«Հայրերի մեղքը» գրքի գինեձոն՝ Ստեփանակերտում
Գլխավոր » Լրահոս » «Հայրերի մեղքը» գրքի գինեձոն՝ Ստեփանակերտում

«Հայրերի մեղքը» գրքի գինեձոն՝ Ստեփանակերտում

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում այսօր՝ հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալի «Հայրերի մեղքը» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  եւ  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԱԺ մի շարք պատգամավորներ, պատմաբաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ եւ հայկական ծագում ունեցող հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանյանը։

ԱՀ   մշակույթի,  երիտասարդության   հարցերի  եւ  զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը բացման խոսքում նշել է, որ հեղինակը կարողացել է իր բողոքի ձայնը բարձրացնել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների նկատմամբ կատարված եւ կատարվող ցեղասպանությունների վերաբերյալ: «Գրքում ոչ միայն հայերի ցեղասպանության ժխտողականության մասին է խոսվում, այլեւ Օսմանյան Կայսրությունում եւ հետագայում էլ Թուրքիայում ապրող բնիկ ժողովուրդների՝ հույների, ասորիների եւ այլ ազգերի»,- նշել է նախարարը եւ հավելել, որ հեղինակը գրքում ուղենշում է թե ինչպես պետք է կանխարգելել նոր Ցեղասպանությունները։

Շվոն Նաշ Մարշալին գրքում պատմում է  հայ ժողովրդի հետ կատարված ամենասարսափելի դեպքերի՝ Ցեղասպանության մասին: Ի տարբերություն շատ պատմաբանների՝ նա չի համարում, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին եւ վերջացել 1923-ին: «Ուսումնասիրելով Ցեղասպանության պատմությանը՝ ես գտնում եմ, որ այն սկսվել է 1856 թվականին: Ամենասարսափելին այն է, որ ցեղասպանությունը չի դադարել, քանի որ գողացված հայկական հողերը բռնազավթվել են: Պատմությունը կեղծվել է, ինչը եւս յուրովի Ցեղասպանություն է: Դուք ոչ եք ասել ցեղասպան քաղաքականությանը եւ կարողացել եք ստեղծել պետություն»,-ասել է հեղինակը։

Գրքի շնորհանդեսն Արցախում կազմակերպելը պատահականություն չէ․ գիրքը հրատարակվել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ եւ Արցախի զբոսաշրջության եւ մշակույթի զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանի ջանքերով։

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին այցելելով Արցախ Շվոն Նաշ Մարշալին սիրեց Արցախը եւ վստահ եմ, որ նրա գործունեությունը Արցախի հետ կապված կշարունակվեն նաեւ ապագայում»,- նշել է Ս․Շահվերդյանը։

Հեղինակն այս գրքով համարձակ փորձ է կատարում՝ ապացուցելու, որ երիտթուրքերի կողմից իրականացված հայ եւ մյուս ժողովուրդների ցեղասպանությունը եւ Թուրքիայի Հանրապետության կողմից իրողության հերքումը տարբեր հանցավոր ակտեր չեն․ ժխտողականությունը եւս Ցեղասպանություն է։ Գիրքը հարուստ է բազմալեզու գրականությունից պարբերական մամուլից եւ նորահայտ արխիվային նյութերից ներառված փաստագրական տվյալներով:

Լուսինե Թեւոսյան

1