հուզվել Քուզանլիում Ադրբեջանի նախագահի եւ համատեղության կարգով իր ամուսնու կատարած մուղամով, որ որոշել է օգտագործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեպանի իր հին կապերը եւ այդ անզուգական կատարումը ճանաչել տալ որպես ադրբեջանական ժողովրդի ոչ նյութական մշակութային արժեք։ Ինչ խոսք, ավարտին մոտեցող տարում դա երեւի թե կլինի առերեւույթ «սիրող, հավատարիմ» տիկնոջ սփոփիչ նվերն ամուսնուն։ Այնպես որ՝ կարելի է միայն ողջունել կոտոշավոր ամուսնու սիրտն իր նկատմամբ տաք պահելու Մեհրիբան խանումի կանացի հնարամտությունը։
Միքայել Հաջյան