Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցում ընթանում է ՀՅԴ պատանեկան ճամբար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2018թ. հուլիսի 16-ից մեկնարկել է ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության նախաձեռնած ճամբարը Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում: Ճամբարին մասնակից մոտ 200 պատանիները բաժանված են 4 խմբերի: Ճամբարականներն ամեն օր առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն անց են կացնում դպրոցի տարածքում՝ գիտելիքներ ստանալով հայոց պատմությունից, անգլերեն լեզվից, սովորելով նոր երգեր ու խաղեր:
Ճամբարի ընդհանուր պատասխանատու Րաֆֆի Սեմերճյանի խոսքով մասնակիցների թիվը վաղուց լրացել է, բայց ամեն օր նոր գրանցվողներ են դիմում: «Հույս ունեմ եկող տարի մարդիկ ավելի ուշադիր կլինեն ճամբարի հայտարարության նկատմամբ, շուտ կիմանան ու կգրանցվեն»,- նշել է նա:
18 երիտասարդներից բաղկացած խումբը մինչ Արցախ գալը նմանատիպ ճամբարներ է անցկացրել ՀՀ Գյումրի, Արթիկ քաղաքներում և Մեծ Մանթաշ գյուղում:
ԱՄՆ-ից ժամանած 18 հոգանոց խմբի մի մասը տարբեր ծրագրերով եղել են Հայաստանում և Արցախում, իսկ մոտավորապես կեսն առաջին անգամ են Արցախում: «Մենք ինչքան դրական ազդեցություն ունենանք ճամբարականների վրա, բարելավվենք նրանց առօրյան, զարգացնենք միտքը, այնքան լավ գործ արած կլինենք»,- համոզված է Րաֆֆին, ով երեխաների հետ աշխատելը համարում է յուրօրինակ հաճելի մարտահրավեր:
Ճամբարը տևելու է մինչև հուլիսի 28-ը, իսկ մինչ այդ Արցախում գտնվող երիտասարդները կհասցնեն ավելի լավ ճանաչել Արցախն ու արցախցիներին: