Հայկական հետք Ադրբեջանի նախագահական ընտրություններում

Դատելով ադրբեջանական լրահոսից եւ նրան հղում կատարած միջազգային լրատվամիջոցների տեղեկատվությունից` պարզվում է, որ, իրոք, այդպես է. հայկական հետքն առկա էր Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում, ընդ որում՝ եւ նախընտրական, եւ հետընտրական շրջաններում։ Հասկանալի պատճառով` ընտրությունների նախօրյակին եւ բուն ընտրությունների օրը, այսպես ասած` «լռության օրերին» այդ մասին եւ ոչ մի հարթակից ոչինչ չի բարձրաձայնվել։ Պարզապես այդ հարթակները չկային՝ համաձայն օրենսդրական նորմի պահանջի։ Իսկ ՙպարզվում է՚ արտահայտությունը կարելի է դիտարկել եւ ընկալել թե առանց չակերտների, թե չակերտների մեջ։
Այդ արտահայտության առանց չակերտների տարբերակը բխում է նախընտրական քարոզարշավի շրջանում նախագահի առանց բացառության բոլոր թեկնածուների՝ հանրության դատին ներկայացված ծրագրային դրույթներից եւ հրապարակային ելույթներից, որոնցում կարմիր թելի պես անցնում էր, ադրբեջանական սադրիչ ձեւակերպմամբ ասած, «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությանն» ուժային լուծում տալու անհրաժեշտության գաղափարը։ Ավելին, նույն այդ դիրքորոշումն էր արտահայտում նաեւ ընտրությունները բոյկոտած ադրբեջանական ընդդիմությունը՝ ի դեմս Ազգային խորհուրդ կոչվող դաշինքի մեջ մտնող կուսակցությունների եւ քաղաքական հալածանքներից մազապուրծ եղած եւ եվրոպաներում ու ամերիկաներում ապաստանած տարագիր ադրբեջանցի գործիչները՝ գործող իշխանություններին սուր քննադատության ենթարկելով, ըստ իրենց, առաջին անհրաժեշտության այդ ազգային հրամայականում հապաղելու, հանցավոր անգործություն դրսեւորելու համար։ Չկրկնենք Ադրբեջանի վերընտրված նախագահ Իլհամ Ալիեւի փքուն հոխորտանքներն Արցախը զենքի ուժով «հետ վերադարձնելու», Հայաստանի տարածքն ադրբեջանական ժողովրդի պատմական հողեր հռչակելու մասին, որոնց շուրջ նա անիմաստ ու անհեռանկար ճոռոմաբանում է պատեհ, թե անպատեհ։ Այդ մասին քանիցս ենք ասել։ Բայց ահա այդ մտագարության համատեքստում միանգամայն յուրօրինակ հնչերանգ է պարունակում նախագահի թեկնածուներից մեկի՝ Ռազի Նուրուլլաեւի խոստումը, որ նա հնչեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում, թեկնածուների հեռուստատեսային բանավեճի ժամանակ։ Ադրբեջանի այդ չկայացած նախագահը խոստանում էր իր ընտրվելու դեպքում ստանալ միջուկային տերություններից մեկի՝ Պակիստանի աջակցությունը Ղարաբաղի վերադարձման գործում։ Ասել է` երեւի թե ինքն էլ չգիտակցելով, որ կապույտ էկրանների առջեւ բանավեճի ընթացքին հետեւող ադրբեջանական հանրությանն ակամա խոստովանում է իր երկրի ռազմական անզորությունն Արցախի Պաշտպանության բանակի եւ, ընդհանուր առմամբ, հայոց զինված ուժերի հանդեպ։ Այնպես որ, ինչպես տեսնում ենք, հայկական հետքը միանգամայն ակնհայտ էր ու գործուն Ադրբեջանի ապրիլյան ընտրական գործընթացում, եւ վերը նշված ՙպարզվում է՚ արտահայտությունը միանգամայն իրավացիորեն զրկվում է չակերտների մեջ առնվելու շնորհից։
Իսկ ահա չակերտներն ինքնաբերաբար հայտնվում են, երբ Բաքվում տարբեր մակարդակներով հայտարարություններ են հնչում, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ որոշ դիտորդական խմբերի եզրակացություններից հայկական կաշառատվության հոտ է փչում։ Որպես կոնկրետ թիրախ մատնանշվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների բյուրոյի (ԵԱՀԿ ԺՀՄԻԲ), ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ դիտորդների համատեղ հայտարարությունը։ Փաստաթղթում արձանագրված են դիտորդների նկատած մի ամբողջ շարք էական թերություններ ու խախտումներ։ Նախ, նշվում է, որ ընտրություններում չի եղել իրական մրցակցություն՝ իրավունքների սահմանափակման եւ, այդ թվում, մամուլում բազմակարծության բացակայության պայմաններում: Ապա թեկնածուները խուսափել են գործող նախագահին ուղղակիորեն վիճարկելուց կամ նրան քննադատելուց: Ընդ որում, տարբերակում չի դրվել գործող նախագահի քարոզարշավի եւ պաշտոնական գործողությունների միջեւ։ Ընտրությունների օրը նկատվել են պարտադիր ընթացակարգերի զանգվածային անտեսում, թափանցիկության բացակայություն, բազմաթիվ լուրջ խախտումներ, այդ թվում` զանգվածային լցոնումներ: Քվեների հաշվարկի ավելի քան կեսը դիտորդների կողմից գնահատվել է բացասաբար՝ հիմնականում դիտավորյալ կեղծումների եւ ընթացակարգերի ակնհայտ անտեսումների պատճառով: Ընտրություններն անցել են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գերակայության պայմաններում: Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները ոչ մրցունակ միջավայրի եւ ժամանակի ոչ բավարար լինելու պատճառով: Ընդհանուր առմամբ` ընտրարշավն աչքի է ընկել սահմանափակ հանրային մասնակցությամբ: Իշխող կուսակցության ընտրարշավը՝ հանձինս գործող նախագահի, լավ կազմակերպված էր եւ լավ ռեսուրսներ ուներ, իսկ իշխող կուսակցության թեկնածուն ինքն իր համար ընտրարշավ չի կազմակերպել, բայց այցեր է իրականացրել ամբողջ երկրի տարածքում եւ հանդիպել բարձրաստիճան հյուրերի հետ: Մյուս 7 թեկնածուների ընտրարշավները սահմանափակ էին եւ աչքի են ընկել տարածքային կառույցների ու ռեսուրսների բացակայությամբ: Ընդ որում, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Նիլզա դե Սենան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ուշադիր «ծանոթանալ այն հանձնարարականներին, որոնք ԵԱՀԿ ԺՀՄԻԲ-ն կանի իր վերջնական զեկույցում»:
Համատեղ եզրակացության հրապարակման արարողությունը, որ տեղի է ունեցել ընտրությունների հաջորդ օրը՝ ապրիլի 12-ին, ինչպես տեղեկացնում է ՙԿավկազսկի ուզել՚ լրատվամիջոցն իր էլեըտրոնային կայքում, փաստորեն ընդհատվել է մամլո ասուլիսին ներկա գտնված իշխանության կողմնակիցների, արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների եւ իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչների ճիչ ու աղմուկի հետեւանքով, ովքեր դիտորդներին մեղադրում էին կանխակալության մեջ, բնականաբար` նաեւ հայկական կողմնակալության մեջ։ Քանզի առանց հայկական հետքի մատնանշման, ինչպես ավանդույթի տեսքով ընդունված է Բաքվում, Ադրբեջանի հասցեին ոչ մի քննադատություն այլ կերպ չի ընկալվում` անկախ նրանից, թե երկրագնդի որ բեւեռում է այն հնչել։
Առաջիններից մեկը հայկական հետքի կծիկն այդ առնչությամբ փորձել է բացել Ադրբեջանի Միլլի մեջլիսի 1-ին փոխնախագահ Զիաֆաթ Ասկերովը։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվակայքի փոխանցմամբ` նշելով, որ եվրոպացի դիտորդների համատեղ հայտարարությունը լրիվությամբ կազմվել է կանխակալ ու ենթակայական պատկերացումների հիման վրա, նա ասել է բառացիորեն հետեւյալը. »Թղթի այդ կտորի վրա հայտարարությունը կազմված է հակաադրբեջանական ուժերի կողմից՝ հայերի փողերով»։ Նույնը կամ գրեթե նույնը ասել է ԵԱՀԿ ԺՀՄԻԲ օգնական Վուգար Ահմեդովը` հայտարարելով, թե համատեղ հայտարարությունը կազմված էր նախօրոք՝ դեռեւս Եվրոպայում, եւ թե այդ դիտորդական առաքելության անդամներն ընկել են այն մարդկանց ազդեցության տակ, ովքեր հակաադրբեջանական դիրքորոշում ունեն ու ծառայում են հայկական շրջանակների շահերին, ուստի եւ ինքը, որպես բողոքի նշան, հրաժարական է տվել իր զբաղեցրած պաշտոնից։ Եվ քանի որ նրա այդ հայտարարությունը համահունչ է նաեւ գործող նախագահի աշխատակազմի դիրքորոշմանը, որի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը՝ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը, Ռուսաստանի ՙՆովոստի՚ ԼԳ հաղորդմամբ, շեշտել է, թե եվրոպացի դիտորդները որպես զեկույց տարածել են նախապես պատրաստված նյութ, ուստի, անշուշտ, դժվար չէ կռահել, որ պատեհ առիթից ճարպկորեն օգտված այդ հեռատես երիտասարդն անգործ չի մնա Բաքվում։
Միջադեպի հնչած վերջին ակորդն աղմկահարույց եզրակացության հեղինակների՝ եվրոպացի դիտորդների կանչն էր Ադրբեջանի արտգործնախարարություն ու նրանց ներկայացված վճռական բողոքը, ինչի մասին հաղորդագրություն է տարածել այդ գերատեսչության մամլո ծառայությունը։
Սակայն, անկախ այն բանից, թե մեր հարեւանների ընտրական գործընթացում եղել կամ չի եղել հայկական հետքը, ապրիլի 11-ի նախագահական ընտրություններում, որոնք, ըստ հաջորդականության, ութերորդն են եւ առաջին արտահերթը նորանկախ Ադրբեջանում, ընտրազանգվածի քվեների գերակշիռ մեծամասնությունը, վերստին շահեց այդ հանրապետության թվով չորորդ նախագահ Իլհամ Ալիեւը՝ փաստորեն, չորրորդ անգամ ընտրվելով այդ բարձրագույն պաշտոնում։ Այն, ինչը սպասվում էր Ադրբեջանում, անգամ՝ այդ երկրի ընդդիմադիր քաղաքական շրջանակներում եւ ինչը գրեթե միաբերան կանխագուշակում էին քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները։ Ինչպես հայտնի է, առաջին անգամ նա ընտրվել է 2003թ. հոկտեմբերի 15-ին՝ ստանալով ընտրողների քվեների 77 տոկոսը։ Ընդ որում, այդ պաշտոնի համար առաջադրվել էր բավական աղմկահարույց իրադրության մեջ. կրտսեր Ալիեւի նախագահ հայրը՝ Հեյդար Ալիեւը, որ այդ ժամանակ բուժվում էր Անկարայի հիվանդանոցներից մեկում, բայց իրականում արդեն մահացած էր կաթվածից, իբր թե հօգուտ իր իսկ կողմից վարչապետ կարգված որդու հանել էր առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված իր թեկնածությունը։ Ապա ավագ Ալիեւին, բայց դարձյալ՝ իրականում հանգուցյալ նախագահի դիակը, տեղափոխել են Միացյալ Նահանգներ՝ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի կլինիկա՝ որպես թե բուժումները շարունակելու համար, այսպիսով ադրբեջանական հանրությունից թաքցնելով բուն իրողությունն առ այն, որ Իլհամ Ալիեւին վարչապետ նշանակելու եւ հօգուտ որդու իր թեկնածությունը հանելու Ալիեւ-հոր որոշումներն արձանագրած փաստաթղթերը, փաստորեն, կեղծված են։ Իսկ Հեյդար Ալիեւի մահը հայտարարվեց միայն դեկտեմբերի 12-ին, այն ժամանակ, երբ արդեն ավարտվել էր ընտրական գործընթացը, եւ Ալիեւ-որդին բազմած էր հոր թափուր բազկաթոռին։ Հինգ տարի անց՝ 2008-ի հոկտեմբերի 15-ին նա վերընտրվեց նախագահի պաշտոնում՝ ընտրողների 88,73 տոկոս ձայնով։ Բայց քանի որ երկրի Հիմնական օրենքով սահմանված էին նույն անձի համար ընդամենը երկու հաջորդական ընտրություններ, ուստի եւ 2009թ. մարտին անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, համաձայն որոնց չեղարկվեց այն իրավական սահմանափակումը, ինչը նրան հնարավորություն ընձեռեց երրորդ անգամ առաջադրվել 2013-ին եւ ձայների 84,55 տոկոսով հաղթել հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններում։ Իսկ ահա տարիներ անց՝ 2016-ի սեպտեմբերին անցկացված հերթական սահմանադրական հանրաքվեով ամրագրվեց նախագահի լիազորությունների նոր ժամկետ՝ նախկին 5-ի փոխարեն` 7 տարի, ինչը նրան՝ չորրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո, հնարավորություն է տալիս երկիրը կառավարել մինչեւ 2025թ։
Ուշագրավ է, որ բոլոր այդ ընտրությունների դիտարկման արդյունքների հիման վրա էլ ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԲ-ի դիտորդական առաքելությունները, ինչպես նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել են բացասական եզրակացություններ՝ ամեն անգամ հարուցելով Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունն ու զայրույթը, որոնց մեջ, սակայն, որքան ներում է հիշողությունս, հայկական կաշառատվության մասին ակնարկ անգամ կարծես թե չկար։ Թեկուզ հայկական հետքն այդ ընտրություններում, ինչպես եւ դրանց միջանկյալ ժամանակներում մշտապես է տիրում Ադրբեջանի դիմադիր-ընդդիմադիր քարոզչության տիրույթում՝ հանձին դարձյալ Բաքվի իշխանությունների սադրիչ եզրաբանությամբ ասած, «հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության», իրականում՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության կապակցությամբ։
Թող զավեշտ չթվա, եթե խոսքս ավարտեմ ադրբեջանական լրահոսից քաղված այս միջադեպով։ Պարզվում է, որ Իլհամ Ալիեւի մրցակիցներից մեկը՝ Հաֆիզ Հաջիեւը, մասնակցելով քվեարկությանը, լրագրողներին հպարտությամբ հայտարարել է, որ իր քվեն տվել է Իլհամ Ալիեւի թեկնածությանը։ Ըստ որում, պարզվում է, նախագահի թեկնածու Հաջիեւի մայրը նույնպես քվեարկել է ոչ թե հարազատ որդու, այլ գործող նախագահի օգտին։
Ահա այս է ադրբեջանական իրականությունը եւ այդպիսին է այդ երկրի հանրությունը՝ ադրբեջանական ժողովուրդը։ Երեւի թե ճիշտ են ասել անցյալի իմաստունները՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իսկ ընտրած իշխանությանը։
Միքայել Հաջյան