Վահրամ Բալայանն ընդունել է համազգայինի ուսանողական ֆորումի անդամներին

ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի մասնակիցներին:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀԿՄՄ արցախյան գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը:
«Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են ընձեռնում սփյուռքահայ երիտասարդներին մոտիկից ծանոթանալու Արցախին եւ միաժամանակ ուրվագծելու անելիքներ՝ հայության երեք թեւերի համատեղ ջանքերով իրականացնելու համար»,- մասնավորապես նշել է Վ.Բալայանը՝ հատկապես կարեւորելով վերաբնակեցման բնագավառում միասնական աշխատանքի անհրաժեշտությունը:
Վ.Բալայանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի պատմության, քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, արտաքին կապերին եւ բարեկամական խմբերին: Խոսել նաեւ ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին:
Հանդիպման վերջում Արցախ ժամանած 8 երկրներից թվով 32 երիտասարդներ իրենց հարցադրումներն ուղղել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին: Բարձրացրած հարցերը վերաբերում էին երիտասարդական, գյուղատնտեսական եւ մարդու իրավունքների ոլորտներին:
Նշենք, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումի մասնակիցները պաշտոնական հանդիպումներից բացի՝ այցելելու են զորամաս, թանգարաններ եւ Արցախի պատմամշակութային վայրեր: