««Ազատագրված տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն ավելի շատ պատերազմ է բերում, քան՝ խաղաղություն». Արցախի ԱԺ փոխնախագահ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանը, թե Արցախի հիմնախնդրի կարգավորումը դժվար է պատկերացնել առանց «գրավյալ որոշ տարածքների վերադարձի», նշեց, որ ԱՄՆ դիվանագետի այս ուղերձը պետք է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների խորապատկերի վրա։
«Այս տեսանկյունից ԱՄՆ դեսպանն ականջ շոյող հայտարարություններ է անում՝ հասցեագրված Ադրբեջանին։ Միացյալ Նահանգները փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանի համար շարունակում է լինել բարեկամ երկիր և հետևողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի, տվյալ պարագայում շոշափելով նաև ազատագրված տարածքները։ Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունն ավելի շատ հետապնդում էր հենց այս նպատակը»,- ասաց Վ. Բալայանը։
Ըստ նրա, Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները պետք է այս հարցում ցուցաբերեն կոշտ դիրքորոշում, քանի որ «ազատագրված տարածքներ՝ խաղաղության դիմաց» տխրահռչակ բանաձևն ավելի շատ պատերազմ է բերում, քան՝ խաղաղություն։
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթացի սառեցված վիճակին և դրա վտանգավոր հետևանքներին, Վահրամ Բալայանը նկատեց, որ, եթե չկա երկխոսություն, ապա դրան հաջորդող քայլը միշտ պատերազմն է։
«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան պատերազմել։ Սակայն պետք է ասենք, որ այստեղ կա օբյեկտիվ պատճառ, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այժմ երկու կողմերի մոտ իրար ուսումնասիրելու փուլ է սկսվել։ Այս համատեքստում, չեմ կարծում, որ պետք է ակտիվ գործընթացներ սկսվեին։ Ըստ իս, միջնորդ երկրները նույնպես այս տեսանկյունից են հարցը դիտարկում։ Բոլոր դեպքերում Արցախի հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցություններն են, քանի որ վերջիվերջո յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է խաղաղությամբ և բանակցությունների միջոցով։ Պատերազմի փուլը մեզ մոտ հասել է այնպիսի հանգրվանի, որ արդեն բանակցությունների ժամանակն է»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։
Զվարթ Խաչատրյան