ՀՅԴ ԱԵՄ-ի հերթական միջոցառումը զորամասում
Հունիսի 24-ին ՀՅ Դաշնակցության Արցախի երիտասարդական միության անդամներն այցելեցին Արցախի զորամասերից մեկը: Նպատակն ավանդական դարձած «Պիտի գնանք վաղ թե ուշ» խորագիրը կրող ինտելեկտուալ խաղի կազմակերպումն է: Միացյալ Հայաստանի քարտեզի վրա նշված երթուղով թիմերը դուրս եկան Ստեփանակերտից և հարցերին ճիշտ պատասխանելով ու «ազատագրելով» ճանապարհի քաղաքները հասան վերջնակետին՝ Արարատ լեռանը: Խաղին մասնակցում էին տարբեր գումարտակների 5 թիմեր, իսկ խաղը բաղկացած էր երեք փուլից: Համառ մրցակցային պայքարում ընթացած խաղում հաղթող է ճանաչվել տանկային առաջին գումարտակի թիմը:
Մասնակից և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, գրքերով և նվերներով:
Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Արա Ալավերդյանը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ ԱԵՄ-ին նախաձեռնության համար. «Մենք միշտ ուրախությամբ ենք ընդունում նման միջոցառումները, որոնք ամրապնդում են բանակ-հասարակություն կապը, նաև ոգևորում զինծառայողներին, կատարելագործում ընդհանուր գիտելիքները»: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը զորամասի հրամանատարության կողմից որպես խրախուսանք ստացել են լրացուցիչ ազատ ժամեր անցկացնելու հնարավորություն:
Ինտելեկտուալ խաղում լավագույնը ճանաչված թիմի ավագ Վարդան Խոցանյանն ուրախ էր խաղի կայացման և իր թիմի հաղթանակի համար: «Խաղը շատ հետաքրքիր է անցել, շատ կցանկանայի, որ շուտ-շուտ կազմակերպվեին նմանատիպ միջոցառումներ: Զինվորի համար կարևոր է ինչ-որ չափով ծառայությունից կտրվել, բայց միաժամանակ գտնվել ծառայության մեջ»,- նշել է Վարդան Խոցանյանը:
Ինտելեկտուալ խաղի ավարտից հետո ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները ծանոթացել են ԱՀ ՊԲ-ում առկա տարբեր զինատեսակների հնարավորություններին, օգտվելու կանոններին: