Սխալ քայլերը շեղելու են ճիշտ ճանապարհից
Գլխավոր » Լրահոս » Սխալ քայլերը շեղելու են ճիշտ ճանապարհից

Սխալ քայլերը շեղելու են ճիշտ ճանապարհից

Yerkir.am-ի զրուցակիցն է Հ.Յ. Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

— Պարոն Համբարձումյան, սեպտեմբերի 23-ին տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որին այս անգամ մասնակցում է նաև Դաշնակցությունը: Ի՞նչ փոփոխությունների, բարելավման ակնկալիքով է կուսակցությունը մասնակցում ընտրություններին: Ըստ Ձեզ՝ մեր երկրին ի՞նչ զարգացումներ են սպասում:

— Մեր երկիրը վճռորոշ, բեկումնային փոփոխությունների փուլ է թևակոխել։ Անցյալի էջը փակված է, ներկան՝ հուսադրող ու դրական իրողությունների և միտումների կողքին ունի նաև մտահոգիչ ու անընդունելի երևույթներ, ապագան բազում մարտահրավերներ է խոստանում։ Հավաքական իմաստություն է պահանջվում սպասվող մարտահրավերներին դիմակայելու, ժողովրդի սպասումներն ու ակնկալիքները արդարացնելու, երկիրը զարգացման ճիշտ ընթացքի մեջ դնելու համար։

Առաջիկա ընտրական գործընթացները այս առումով չափազանց կարևոր նշանակություն ունեն։ Նոր իրողությունների պայմաններում մայրաքաղաքի, ինչպես նաև առաջիկայում մի շարք քաղաքային համայնքներում կայանալիք ընտրությունները լուրջ մարտահրավեր են ոչ միայն իշխանությունների, այլև բոլոր քաղաքական ուժերի և առհասարակ ողջ հասարակության համար։

Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունեն հատկապես Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք, ըստ էության, կարող են կանխորոշել ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի զարգացման հեռանկարը։ Ազատ, արդար և մրցակցային ընտրությունների անցկացման ճանապարհը բնականոն քաղաքական զարգացումների միակ երաշխիքն է։ Մյուս բոլոր ճանապարհները տանում են փակուղի։

— Արդյո՞ք յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու հայտարարությունները փակուղային իրավիճակ չեն ստեղծում:

— Տարբեր քաղաքական ուժեր ընտրապայքարի են դուրս եկել, սակայն ընտրարշավի մեկնարկը այս առումով ամենևին էլ հուսադրող չէ։ Հասարակությանը բարիկադներով տարանջատելը, քաղաքական ուժերին սև ու սպիտակի բաժանելը, թվացյալ հակահեղափոխականների դեմ «դուխով» հեղափոխականի պատմուճանով հանդես գալը, յուրայինների մեջ թշնամիներ փնտրելը քաղաքական պայքարի լավագույն եղանակը չէ։ Ու պետք չէ անընդհատ փորձել Ռ. Քոչարյանին կամ էլ հակահեղափոխությունը սրա նրա «գրպանը գցել» ։ Ազնիվ չէ և գործընկերներին վայել չէ։ Քաղաքապետական ընտրությունները պետք չէ ընկալել և ներկայացնել որպես վարչապետի կամ վարչապետի ֆավորիտ թեկնածուի յուրօրինակ վստահության հանրաքվե։ Իսկ եթե նպատակը քաղաքական մենիշխանություն ստեղծելն է ու ամբողջական վերահսկողություն սահմանելը, ապա ի՞նչ արժեք ուներ վերջին ամիսների պայքարը։ Սխալ քայլերն ու ընթացքը անխուսափելիորեն շեղելու են ճիշտ ճանապարհից։ Ընտրապայքարը պետք է մնա դասական ընտրարշավի տրամաբանության մեջ, «միասին՝ հանուն» սկզբունքով˒ այլ ոչ թե ուղեկցվի իրավիճակը անհարկի լարելու փորձերով ու բուն օրակարգից շեղող հեղափոխական հռետորաբանությամբ։

— Իսկ ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի`մեծ հնչեղություն ստացած հեռախոսազրույցի ձայնագրության և դրա հրապարակման մասին:

— Նրանց հեռախոսազրույցի թե գաղտնալսման փաստն ինքնին, թե խոսակցության բովանդակությունը, մեղմ ասած, խիստ մտահոգիչ է։ Միանշանակ է, որ հարցը քաղաքականից և բարոյականից բացի ունի նաև անվտանգության ասպեկտ և համապատասխան մարմինների խնդիրն է լրջորեն զբաղվել դրանով։ Նախադեպը չունեցող այս երևույթը առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնք պատասխան են ակնկալում։

Գաղտնալսված և հանրության սեփականությունը դարձած հեռախոսազրույցը, ըստ էության, ոչ թե երկու բարձրաստիճան պաշտոնյաներին բնորոշ խոսակցություն էր, այլ փողոցի մակարդակի «տղայական զրույց», որը պատիվ չի բերում։ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի համատեղ ասուլիսում ներկայացրած պարզաբանումներն էլ, մեղմ ասած, համոզիչ չէին։ Ավելին, ինքնաարդարացման նկատառումներից ելնելով նախաքննական գաղտնիքներ հրապարակելը անթույլատրելի է և պետք է գնահատականի արժանանա։

Տպավորությունն այնպիսին է, որ իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակներում ինքնուրույն որոշումներ կայացնելու փոխարեն իրավապահ մարմինները կարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումները ոչ վաղ անցյալի նման կայացնում են հրահանգներով ու քաղաքական նկատառումներից ելնելով։ Ստիպված ենք արձանագրել˒ որ մարտին 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի առնչությամբ մեր մտահոգությունները տեղին էին։

Զրույցը վարեց Արազ Գայմագամյանը

1