Շուշիում բացվել է ավստրալահայ գեղանկարիչների ցուցահանդես

Շուշիի արվեստի կենտրոնում «Անդրադարձ» խորագրի ներքո այսօր՝ օգոստոսի 31-ին բացվել է ավստրալահայ 20 գեղանկարիչների ավելի քան 60 աշխատանքների ցուցահանդեսը:
Բացմանը ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ԱՀ ԱԺ պատգամավոր Արմեն Սարգսյանը, Ավստրալիայից ժամանած հյուրեր, արվեստագետներ եւ հրավիրյալներ:
«Անդրադարձ» ցուցահանդեսն առաջին անգամ Արցախի հանդիսատեսի դատին ներկայացվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Ավստրալիայի մասնաճյուղի նախաձեռնությամբ եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի օժանդակությամբ։
Ցուցահանդեսի համադրող, գեղանկարչուհի Շաքե Վարդանյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ լուրջ բարդություններ են հաղթահարել՝ աշխատանքները Հայաստան հասցնելու եւ ցուցադրելու համար, սակայն չեն ընկրկում հայրենանվեր այս գործից:
«Ցավոք այս անգամ ցուցահանդեսում ներկայացված նկարիչներից շատերը չեն կարողացել ժամանել Հայաստան, սակայն հայրենիքում իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հնարավորությանը սփյուռքահայ արվեստագետներիս համար մեծ հպարտություն է»,- նշել է Շ․Վարդանյանը։
Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան շարժման 30-ամյակին, Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին, Երեւանի հիմնադրման 2800 ամյակին եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 90-ամյակին։ Այն Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Ավստրալիայի մասնաճյուղի եւ Համազգայինի Արցախի գրասենյակի առաջին համագործակցությունն է։
«Նպատակ ունենք այս համագործակցությունը դարձնել շարունակական եւ հետագա տարիներին եւս կազմակերպել նմանատիպ մշակութային ձեռնարկներ»,- նշել է Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։
Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 4-ը:
«Ապառաժ»