Հրաժեշտի փոխարեն
Գլխավոր » Գաղափարական » Հրաժեշտի փոխարեն

Հրաժեշտի փոխարեն

Երբ դեռ մեզ հետ էիք, մեր կողքին, չկարողացա Ձեր մասին գրել: Մի օր, երբ առաջին կուրսի ուսանողուհի էի, ասացի.

-Պարոն Վաչե, ուզում եմ Ձեր մասին գրել:

Խորհրդավոր ժպիտով ասացիք.

-Այսօր իմ մասին լավ թե վատ գրում են մարդիկ, ոմանք` անկեղծ, ոմանք`կեղծավոր, իսկ դու հետո կգրես:

-Հետո՞,  Ե՞րբ,-հարցրի:

-Մի օր…երբ օրը պայծառ լինի, բայց ես էլ չլինեմ:

 Ես, ի պատասխան, ժպտացի, իսկ դուք հայրաբար շոյեցիք վարսերս…

Այսօր պայծառ է օրը, ինչպես այն ժամանակ` տարիներ առաջ:  Ցավոք, վաղաժամ հեռացաք կյանքից…

 

Այսօր նայեցի արևին ու արևի մեջ գտա ձեր աչքերը:  Քամին ունկերս լցրեց ձեր ձայնով.  <<Երբ Անիթաս ծնվեց, ես մի թաքուն երազանք ունեի, որ աղջիկս լինի տեսքով, խելացի ու անունով: Աստված լսեց ինձ`աղջիկս և խելքով էր փայլում, և տեսքով, միայն երրորդն էր պակասում: Ու երբ  դժբախտ պատահարը խլեց նրա մատաղ կյանքը, ես որոշեցի ինչ-որ կերպ անմահացնել նրա անունը…Ես չեմ վախենում մահից, ես ատում եմ այն: Վախենում է նա, ով կորցնելու բան ունի: Ես արդեն կորցրել եմ այն ամենաթանկը, որ ունեի կյանքում`Անիթայիս: Անիթաս մահացավ իմ ձեռքերում, ու ես այդ օրը ատեցի մահը… Այսուհետ իմ կյանքի ամեն մի վայրկյանը կապված է լինելու Աշանին ու այս կրթօջախին, որ Անիթայիս անունն ունի: Այլևս պիտի Աշանով ապրեմ>>:

 

<<Անիթա Հովսեփյան>> դպրոցը կառուցվեց 1998-ին. հարազատներ Ցոլակ և Գոհար Հովսեփյանների աջակցությամբ, <<Անիթա հովսեփյան>> հիմնադրամի միջոցներով իրագործվեց Ձեր նվիրական փափագը: Կրթօջախն իր մեջ ամփոփեց գեղանի հայուհու հիշատակը: Անիթա Հովսեփյան անունը մանուկների շուրթերին դարձավ բանաստեղծություն ու երգ, իսկ ամերիկահայ  բարերարներ Վաչե և Ռիթա  Հովսեփյաններ անուններից անպակաս էր օրհնանքն ու բարեմաղթանքը: Աշանի դպրոցի ամեն մի աշակերտ հեքիաթի պես գիտի Անիթային`նրա մանկությունից մինչ կյանքի 20-րդ գարունը: Թվում է` այդ հեքիաթում չարը հաղթեց բարուն, սակայն, ի հեճուկս չարի, Անիթայի առջև բացվեցին հավերժական կյանքի դարպասները, անմահությունը դարձավ նրան լուսապսակ…

 

Դուք ձեր զավակի հիշատակը անմահացրիք հայրենիքի սրբագույն մասում` Արցախում:

 

Մեր առաջին հանդիպումը խորհրդավոր էր: Եկել էիք մասնակցելու դպրոցի հանդիսավոր բացմանը: Չորրորդ դասարանի աշակերտուհի էի: Երբ մտաք մեր դասարան, հայացքով ասես ինչ-որ բան էիք փնտրում. մեկ –մեկ նայեցիք բոլորիս ու մեկ էլ ուրախությամբ բացականչեցիք.

-Ուրեմն այդ դու ես,-մոտեցաք ինձ ու ամուր գրկեցիք:

Ես ամբոջովին կաս-կարմիր էի դարձել: Մտածեցի` ինձ շփոթել եք  ինչ-որ մեկի հետ:

— Այդ դու ես,-շարունակեցիք ուրախությամբ լեցուն աչքերով,-դու ես չէ? Հերմինեն:

-Այո,-ասացի շփոթված:

Պարզվեց`մենք ծանոթ էինք, բայց ես չգիտեի դրա մասին: Դուք առաջին անգամ պատմեցիք, թե ինչպես ձեր մեջ արթնացավ հենց Աշանում դպրոց կառուցելու գաղափարը:

 

<<Տարիներ առաջ  պատահաբար մի տեսագրություն տեսա, որտեղ դու` 5-6 տարեկան աղջնակ, տատիկիդ ձեռքից բռնած` <<Գետաշեն>> էիր երգում: Քո աչքերում ես լույս ու ջերմություն տեսա, և որոշեցի` պիտի հենց այս աղջնակի գյուղում իրականացնեմ իմ բարի գործը:

-Բայց ես լավ չեմ երգում,-ասացի ամոթխած:

-Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ կարողացար նվաճել սիրտս ու բերել Աշան>>:

Ու այսպես` ես էլ մասնիկը դարձա Ձեր բարի գործի:

 

Ձեր նախաձեռնությամբ մի քանի տարվա ընթացքում դպրոցին կից կառուցվեց նաև ատամնաբուժարան, մարզադահլիճ, գրադարան և Արցախյան ազատամարտում զոհված աշանցիներին նվիրված հուշակոթող: Ով գիտե, դեռ որքան լուսավոր գործեր պիտի իրականացնեիք, եթե չլիներ դաժան հիվանդությունը: Այն խլեց ձեր մարմինը, բայց ոչ հոգին, քանզի ձեր հոգին հավերժ Աշանում է, այնտեղ, որտեղ ձեր Անիթայի հոգին է:

 

Որքան հիշողություններ ունեմ մտքիս մեջ պահած` անհաշվելի ու թանկ հիշողություններ:

 

Մի առիթով ասացիք.

-Աղջիկս, կզակդ միշտ վեր պահիր, որովհետև դու այս հերոսական հողի սերունդ ես: Արցախցին իրավունք չունի խոնարհելու գլուխը. քանզի նա գիտե քարից հաց ստանալ ու իր ամենաթանկը` զավակին նվիրաբերել հանուն ազատության:

Ձեր ամեն մի խորհուրդի մեջ իմաստություն կար, որ ինձ պիտանի եղավ կյանքում:

Արցախը ձեր սրտում էր, մտքում, երակներում: Արցախով էիք ապրում: <<Ամեն մի օրս Արցախով է բացվում, Աշանով, այս դպրոցով, այս աշակերտներով: Կարոտով եմ ապրում, հանդիպման սպասումով>>,-ասում էիք ամեն անգամ:

 

Դպրոցի բակում Անիթայի հուշարձանն է: Նա կանգնել է լուռ ու խաղաղ և, թվում է, քարե հուշարձան չէ, այլ մշտապես մեր կողքին ներկա, մեզ հետ ապրող ներկայություն, ով Աստծո յուրաքանչյուր լուսաբացին ողջույնի խոսք է շշնջում դասի շտապող սաներին ու հոգատար քրոջ ժպիտով բարի օր մաղթում նրանց: Իսկ երբ լռում են դպրոցի զանգերը և իջնում է երեկոյան անդորրը, Անիթան խոհուն հայացքով զրուցում է երկնքի հետ, և հարազատ կրթօջախը նորից ու նորից օծվում է նրա բարի աղոթքով…Այսուհետ Ձեր և Անիթայի հոգիներն անբաժան են, նրանք նույն հանգրվանն ունեն…

 

Ցավով ու հպարտությամբ  պիտի ասեմ, որ այլևս դուք էլ քայլելու եք հավերժության ճամփով, ինչպես բոլոր նրանք, ովքեր  բարի գործի սերմնացաններ էին: Դժվար է Ձեզ  հրաժեշտ տալը, ու ես  հրաժեշտի փոխարեն պարզապես ժպտում եմ Ձեզ` հանդիպումի պայծառ սպասումը սրտումս պահած…

 

Հերմինե ԱՎԱԳՅԱՆ

1