Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
Գլխավոր » Լրահոս » Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում:

Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934-ին՝  կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36 թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն էր (1939–48 թթ.՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):

Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր: Մոսկվայի հայ մշակույթի տանը հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և հայ անվանի այլ արվեստագետների հետ: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար: Առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի արվեստի հասունության, տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որ նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին:

Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից:

Խաչատրյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի արվեստը սերում է նույն ակունքից. կոմպոզիտորն իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, հասել է սիմֆոնիկ մտածողության այնպիսի մակարդակի, որը լավագույն օրինակ է Արևելքի ժողովուրդների ազգային կոմպոզիտորական դպրոցների զարգացման համար: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է նրա ստեղծագործության նորարարական էությունը՝ որպես նոր էջ համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ:

Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից` գրել է գործիքային կոնցերտներ (դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի), սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլ գործեր: Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939 թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում  2009-ի բեմադրության բալետմայստերը Յուրի Գրիգորովիչն է) բալետները: Գրել է նաև թատերական («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», հատկապես հանրահայտ է վալսը) և կինոերաժշտություն («Պեպո», 1935 թ., «Զանգեզուր»,  1938 թ., «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949 թ. ֆիլմերի համար):

1950 թ-ից, որպես դիրիժոր, հեղինակային համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում:

Խաչատրյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ էր, Իտալիայի «Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ:

Երևանում Խաչատրյանի անունով են կոչվել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց և փողոց: 1984-ին Երևանում բացվել է Խաչատրյանի թանգարանը, 1993-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003-ից կազմակերպվում է երաժիշտ-կատարողների` Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթ:

1