Գէորգ Հաճեանի համերգը՝ Նորշենում
Գլխավոր » Լրահոս » Գէորգ Հաճեանի համերգը՝ Նորշենում

Գէորգ Հաճեանի համերգը՝ Նորշենում

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Սեպտեմբերի 28-ին Արցախի Նորշեն գյուղում կայացավ լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանի համերգը՝ Ստեփանակերտի «Տնջրե» եւ Նոր շենի «Մոնթե» համույթների մասնակցությամբ։

Միջոցառումը բացվեց ՀՀԿՄՄ Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանի խոսքով։ Վերջինս նշեց, որ համերգը նվիրվում է Համազգայինի հիմնադրման 90-ամյակին, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին եւ Արցախյան շարժման 30- ամյակին։

Ներկաները մեծ ոգեւորությամբ դիմավորեցին երգչին՝ համերգի ողջ ընթացքին մասնակից լինելով երգերով ու պարերով։

Ինչպես իր խոսքում նշեց երգիչը՝ երբ արցախյան հողի վրա է երգում, զգում է իր երգած երգերի ամեն մի բառի ողջ զորությունը եւ նորից ու նորից հասկանում է այն ճշմարտությունը, որ հայրենիքի ապագան պետք է սկսվի զարգացած գյուղեր ունենալուց։ Գյուղացին պետք է սերտ կապակցված լինի հայ մշակույթին եւ հնարավորություն ունենա առնչվելու նրա հետ։

Գ.Հաճեանի երգերի հետ իրենց հայաշունչ պարերով հանդես եկան Ստեփանակերտի «Տնջրե» եւ Նոր շենի «Մոնթե» համույթները։

Բուռն ծափերի ներքո մարդիկ նշեցին, որ գյուղը սպասում էր նման միջոցառման,որը նաեւ յուօրինակ հայրենասիրական դաս էր։

Մոտակա գյուղերից՝ Աշանից ու Հացիից, մարդիկ եկել էին գեղեցիկ արվեստի կարոտով՝ հակառակ եղանակային անբարենպաստ պայմանների։

Ներկաները նվեր ստացան նաեւ երգչի ձայնային սկավառակներից, հնարավորություն ունեցան անմիջական զրույց ունենալու նրա հետ։

Համերգի վերջում երգիչն իր շնորհակալական խոսքն ասաց Համազգայինի Արցախի եւ Երևանի գրասենյակներին, ՀՅԴ Արցախի կառույցին, հանձինս՝ Դավիթ Իշխանյանի՝ համերգի կազմակերպմանը աջակցելու համար, ինչպես նաեւ՝ իր ընկերոջը՝ Ալեքս Պաղտասարեանին:

Երգչի տարազն ապահովել էր Երևանի «Տերյան» արվեստի կենտրոնը։

Երգիչն ու իր ընկերները նաեւ համեստ նվիրատվություն էին բերել գյուղի բազմազավակ ընտանիքների համար, ինչը հանձնվեց գյուղի ղեկավարությանը:

Հավելենք, որ Գէորգ Հաճեանը համերգային ծրագրերով հանդես կգա նաեւ Արցախի մի շարք զորամասերում եւ Քարվաճառում։ 

 

 

1