Գործնական քայլեր Այնճարի և Կովսականի միջև համագործակցության ուղղությամբ
Վերջերս Արցախ էր այցելել Լիբանանի Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը: Կովսականում նա արժանացել է հյուրընկալ ընդունելության, բնակիչները աղ ու հացով, երգով ու պարով են դիմավորել քույր քաղաքի քաղաքագլխին: Կովսականի և Այնճարի հետագա համագործակցության ուղիների, դրանց կազմակերպման և ընթացքի մասին է «Ապառաժ»-ի զրույցը Այնճարի քաղաքապետի հետ:
-Պարոն Խոշյան, 2018թ. մայիսին Լիբանանում Այնճարի և Կովսականի միջև սոտրագրվել էր համագործակցության հուշագիր: Ի՞նչ քայլեր են հաջորդել համաձայնագրի ստորագրմանը:
-Մայիսի 16-ին Այնճարում համագործակցության հուշագիր ստորագրեցինք և Կովսականը Այնճարի հետ քույր քաղաք հռչակվեց: Ես հիմա այստեղ եմ գլխավորապես գործնական քայլեր անելու հեռանկարով: Ուզեցի ժամանակ չկորցնել և անհրաժեշտ տեղեկություններ հավաքել: Այնճարում արդեն մասնագետների խումբ ունենք, որն աշխատում է Կովսականի երկրագործական հնարավորությունների ուսումնասիրությամբ: Նպատակը Կովսականի կլիմայական պայմաններին ծանոթանալն է, հնարավոր խոչընդոտները հասկանալը, որպեսզի ըստ այդմ ծրագրեր կազմենք և ավելի շուտ արդյունքներ ապահովեն: Իմ այցելությունը փոխադարձ է: Ինձ զգուշացրել էին, որ հնարավոր է հիասթափվեմ Կովսականի վիճակը տեսնելով: Բայց ես հիասթափվելու բան չունեմ, որովհետև 79 տարի առաջ 1939թ., երբ Այնճարի հիմքը դրեցինք, հողատարածքն ամբողջությամբ ճահիճ էր և մալարիայի, բծավոր տիֆի հիվանդության բույն: Առաջին տարվա ընթացքում հիվանդությունների պատճառով տվել ենք 1000 զոհ: Չնայած դրան, մեր կամքի, ապրելու տենչի շնորհիվ հաջողեցինք կերտել այսօրվա Այնճարը, որը Լիբանանի ամենագեղեցիկ քաղաքն է՝ իր կազմակերպական ոճով, տեսքով, մաքրությամբ, կարգապահությամբ: Եվ բնական է, որ այստեղ էլ չենք ընկճվելու: Ես առաջնորդվում եմ մեկ սկզբունքով՝ Արցախյան հողը պատահական չի ազատագրվել, այն սրբացել է ամեն քայլափոխի թափված նահատակների արյունից և այդ հողի շենացման համար մենք պետք է անենք հնարավորը: Իսկ գաղութներն էլ իբրև վտակ պետք է հոսեն այս խոշոր գետի մեջ:
Մինչև սեպտեմբեր Լիբանանում մեր մասնագետները կավարտեն իրենց աշխատանքները և մասնագիտական խմբով կգան այստեղ՝ հավելյալ ճշգրտությամբ գործերը դասավորելու համար:
-Ինչպե՞ս է ընտրվել Կովսականը որպես քույր քաղաք և ի՞նչ ակնկալիքներ ունեք Արցախի հետ համագործակցության խորացումից:
-ԱՀ իշխանությունների, մասնավորապես արտաքին գործերի նախարարության, ՀՅԴ Լիբանանի և Արցախի պատասխանատու ընկերների, նաև Լիբանանի ազգային իշխանությունների կողմից համախորհուրդ մեզ է հանձնվել այս առաքելությունը: Նմանօրինակ պատասխանատվությունը մեզ հավելյալ ուժ է տալիս: Անշուշտ, շրջանի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է լինելու նաև պետական աջակցություն:
Հուլիսի 24-ին հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսայանի հետ, որի ընթացքում քննարկվել են Լիբանան արցախյան գյուղատնտեսական վերամշակված արտադրանքի արտահանման հնարավորությունները:
-Ի՞նչ նմանություններ եք նկատել Կովսականի և Այնճարի միջև:
— Հատուկ նմանություն չկա, բայց ոգու, գործի եղանակի իամստով նույնացած են երկու քաղաքները: Այնճարը նախագծվել էր ֆրանսիական բանակի կողմից: Այն ունի եզակի հատակագիծ, կանոնավոր ջրանցքներ, ջրուղիներ, ոռոգման համակարգեր: Նմանությունն այն է, որ երկուսն էլ երկրագործական հիմքերի վրա են: Հիմա փորձում ենք նոր ծառատեսակներ բերել, փոքր արտադրություններ հիմնել: Սրանք շուտ արդյունք կապահովեն, որոնք ժողովուրդը կարող է մոտ ապագայում տեսնել:
-Իսկ հնարավոր է արդյո՞ք այստեղի փորձը Այնճարում օգտագործել:
-Բնականաբար մեր համագործակցությունը փոխհարաբերության վրա է հիմնված, այստեղ էլ կան լավ կարողություններ, որոնք պետք է օրինակ ծառայեն Այնճարի համար: Իսկ ծրագրի տեսլականը ինձ համար հստակ է, որովհետև մենք այլևս այն չենք, ինչ որ էինք 1990թ. առաջ: Մենք նոր հանգրվան ենք բացել մեր պատմության մեջ, մենք պետականություն ունենք և այն հզորացնելու գործի մեջ ներգրավված պիտի լինի յուրաքանչյուր հայ:
Կցանկանայի, որ հեզասահ ընթանա այս առաքելությունը և մեր գործում խոչընդոտների չհանդիպենք:
Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի