Պետք է ժամանակ առ ժամանակ նայես քեզ կողքից
Գլխավոր » Լրահոս » Պետք է ժամանակ առ ժամանակ նայես քեզ կողքից

Պետք է ժամանակ առ ժամանակ նայես քեզ կողքից

Երկու տարի առաջ հիպոթեկով ձեռք բերված բնակարանի, հաջողության գրավականի ու Արցախում տեղի ունեցող փոփոխությունների մասին «Ապառաժ»-ը զուցել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։

— Բավականին ծանրաբեռնված գրաֆիկով եք աշխատում: Ձեզ հետ զրուցելու համար պահանջվեց՝ մի քանի օր բանակցություններ վարել համապատասխան պատասխանատուների հետ: Հարմարվե՞լ եք գրաֆիկին:

— Չեմ հարմարվել, եւ չգիտեմ որքանով է դա իրատեսական, բայց հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց վերջապես կկարողանամ կարգավորել գրաֆիկս։

— Իսկ հաջողվու՞մ է հաշվեկշռել պետնախարարի, ամուսնու, երեք զավակների հոր, որդու եւ ընկերոջ դերերը:

— Դեռեւս չի հաջողվում։ Անկեղծորեն ասեմ, որ  ինձ համար դժվարը ոչ թե աշխատանքի ծավալն է կամ ծանրությունը, այլ ընտանիքիս եւ ընկերներիս հետ շփվելու պակասը։ Հասկանում եմ նաեւ, որ դա զբաղեցրածս պաշտոնի անբաժան մասն է եւ փորձում եմ հարմարվել իրավիճակին։

— Այսօր դուք երկրի առաջատար պաշտոնյաներից մեկն եք: Ինչպե՞ս է հաջողվել հասնել  բարձունքի եւ ի՞նչ է Ձեզ համար պաշտոնը:

— Անկեղծ ասած՝ ես չեմ կարող որեւէ գաղտնիք բացահայտել ընթերցողներին։ Ես որեւէ միջոց չեմ ձեռնարկել այս պաշտոնին հասնելու համար։ Պարզապես աշխատել եմ եւ փորձել կատարել իմ առջեւ դրված խնդիրները։

Պետական նախարարի պաշտոնից սկսած մինչեւ առաջին կարգի մասնագետի պաշտոնը՝ պետական աշխատանքն առհասարակ ծառայություն է հանրությանը եւ ժողովրդին։ Սրանք կլիշե դարձած խոսքեր են, բայց իրականություն են։

Միշտ բացատրում եւ հիշեցնում էի իմ աշխատողներին, որ՝ անկախ նրանից, թե քաղաքացու հարցի լուծումը մեր լիազորությունների լուծման տիրույթում է, թե՝ ոչ, պետք է հասկանաք, որ մենք հանրության հետ նույն հարթությունում ենք եւ ոչ թե սեղանի տարբեր կողմերում։

Ի վերջո, ամբողջ պետական ապարատի նպատակը երկրի զարգացումը, բնակչության նորմալ կենսամակարդակն ապահովելն է եւ համապատասխան պայմանների ստեղծումը։

Այնպես որ, ես պետնախարարի պաշտոնին վերաբերվում են որպես աշխատանք՝ ծառայություն։

— Ովքե՞ր են ներդրում ունեցել Ձեր մասնագիտական եւ աշխատանքային վերելքի վրա։

— Իմ ողջ կենսագրության ընթացքում՝ կրթության եւ աշխատանքային փորձառության վրա տարբեր ժամանակաշրջանում տարբեր մարդիկ են ներգործություն ունեցել։

Նախ՝ պետք է նշանավորեմ դպրոցական տարիները։ Ինձ բախտ է վիճակվել աշակերտել խորհրդային ժամանակաշրջանի բարձրակարգ ուսուցիչների մոտ, որոնց փոխանցած գիտելիքների պաշարը բավարարել է ամբողջ կյանքիս ընթացքում:

Համալսարանական տարիների դերակատարներից պետք է առանձնացնեմ իմ ատենախոսությունը պաշտպանելու գործում շատ մեծ դերակատարություն ունեցած՝ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին եւ դասախոս Արմեն Եղիազարյանին։

Ինչ վերաբերում է աշխատանքային կենսագրությանս, ապա այն սկսել է բակալավրիատի առաջին կուրսից՝ Արցախի վիճակագրական ծառայությունում աշխատելով. հետագայում աշխատել եմ ֆինանսների նախարարությունում։ Ես միշտ աշխատել եմ շատ լավ կոլեկտիվներում, եւ իմ ղեկավարներն էլ այնպիսի մարդիկ էին, որոնցից միշտ կարելի էր փորձառություն եւ նոր գիտելիքներ ձեռք բերել։ Այդ առումով՝ չեմ կարող չառանձնացնել Արցախի ֆինանսների նախարարության դպրոցը՝ նախարար Սպարտակ Թեւոսյանի գլխավորությամբ։

Ուսման տեսանկյունից ինձ հաջողվել է ունենալ շատ լավ ուսուցիչների, որոնք ինձ տվել են այն գիտելիքները, որոնք ես հետագայում օգտագործել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում։

— Ձեր գլխավերեւում կախված՝ այս պաշտոնում Ձեզ նշանակող նախագահի նկարը պարտավորեցնո՞ղ է:

— Միանշանակ՝ պարտավորեցնող է։ Ընդհանրապես, ցանկացած պաշտոնում դու պետք է հաշվետու լինես ղեկավարիդ, ինքդ քեզ, ժողովրդիդ։ Պետք է ժամանակ առ ժամանակ նայես քեզ կողքից եւ ճշգրտես գործելաոճդ։

— Պետական երիտասարդ պաշտոնյաների շարքերն եք զբաղեցնում: Ինչպե՞ս է հաջողվում համագործակցել փորձառուների հետ:

— Ամենալավ, ամենահավասարակշռված թիմը այն թիմն է, որը համատեղում է երիտասարդի եռանդը եւ ավագների փորձառությունը։ Այսօր կառավարության կազմում ունենք ավագ եւ նոր սերնդի ներկայացուցիչներ, եւ կարծում եմ, որ մենք կհաջողենք մեր աշխատանքում։

— Իսկ ինչպե՞ս են «հմուտները» ընդունում Ձեզ:

— Տարիքով պայմանավորված՝ որեւէ խնդիր չեմ զգացել։

— Որպես երիտասարդ եւ խոստումնալից ղեկավար՝ Ձեր նախորդների աշխատելաոճում եւ որոշումներում ի՞նչ թերություններ կառանձնացնեք:

— Չեմ կարող թերություններ առանձնացնել, ուղղակի ամեն մի ղեկավար ունի իր գործելաոճը։ Կա կառավարության հստակ քաղաքականություն, եւ անձի դերակատարությունն այստեղ ընդամենը գործելաոճի ու կազմակերպչական մոտեցումների մեջ է։

— Պաշտոնյաները հաճախ մեղադրվում են լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնը որպես հարստացման աղբյուր օգտագործելու մեջ: Հետաքրքիր է՝ ի՞նչ սեփականություններ եւ եկամուտներ ունեք այսօրվա դրությամբ:

— Իմ եկամուտները գոյանում են պետական նախարարի պաշտոնում իմ աշխատավարձից։ Ժամանակին դասավանդել եմ Արցախի պետական համալսարանում, բայց այս կիսամյակում եկամուտ չունեմ բուհից։

Ունեմ բնակարան, որը մեր ընտանիքը ձեռք է բերել երկու տարի առաջ, հիպոթեկի միջոցով, իսկ այս տարի ձեռք եմ բերել ավտոմեքենա։ Կարծեմ՝ այդքանը /ժպտում է/։

Միշտ մտածել եմ՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին, սակայն պետական աշխատանքի եւ ժամանակի առումով չեմ կարողացել համատեղել։

— Ասում են, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել նաեւ Արցախում: Ի՞նչ է փոխվել Արցախում:

— Բարեփոխումներ, իհարկե, կան։ Արցախը հայության անբաժան մասն է,  եւ այդ առումով Հայաստանում տեղի ունեցած համազգային շարժումը փոփոխություններ է ենթադրում նաեւ Արցախում։

Կարող եմ ասել, որ որոշ չափով փոփոխությունների է ենթարկվել մարդկանց քաղաքացիական գիտակցությունը եւ ընկալումը իշխանությունների նկատմամբ։ Կոտրվել են հանրային ընկալաման որոշ կարծրատիպեր։

Պետնախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կփորձեմ իմ մոտեցումները համապատասխանեցնել այսօրվա հանրության պահանջներին։ Այդ պահանջները շատ չեն եւ անլուծելի չեն. հանրությունը պահանջում է ավելի բաց եւ թափանցիկ կառավարություն եւ իշխանությունների հաշվետվողականություն, ինչին եւ ես ձեռնամուխ կլինեմ։

— Գրեթե ամեն օր ականատես ենք լինում նոր նշանակումների, փոփոխությունների, սակայն  այդ պաշտոնատար անձերի անուն-ազգանունները չեն փոխվում: Գումարելիների տեղերը փոխելով արդյունքը փոխվու՞մ է:

— Նախ ասեմ, որ վերջին նշանակումներում կան ե՛ւ նոր, ե՛ւ նախկին, բայց փորձառու մարդիկ։

Ներդրումային հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Քաջիկ Խաչատրյանը, որը մինչ այդ մասնավոր աշխատանքի էր։ Նույնը նաեւ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի առումով է, որը, ճիշտ է, վերջին ամիսներին զբաղեցրել է օգնականի պաշտոնը, սակայն մինչ այդ երկար տարիներ պետական աշխատանքով չի զբաղվել, եւ ըստ էության նոր մարդ է կառավարման համակարգում։

Վիճակագրության ծառայության մասով՝ այո, այդ պաշտոնին կրկին նշանակվել է Մանուշ Մինասյանը։

Այստեղ որեւէ հատուկ քաղաքականություն չեմ տեսնում։ Նշանակման որոշումները տվյալ պահի նպատակահարմարության կամ տվյալ պաշտոնյայի ունակությունները առավելագույնս օգտագործելու նպատակով են։

— Ինչպիսի՞ն եք երազում տեսնել Արցախը Ձեր պաշտոնավարման ավարտին:

— Ընդհանրապես, երազում եմ տեսնել Արցախի բնակչությանը երջանիկ։

Ժողովրդի երջանկությունը մի քանի հանգամանքով է պայմանավորվում: Առաջնահերթը խաղաղությունն է եւ Ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը։ Իհարկե, իրատեսական չի լինի, եթե ասեմ, որ իմ պաշտոնավարման ավարտին կլուծենք վերը նշածս խնդիրները, բայց եթե հարցնում ենք երազանքի մասին, ապա՝ այո, երազանքս դա է։

Երջանկության կարեւոր տարրերից է նաեւ նյութականը՝ եկամուտների եւ ունեցվածքի բաղադրիչը։ Ես երազում եմ, որ մեր երկրում ընդհանրապես չլինեն աղքատներ, ամեն մեկն իր անկյունը ունենա եւ,  չլինեն կարիքավոր երեխաներ։

Լիարժեք երջանկության երրորդ կարեւոր բաղկացուցիչը համապատասխան պայմաններն են, որպեսզի մեր բնակչությունը, ժողովուրդը, յուրաքանչյուրս հնարավորություն ունենանք արարելու և մեր աշխատանքով ավելի բարգավաճ դարձնելու մեր հայրենիքը:

Թվարկածս իմ պատկերացրած երջանկությանը համարժեք արժեքներ են եւ արցախցու երջանկության բանաձեւի բաղկացուցիչները։

ՀԳ Այս հարցազրույցում ներկայացրել ենք Գրիգորի Մարտիրոսյան անհատին եւ մարդուն։ «Ապառաժ»-ի առաջիկա համարներում նախատեսում ենք ներկայացնել Գ Մարտիրոսյան պետական նախարարին՝ նրա մոտեցումները տարաբնույթ իրվիճակների եւ ծրագրերի հետ կապված։

Գրիգորի Մարտիրոսյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

1