Բրյուսելում ընթանում է ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը
2018 թվականի հոկտեմբերի 5-ին Բրյուսելում իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը:
Քաղաքական և արտաքին հարաբերական ընդգծված օրակարգով այս խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 40 դաշնակցական երիտասարդներ՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչը:
Խորհրդաժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանը, Եվրոպայի Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը և ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը:
Խորհրդաժողովի բացման խոսքում Սարգիս Մկրտչյանը երեք կետով կարևորեց խորհրդաժողովի անցկացումը: Ըստ այդմ, խորհրդաժողովի հյուրընկալման համարձակ ձեռնարկը նախևառաջ վկայությունն է ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության կազմակերպական զարգացման նոր մակարդակի: Կարևորության հաջորդ ցուցիչը արտաքին հարաբերությունների և, ընդհանրապես, քաղաքական հագեցվածությամբ աչքի ընկնող օրակարգն է, որն ուղղակիորեն առնչվում է Եվրոպայում հայ երիտասարդության ակտիվության բարձրացմանն ու հայկական շահերի պաշտպանությանը՝ արտաքին հարաբերական ամենատարբեր մակարդակներում: Եվ, վերջապես, խորհրդաժողովը քննարկելու է նաև Հայաստանի վերջին իրադարձությունները և դրանց ազդեցությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վրա ու այդ համատեքստում՝ դաշնակցական երիտասարդության դերն ու անելիքները:
Ժողովն իր աշխատանքները կավարտի հոկտեմբերի 7-ին:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ